Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 23,2000 00:00

ՀՀՇ-Ի ԱՆՎԱՆՈՒՄԸ ՉՓՈԽՎԵՑ Եթե ՀՀՇ-ի իշխանության օրոք պետական ու քաղաքական զանազան այրեր, ըստ Հովհաննես Իգիթյանի, հերթ էին կանգնում կուսակցության համաժողովների հրավիրատոմսը ձեռք գցելու համար, երեկ խորհրդարանական կուսակցություններից եւ պաշտոնյաներից որեւէ մեկը ներկա չէր ՀՀՇ-ի 12-րդ համագումարին։ Ինչպես օձը դաղձից՝ այնպես էլ նրանք են այժմ փախչում ՀՀՇ անվանումից անգամ։ «ՀՀՇ-ին այսօրվա հայհոյողները երեկ իշխանությունների ոտքի տակ քարշ եկողներն են,- իր ելույթում ասաց ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը։- Եվ ինչ չափով այժմ հայհոյում են՝ նույն չափով էլ նախկինում քծնում էին»։ Ե՛վ նա, ե՛ւ շատերը խոստովանում էին, որ նախկինների սխալը նման քծնողներին տեղ տալն էր։ ՀՀՇ փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանն իր զեկուցման մեջ նշեց, թե կուսակցությունն ուղղակի կարիք ուներ «ազատվել իշխող կազմակերպության համար անխուսափելի ուղեկից պատեհապաշտների մեծ բանակից»։ Եվս մի հանգամանքի վրա ուշադրություն դարձրեց պրն Արզումանյանը, որ այժմ «ազնիվ, հայրենասեր, նույնիսկ խելացի երեւալու նախապայմաններից կարեւորագույնն ու պարտադիրը ՀՀՇ-ին հայհոյելն է։ Եվ մեզ մնում էր միայն ապշել, թե ինչ համընդհանուր խանդավառությամբ ենք զզվում մեր անցյալից»։ Եվ սա այն պայմաններում, երբ ՀՀՇ-ն «Հայրենիքն ազատագրած եւ անկախությունը վերականգնած քաղաքական կազմակերպություն» է։ Մյուս թեման, որ դարձյալ կրկնվում էր համագումարի առաջին օրվա գրեթե բոլոր ելույթներում՝ աջ ուժերի միավորման անհրաժեշտությունն էր։ Հռետորներն ասում էին, թե ազատականները պետք է հանդես գան որպես մեկ քաղաքական ուժ, իրենց մեջ ուժ գտնեն հաղթահարելու «լիդերախտությունը» (ձեւակերպումն ըստ Երջանիկ Աբգարյանի), հավակնություններն ու իրար չսիրելը։ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանն անգամ առաջարկեց, որ բոլոր աջ ուժերը ինքնալուծարվեն եւ անհատական անդամագրությամբ կազմեն մի կուսակցություն. «Մնացած կոչերը ձեւականություն են»։ ՀՀՇ վարչության անդամ Սարգիս Թամազյանը ելույթ ունեցողներից միակն էր, որ անդրադարձավ կուսակցության ներքին խնդիրներին։ Այն է, որ վարչության անդամների մեծ մասն իրենց հավակնությունների պատճառով չեն մասնակցել վարչության աշխատանքներին։ Համագումարին ներկա էին Բաբկեն Արարքցյանը, Տեր Հուսիկ Լազարյանը եւ ՀՀՇ-ից թավշյա եղանակով դուրս եկած այլ «Արմատ»-ականներ։ Բոլորը հավաստիացնում էին, թե ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա վարչությունում նրանց վերընտրվելու վերաբերյալ։ Համագումարում հնչած քաղաքական գնահատականները՝ ե՛ւ սեփական գործունեության, ե՛ւ ներկա իշխանությունների հասցեին, հայտնի են, երեք տարի է, ինչ կրկնվում են։ Ուստի այստեղ պիտի վերջակետ դնեինք, եթե ՀՀՇ-ի կանոնադրության եւ ծրագրի նոր խմբագրության ընդունումից հետո, ժ. 17-ի մոտերքը ամբիոն չբարձրանար Շահեն Պետրոսյանը եւ չառաջարկեր փոխել ՀՀՇ-ի անունը. «Երեւի ժամանակն է, որ մենք կամաց-կամաց ազատվենք այս կարծրացած, հավակնոտ՝ Հայոց Համազգային Շարժում անվանումից»։ Նա առավել հարմար էր նկատում «Ազատական կուսակցություն» անվանումը՝ փակագծում նշելով ՀՀՇ-ն։ Ըստ Շահեն Պետրոսյանի, այս անվանափոխությունից հետո «իրոք պատմական» կդառնար այս համագումարը։ Վերջինիս մինչ այդ բավական տաղտկալի ընթացքը կտրուկ փոխվեց։ Սուր ելույթները սկսեցին հաջորդել մեկը մյուսին։ «Արժեքներ կան, որոնք փոփոխման ենթակա չեն,- հայտարարեց Արարատ Զուրաբյանը։- Անվանափոխությունը նման է նրան, որ մարդն իր կյանքի ճանապարհն անցնի, հետո ընթացքում մեկ էլ որոշի, որ իր անունը փոխելու, ուրիշ մարդ է դառնալու»։ Առաջարկի հեղինակը տեղից արձագանքեց, որ եթե իր ազգանունը Պետրոսով լիներ՝ ինքը կփոխեր Պետրոսյանի։ «Ես համոզված եմ՝ դու ավելի շատ կուզենայիր Տեր-Պետրոսյան լինել, բայց Պետրոսյան ես, չես կարող»,- Արարատ Զուրաբյանի այս հակադարձ ռեպլիկը ծափերով ու քրքիջով ընդունվեց։ «Եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, թե անունը փոխելով կարելի է ռեաբիլիտացիա անել՝ ինձ թվում է, հակառակն է»,- Հովհաննես Իգիթյանը ՀՀՇ-ի անունն այժմ փոխելը «կապիտուլյացիայի նման մի բան» էր համարում։ «Ես համոզված եմ, որ կուսակցության անվանափոխության խնդիրն օրակարգի մեջ է,- ՀՀՇ վարչության անդամ Տիգրան Հակոբյանն իր տեսակետն այսպես փաստարկեց։- ՀՀՇ-ն՝ որպես 1988-ին ծնված շարժում, իր պատմական առաքելությունն ավարտել է։ Այլեւս որեւէ խնդիր չկա, որը համազգային շարժումը չի լուծել։ Դա ե՛ւ Ղարաբաղի խնդիրն է, ե՛ւ պետականության կերտումը, ե՛ւ բանակի ստեղծումը՝ այն ամենը, ինչի մասին մենք այս 10 տարին խոսում ենք։ Այսօր եկել է ժամանակը նորմալ կուսակցական աշխատանքի։ Չի՛ կարող ազատականության գաղափարի վրա հիմնված կուսակցությունը լինել համաժողովրդական՝ մենք խաբում ենք ե՛ւ մեզ, ե՛ւ ժողովրդին… Այո, մենք կլինենք ՀՀՇ-ի իրավաժառանգորդը, բայց շարժումն այլեւս սպառե՛լ է իրեն։ Շարժումն արդեն մահացա՛ծ է»։ Սարգիս Թամազյանը հիշեցրեց, որ ժամանակին ՀՀՇ էին ԱԺՄ-ն, «Հայրենիքը», «21-րդ դարը», «Ազատությունը», երկրապահները։ ՀՀՇ-ի գաղափարները կատարող էին շատ նախարարներ, պետական ապարատի մեծ մասը։ «Հիմա մնացել ենք մենք այդ բոլորից։ Եվ բոլորի տեղը կրում ենք այդ անվան ե՛ւ բացասական, ե՛ւ դրական հետեւանքները»։ Երջանիկ Աբգարյանը համարում էր, որ կուսակցության անվանափոխության ժամանակը «դեռ չի հասունացել»։ Նա առաջարկեց անդրադառնալ այդ հարցին, երբ կուսակցությունը կուժեղանա։ Հիշեցնենք, որ ՀՀՇ-ի անունը փոխելու գործընթացը դեռ 1998-ին նախաձեռնել էր Վանո Սիրադեղյանը։ Վարչությունն անգամ ընդունել էր որոշում՝ «Երրորդ հանրապետության» վերանվանվելու վերաբերյալ, բայց հարցը մնաց առկախ։ …Համագումարի 410 պատվիրակներից այդ պահին ներկա էին 323-ը։ Նրանցից ընդամենը 22-ը «կողմ» քվեարկեց անվանափոխությանը։ Շահեն Պետրոսյանը նախապես ասել էր. «Եթե այսօր 10 հոգի գոնե կողմ քվեարկի՝ մենք մի տարի հետո պատրաստ կլինենք եւ կամաց-կամաց կսկսենք այս գործընթացը՝ իրար համոզելով»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել