Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 22,2000 00:00

«Ինչո՞ւ Հունաստանի օրենքները չեն գործում Հայաստանում» Օրերս «Առավոտը» նամակ էր ստացել «ԱրմենՏելի» նախկին աշխատակից Հելս Հարությունյանից, որը ցնցող նախաբան ուներ. «Կարո՞ղ եմ ես՝ հասարակ մահկանացուս, դատի տալ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, որովհետեւ նա իմ կյանքի կրճատման պատճառ դարձավ։ Եթե այդպիսի բան լինի, ապա անպայման կպարտվեմ, որովհետեւ ես փող չունեմ, ոչ էլ դիրք»։ Պրն Հարությունյանը ՀՀ նախագահին մեղադրում է «Երեւանի հեռախոսային ցանցը վաճառելու, Դավիթ Վարդանյանին մինիստր նշանակելով՝ բերանը փակելու, հեռախոսային ցանցը ֆիզիկապես եւ հոգեպես ծախելու մեջ»։ Սակայն Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեղադրանքները նամակի ընդամենը «ժուռնալն» են, հիմնական մեղադրանքներն առնչվում էին «ԱրմենՏելի» գլխավոր վարչական տնօրեն Գագիկ Մկրտչյանին. «Նա, բառիս բուն իմաստով, ղեկավարում է հույն տնօրենների օրվա ռեժիմը։ Եթե ես նամակ եմ գրում, պատասխանը գրում է Մկրտչյանը՝ այն էլ լկտի ստով։ Խորամանկելով առանձնացրեց պրոֆմիությունը» եւ այլն… Եվ միայն նամակի վերջում ենք ընկալում պրն Հարությունյանի բողոքի էությունը. «Ինչո՞ւ ես չպետք է աշխատեմ մինչեւ 65 տարեկան, քանի որ Հունաստանում թոշակի են գնում 65 տարեկանից։ Պահանջում եմ վերականգնում»։ «Առավոտը» չէր կարող այս մեղադրանքները տպագրել առանց լսելու Գ. Մկրտչյանի պարզաբանումները։ Պրն Մկրտչյանի մոտ առանձին թղթապանակ կար՝ «Հելս Հարությունյան» վերնագրով, որի մեջ բազմաթիվ փաստաթղթեր կային։ Դրանք ապացուցում էին Հելս Հարությունյանի մեղադրանքների, մեղմ ասած, անհիմն լինելը։ Առաջին մեղադրանքին («Մկրտչյանի գալուն պես ստիպեցին բոլոր աշխատողներին գրել դիմում, որ իրենց Հեռախոսային ցանց հիմնարկությունից խնդրում են ազատել եւ ընդունվել «ԱրմենՏել») ի պատասխան՝ գլխավոր վարչական տնօրենը ներկայացրեց կապի նախարարի 4.07.96թ. թիվ 27 եւ «Երեւանի հեռախոսային ցանց» ՊՁ վերջին՝ թիվ 187 (15.07.96թ.) հրամանները, որոնց համաձայն (եւ առաջնորդվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 36 եւ 28 հոդվածներով) քաղաքային հեռախոսացանցը լուծարվել է, բոլոր աշխատակիցները համարվել են աշխատանքից ազատված, եւ ապա, նոր հրամանով նրանք դարձել են «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներ՝ պահպանելով իրենց պաշտոնն ու աշխատավարձը։ Հելսիկ Հարությունյանն էլ, մնացած բոլորի նման, աշխատել է ընդհուպ մինչեւ 2000թ. մայիս ամիսը։ Ընդ որում, ինչպես պնդում էր Գ. Մկրտչյանը, պրն Հելսիկը դեռ 99թ. հոկտեմբերից պիտի ուղարկվեր թոշակի (հասել էր կենսաթոշակային տարիքի), սակայն, ընդառաջել են եւ պայմանագրային կարգով թույլ են տվել եւս 6-8 ամիս աշխատել։ Գ. Մկրտչյանը տեղեկացրեց նաեւ, որ «ԱրմենՏելի» բաժնետերերի պահանջով, որն իրենք չեն կարող չկատարել, ընկերությունում գնում է երիտասարդացման պրոցես, քանի որ նոր տեխնոլոգիաներ են ներդրվում. «Այսօրվա դրությամբ մեզ մոտ ոչ մի 37թ. ծնված աշխատող չկա»։ Հաջորդ մեղադրանքը, ըստ որի Գ. Մկրտչյանը խոչընդոտում է իր մուտքը Ի. Լամբրիոնիսի մոտ եւ վերջինիս ուղարկված նամակներին ինքն է պատասխանում, պրն Մկրտչյանը նույնպես հերքում էր, վկայակոչելով Լամբրիոնիսի ստորագրությամբ պատասխանները, նաեւ՝ Հելս Հարությունյանի՝ անգլերեն թարգմանված եւ Լամբրիոնիսի «Ուղարկել թղթապանակ» վերտառությամբ նամակը։ Սակայն Գ. Մկրտչյանին ամենից ավելի վիրավորել էր Հ. Հարությունյանի «ոմն հեռացված դատավոր Շահումյանի շրջանից» որակումը, որին ի պատասխան նա բացատրեց, որ 96-ին լրացրել էր դատավարության ժամկետը, եւ իրեն ոչ ոք ոչ մի տեղից չի հեռացրել։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել