Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 22,2000 00:00

Քաղաքը նմանվել է ծերանոցի Վերջերս Ախալցխայից վերադարձավ «Ակունք» ազատագրական ակումբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը, որին երեկ խնդրեցինք տալ այնտեղ ընթացող հասարակական-քաղաքական գործընթացների իրավիճակային գնահատականը, ինչպես եւ որոշել ելքը՝ հայաշունչ քաղաքը դիմազրկումից փրկելու համար։ – Դարերի ընթացքում առաջին անգամ է, որ Ախալցխայի բնակչության մեծամասնությունը հայեր չեն։ Եվ համոզվելու համար ընդամենը կարելի է հետեւել տարբեր ժամանակներում բազմազան աղբյուրների կողմից ներկայացվող դեմոգրաֆիական վիճակագրությանը։ Ըստ ռուսական «Օբզոր» հանդեսի 1878թ. օգոստոսի 21-ի թիվ 22-ում տպագրված տվյալների, Ախալցխայի մշտական բնակիչների վիճակագրությունը 1873-ին եղել է. հայեր՝ 10702, ընդհանուր թիվը՝ 13265։ Ըստ «Հայկական հանրագիտարանի», 1893թ. Ախալցխայում եղել է 15000 բնակիչ, որից 12495-ը՝ հայ։ 1900թ. 16.113 բնակչից 13000-ը հայ է եղել։ Անկախացումից հետո, սակայն, քաղաքի հայ բնակչության մեծամասնությունը վաղուց արդեն Ռուսաստանում է կամ այլ երկրներում, իսկ հայկական գյուղերը սկսել են նմանվել ծերանոցների։ Դարասկզբին Ախալցխայում գործող հայկական 9 եկեղեցիներից (6-ը առաքելական էր) այսօր գործում է միայն մեկը, ամենաանշուքը, որը ճարտարապետական առումով նման չէ եկեղեցու եւ ոչնչով չի տարբերվում սովորական տնից։ Փոխարենը 19-րդ դարի հոյակերտ Ս. Նշան եկեղեցին (որը գտնվում է քաղաքի ամենագեղատեսիլ բլրի վրա) վրաց իշխանությունների կողմից չի թույլատրվում վերաբացել։ Ներկայումս գործում է 1 հայկական դպրոց՝ դարասկզբի 9-ի փոխարեն, որոնցից մեկը՝ Կարապետյան վարժարանը, Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանից հետո երկրորդն էր Անդրկովկասում։ Տեղեկացնեմ նաեւ, որ այսօր գործում է վրացական 4-5 դպրոց, այն դեպքում, երբ դարասկզբին, հայկական դպրոցներից բացի, ոչ մի այլ դպրոց այնտեղ չի գործել։ Հայաստանի կառավարությունը Վրաստանի հոսանքազրկված հայկական շրջաններին էլեկտրական սնուցում ապահովելու մտադրությամբ սկսել է նոր գիծ անցկացնել։ Ցավոք, Ախալցխան կշարունակի խարխափել մթության մեջ։ Կսնուցվի միայն Ախալքալաքը։ Ախալցխայում գտնվելուս օրերին իմացա, որ այնտեղից շուրջ 2 տասնյակ ընտանիք է վերաբնակեցվել Ֆիզուլու շրջանի Ղազար գյուղ։ Ո՞րն է ելքը այս իրադրությունից դուրս գալու, ինչպե՞ս կարելի է հայաշունչ քաղաքը փրկել դիմազրկումից։ Ախալցխայի հայաթափության կանխման գրավականը տնտեսական բարենպաստ պայմաններ ստեղծելն է, մինի գործարանների շահագործումն ու աշխատատեղերի բացումը։ Չի կարելի անտարբերությամբ, ինչու չէ, նաեւ մեր լռելյայն աջակցությամբ ավերել բազում հանճարներ՝ Հ. Մանանդյան, Ս. Մալխասյան, Բ. եւ Վ. Ֆանարջյաններ, Հ. Ղանալանյան, Վ. Սուրենյանց, Հ. Կոջոյան, Լ. Զաքարյան… ծնած բնօրրանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել