ԽՈՒՃՈՒՃԸ «ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ» Կապի եւ տրանսպորտի նախարար Էդ. Մադաթյանի բացակայությունը հանրապետությունից տարբեր խոսակցությունների առիթ է տալիս։ Ոմանք ասում են, որ նախարարը հիվանդ է եւ մեկնել է բուժվելու, ոմանք էլ պնդում են, թե նա պարզապես փախել է հանրապետությունից։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից, կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հրաչ Թումանյանին խնդրեցինք պատասխանել այնքան տարբեր պատասխաններ ունեցող հարցին. «Որտե՞ղ է Էդվարդ Մադաթյանը եւ ե՞րբ կվերադառնա»։ Պարոն Թումանյանը այսպես պատասխանեց. «Ես ցավում եմ, որ մեր նախարարը հիվանդության պատճառով չի գտնվում հանրապետությունում։ Բոլորդ շատ լավ գիտեք, շուրջ մեկ ամիս է, մի քիչ էլ ավելի, նախարարը շատ լուրջ հիվանդ է եւ հիվանդության պատճառով այսօր էլ գտնվում է արտերկրում, բուժման մեջ է, բայց երեկվա տվյալներով (ես նրա հետ հեռախոսազրույց եմ ունեցել), մոտ օրերս կժամանի Երեւան»։ Քանի որ պտտվող լուրերից սկսեցինք, թեման շարունակելով ասենք, որ վերջին շրջանում լուրեր են պտտվում այն մասին, որ նախարար Էդ. Մադաթյանը վերջին բանակցությունների ընթացքում պաշտպանել է ոչ թե Հայաստանի, այլ «Էլինետ» ՍՊԸ-ի շահերը, որի բաժնետերն է ինքը։ Ասուլիսի ժամանակ փոխնախարար Հրաչ Թումանյանը, պատասխանելով նաեւ մեր այս հարցին, ասաց. «Պարզաբանեմ. ըստ փաստացի տվյալների, «ԱրմենՏելը» Հայաստանում ունի 59 օպերատորներ, հայկական 59 օպերատորներ, ովքեր աշխատում են «ԱրմենՏելի» լիցենզիաներով։ Դեկտեմբերի 31-ին այդ բոլոր 59 կազմակերպությունների լիցենզիաների ժամկետն ավարտվում է։ «ԱրմենՏելը» 59 օպերատորներին գրավոր հիշեցում է ուղարկել լիցենզավորման ժամկետի լրանալու մասին եւ հայտնել է, որ դրանից հետո պայմանագիրն այլեւս չի շարունակվելու, լիցենզիա չի հատկացվելու։ Ստացվում է, որ 59 կազմակերպությունները, որտեղ մի քանի հազար մարդ է աշխատում, պետք է զրկվեն իրենց աշխատավարձից։ Այս կազմակերպություններից մեկն էլ, երեւի թե ամենախոշորը, «Էլինետն» է։ Օպերատորները բազմաթիվ դիմումներ են հղել նախարարություն, խնդրելով, որ նախարարությունը միջամտի, որ «ԱրմենՏելը» շարունակի իրենց պայմանագիրը եւ լիցենզիա տա նաեւ 2001 թվականի համար։ Նախարարությունը դիմել է Հայաստանում «ԱրմենՏելի» ղեկավարությանը, վերջինս պատասխանել է, որ հարցը պետք է լուծի OTE-ի ղեկավարությունը եւ հարցը պետք է բանակցությունների ժամանակ բարձրացնել։ Ինչը եւ արել է մեր պատվիրակությունը Հունաստանում։ Բայց այսօր, չգիտես ինչու, հարցն այլ կերպ է մեկնաբանվում, իբրեւ թե նախարարն իր անձնական շահերն է հետապնդում։ Ոչ, սա վերաբերում է 59 կազմակերպություններին»։ Պարոն Թումանյանը պարզաբանեց նաեւ, թե ինչու է հարցը բարձրացվել. «Բոլորս գիտենք, որ ՀՀ նախագահը խոստացել է գարնանը 40 հազար աշխատատեղ ավելացնել։ Այսօր մի քանի հազար աշխատատեղ պակասեցնելով, հարցին լուծում չի տրվում, ընդհակառակը, պետք է պահպանել եղած աշխատատեղերը, որ կատարվի նաեւ 40 հազարի խոստումը»։ «Հայկական ժամանակի» «Բայց չէ՞ որ բանակցություններն իրականում տապալվեցին» կարճ հարցին փոխնախարարը շատ երկար-բարակ պատասխան տվեց. «Դեռեւս 2000թ. օգոստոսին հուշագիր է ստորագրվել արդարադատության նախարար պարոն Հարությունյանի եւ OTE-ի նախագահի միջեւ, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ հոկտեմբեր ստորագրել վերջնական պայմանագիրը։ Սրանից հետո OTE-ի ղեկավարությունը համաձայնագրի մի օրինակ է ուղարկում իր հարցադրումներով։ Նախարարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով՝ հանրապետության բարձրակարգ մասնագետներից կազմված, որը ուսումնասիրում է OTE-ի ուղարկած փաստաթուղթը եւ իր առաջարկություններն է ներկայացնում»։ Նախարարը բանակցությունների ընթացքում ներկայացնում է հենց այս հանձնաժողովի կարծիքը։ Միայն մեկ օրինակ ներկայացնենք՝ OTE-ի առաջարկներից մեկն այն էր, որ, ասենք, տնօրենների խորհրդի աշխատանքային լեզուն պետք է լինի անգլերենը։ Հանձնաժողովը սրա փոխարեն առաջարկում է լեզուն՝ հայերեն, թարգմանությունը՝ անգլերեն։ Մեր կողմի առաջարկներից մեկն էլ եղել է գյուղական շրջանների կապի բարելավման մասին. «Ստացվում է, որ մեր հարցադրումները եթե չեն ընդունվում, ուրեմն մենք բանակցությունները տապալո՞ւմ ենք։ Այսպես չէ, բանակցություններն այսօր էլ շարունակվում են, բանակցությունների տապալում մենք չենք ակնկալում, քանի որ ամբողջ պրոցեսը գնացել է հայ մասնագետների մասնագիտական եզրակացություններով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ