Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 23,2000 00:00

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼՌԵԼ Ինչքան էլ տարբեր են Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները, նրանք որոշ ընդհանրություններ ունեն։ Ասենք, երկուսն էլ համառ են՝ առաջինը մուսալեռցու, երկրորդը՝ ղարաբաղցու բնույթով։ Վերջերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե նախագահ չլինելու պարագայում հեռանալու է քաղաքականությունից, որ հաջորդներին չխանգարի։ Եվ այս էլ երրորդ տարին նույն սկզբունքով է առաջնորդվում Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Լրագրողներն ամեն անգամ համոզվում են, թե զուր են իրենց ջանքերը՝ պարզել, թե ինչ դիրքորոշում ունի ընթացիկ քաղաքականության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահը։ Ահա երեկ էլ ՀՀՇ 12-րդ համագումար այցելած Լեւոն Տեր-Պետրոսյանը խուսափեց գնահատել Աշոտ Բլեյանին 7 տարվա ազատազկման դատապարտելու փաստը՝ ասելով, թե լրագրողները լավ էլ գնահատում են՝ ինքը որեւէ օրիգինալ բան չի կարող ասել։ «Առավոտից» հետո մի փորձ էլ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը ձեռնարկեց. «Մտադիր չե՞ք գոնե մասնակիորեն վերադառնալ քաղաքականություն, այսինքն՝ արձագանքել այս կամ այն իրադարձություններին» հարցին ի պատասխան հնչեց. «Դուք ինձնից լավ եք արձագանքում»։ «Բայց Ձեր տեսակետն ավելի կարեւոր եւ ծանրակշիռ կլինի մարդկանց համար»,- փորձեց սիրաշահել լրագրողը։ «Չե՛մ հավատում»,- չսիրաշահվեց նախկին նախագահը։ Հետո փորձեցինք պարզել, թե այսօր էլ ճի՞շտ է համարում, որ հոկտեմբերի 27-ից հետո կոչ արեց համախմբվել նախագահ Քոչարյանի շուրջ (մանավանդ որ այդ կոչը չգնահատվեց էլ՝ դրանից դեռ շատ հետո իշխանամետները լարվածության պատճառ էին ներկայացնում նախկինների դավերը)։ Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտեց. «Ես հարցազրույց չեմ տա՛-լի՛ս»։ Լրագրողական համառությամբ շարունակում էինք հարցեր տալ։ Ալեքսանդր Արզումանյանն իր զեկուցման մեջ կարեւորել էր, որ մինչեւ ընտրությունները ստվերային կառավարության կազմ հրապարակվի, որ պարզ դառնա, թե ՀՀՇ-ին ձայն տալով՝ ո՞ւմ են ընտրում։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք պրն Տեր-Պետրոսյանը մաս կազմելո՞ւ է այդ կաբինետին։ «Նայած թե ինչ պաշտոն կառաջարկեն»,- ծիծաղեց նախկին նախագահը։ Անցած տարի Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնել էր, թե գիրք է գրում՝ «Խաչակիրները եւ հայերը» եւ խոստացել, որ հարցազրույց կտա այդ գրքի շնորհանդեսին։ Հարցրինք, թե գիրքը չի՞ ավարտվել. «Շարունակում եմ գրել։ Դա 10 տարվա գործ է»։ Ըստ այդմ, ՀՀ առաջին նախագահը կխոսի 10 տարի հետո։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել