Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 22,2000 00:00

Ամերիկահայությունը ողողված է ռաբիսով Դա են փաստել Հայաստանի պետական նվագախմբի արտիստները, որոնք, ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 12-ից դեկտեմբերի 12-ը գտնվում էին Լոս Անջելեսում: Երեկ Ժուռնալիստների տանը կայացավ մամլո ասուլիս, որին ներկա էին նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արմեն Մարտիրոսյանը, երաժշտական ղեկավար, սաքսաֆոնահար Արմեն Հյուսնունցը, պրոդյուսեր Արթուր Ասատրյանը, նվագախմբից մի քանի երաժիշտներ, ինչպես նաեւ Ալլա Լեւոնյանը։ Ի դեպ, ջազային նվագախմբի հետ ԱՄՆ-ում ելույթ են ունեցել Շուշան Պետրոսյանը, Գեորգի Մինասյանը, Հայկոն, Միքայել Պողոսյանը, Նադեժդա Սարգսյանը եւ այլք։ Ալլա Լեւոնյանն, իմիջիայլոց, ԱՄՆ-ում հասցրեց թողարկել իր առաջին ձայնասկավառակը եւ ունենալ 4 մենահամերգ (150 հոգանոց դահլիճում)։ Մեկ մենահամերգ ունեցավ նաեւ Շ. Պետրոսյանը։ Մասնակիցների ընդհանուր թիվը 40 էր. 25-ը՝ նվագախմբի երաժիշտները եւ 15 մենակատար, վերջիններիս թվում էին 7 ամերիկահայ երգիչներ։ Նշվեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում սա Էռնա Յուզբաշյանի առաջին համերգն էր մեծ բեմի վրա։ Մինչ այդ նա երգում էր միայն ռեստորաններում։ Պրն Ասատրյանի խոսքերով, երգչուհին ցանկություն է հայտնել մոտ ապագայում համերգներով հանդես գալ նաեւ Հայաստանում։ Խոսելով ամերիկահայ արվեստի մասին, Ա. Ասատրյանը ցավով նշեց, որ այն գնում է դեպի անդունդ։ Իսկ Արմեն Մարտիրոսյանն ավելացրեց, որ այդ անկումը պայմանավորված է ռաբիս երաժշտության գերիշխող դիրքով։ Երգարվեստն անկում է ապրում, որովհետեւ այն, ինչ ներկայացվում է ամերիկահայերին եւ վայելում նրանց հավանությունը՝ թուրքական, պարսկական, արաբական երաժշտության սինթեզ է, որը մատուցվում է որպես հայ արվեստ։ Նույնիսկ «Armenian music awards» մրցանակաբաշխությանը, որն արդեն 3-րդ անգամ է անցկացվում եւ մոտավորապես «Գրեմիի» հայկական տարբերակն է, մրցանակներ էին ստացել պարսկահայ ռաբիս երգիչներ, պորտապարողներ… «Քանի որ շատ էինք լսել ամերիկահայ հանդիսատեսի ճաշակի մասին, որը տաշ-տուշի վրա է դաստիարակվել,- նշեց պրն Ասատրյանը,- որոշեցինք շատ լուրջ, հետաքրքիր ջազային ստեղծագործությամբ հանդես չգալ, մեզ կարող էին չընդունել, այլ ընտրեցինք պոպուլյար հայկական էստրադային երգեր (Օրբելյան, Բաբաջանյան…)»։ Ի դեպ, համեմատելով հայստանաբնակներին եւ ամերիկահայերին, նվագախմբի տղաները միաձայն հաստատեցին, որ առաջիններն ավելի քաղաքակրթված են եւ օժտված երաժշտական ավելի բարձր ճաշակով։ Չնայած Հայաստանում նման համերգ կազմակերպելու վերաբերյալ ոչ մի ճշգրիտ եւ հաստատ բան չասվեց, Հայաստանի պետական ջազային նվագախմբի ապագա ծրագրերը բավական հուսադրող էին՝ մասնակցել Ֆրանսիայում ամռանը կայանալիք ջազ փառատոնին, մեկ տարի հետո կրկին ելույթ ունենալ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ կա նախագիծ հայտնի ջազմեն Չիկ Կորեայի հետ ելույթ ունենալու, որն առաջարկել էր ինքը՝ ջազմենը, մեկ տարի առաջ, Հայաստանում։ Արմեն Մարտիրոսյանի նվագախմբի վերաբերյալ նա շատ գովասանքի խոսքեր էր ասել այն ժամանակ եւ նույնը կրկնել Լոս Անջելեսի ջազ ակումբներից մեկում, ուր վերջիններս մեկ ելույթ էին ունեցել։ Պրն Ասատրյանը իր եւ համերգին մասնակցող բոլորի կողմից շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանին եւ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանին՝ աջակցության եւ օգնության համար։ ԼԻԼԻԹ ԲԵԿՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել