Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 22,2000 00:00

ԱՅԺՄ «ՄՈՒԿԻԿ»-ՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ Է Ռուբեն Մարուխյանը ՊԵՆ-ի (Պոեզիա, էսսե, նովել)՝ գրողների միջազգային ընկերության հայկական կենտրոնի 2000թ. մրցանակակիրն է. շահել է լավագույն նովելի համար սահմանված մրցանակը։ – Ի՞նչն է Ձեզ գրող դարձրել։ – Չէ, գրող չասենք, արձակ է, ռեժիսուրա է, թե դրամատուրգիա՝ նշան չունի, ուղղակի ասենք՝ արվեստագետ։ Մանկության մի օրն է մարդուն այդպիսին դարձնում։ Երեխան տեսնում է մի հրաշք, ասենք, հավը ոնց ձու ածեց, եւ… – Բա ո՞վ համարի իրեն գրող, ի՞նչ եք կարծում։ – Չգիտեմ։ Երեւի նա, ով պիտի մնա պատմության մեջ։ Գրականությունը անսահման է։ – Որտեղի՞ց եք գալիս Դուք, Ձեր գերդաստանը։ Մարուխյան ազգանունը ինձ հիշեցնում է դաշնակցության առաջնորդներից մեկին։ – Հրայր Մարուխյանը իմ հորեղբորորդին է։ Մերոնք գաղթել են 18 թվին, իմ պապի եղբայրը Հին Բայազետում ռուսական հյուպատոսի թարգմանիչ-քարտուղարն էր, 14 տարեկան հայրս եւ տասնվեց տարեկան հորեղբայրս արդեն դաշնակցական էին եւ կռվում էին։ Ես ծնվել եմ Երեւանում, 34 թվին, դաստիարակվել եմ ազգային-ազատագրական երգերի մեջ, պապիս՝ «էրգրի» կարոտի մեջ։ Մայրս հույն էր, լավ երգում էր: Նոր գրաճանաչ էի դարձել, հայրս ռազմաճակատում էր, ես իրեն բանաստեղծական նամակներ էի գրում։ Իմ մանկությունը զարմանալի գեղեցիկ է եղել, պատերազմի տարիներն էին, տխուր ու զարմանալի։ Առաջին պատմվածքներս տպագրվել են 1955-ից. այդ տարիներին ես աշխատում էի կինոստուդիայում։ Առաջին վիպակս կոչվում էր «Ինչպես են ծաղկել ծառերը», որը պատերազմի ժամանակներում վեց-յոթ տարեկանից «տղամարդ» դարձած տղաների մասին է։ Այդ վիպակը ե՛ւ հեռուստատեսությամբ բեմադրվեց, ե՛ւ ռադիոհաղորդում եղավ։ – Ձեր գրքերից մի քանիսը մանուկների համար է, մանկական պիեսներ են, որոնք Դուք բեմադրել եք։ Ինչպիսի՞ն պետք է լինել՝ մանուկների համար ստեղծելու համար։ – Ես տիկնիկային թատրոնում աշխատել եմ քսանութ տարի. ութ տարի թատրոնի տնօրեն եւ գեղ. ղեկավար, երկու տարի էլ աշխատել եմ Մոսկվայում՝ Օբրազցովի հետ։ Երեխաների հետ պետք է անկեղծ լինես ու մաքուր մարդ լինես։ – Ի՞նչ գեղեցիկ հուշ է մնացել Ձեր մեջ մանկությունից։ – Մի զարմանալի հանդիպում կա իմ մեջ տպավորված՝ Իսահակյանի հետ կապված։ Պատերազմի թվին հայրս Ծաղկաձորում դարբնոց ուներ, մենք էլ ընտանիքով այնտեղ էինք։ Մի օր հայրիկիս մոտ՝ դարբնոց, մի ծեր, ձեռնափայտով մարդ էր եկել, ես էլ ջուր էի տարել, այնտեղ էի։ Մեկ էլ այդ ծեր մարդն ինձ ասաց՝ «երգ գիտե՞ս, մի երգ երգի», հայրս դարբնոցի դուռն ու լուսամուտը փակեց, ասաց՝ «երգի տան երգերից»։ Ես մի ֆիդայական երգ երգեցի։ Վարպետը զարմացած-հիացած տեղից ելավ, ինձ մոտեցավ, ասաց՝ «դու դպրոցում է՞լ այդ երգում ես», ասի՝ «չէ, հայրիկն ասել է սա դրսի երգ չի, ներսի երգ է…»։ – «Մուկիկը» պատմվածքի համար Դուք մրցանակ եք ստացել։ Ինչո՞ւ «Մուկիկը»։ – Որովհետեւ այժմ «մուկիկների» ժամանակն է, փոքր մարդիկ են այժմ իշխում։ Թումանյանն ասում է. «Մուկիկի պես մարդը մեռավ, աշխարհն այսպես մնաց անտեր…»։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել