Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 22,2000 00:00

Ոտնձգություն ընտանեկան կյանքի նկատմամբ Դատապարտյալի կարծիքով, մենք մասնակից ենք օրենսդրական խեղկատակության Շատ-շատերը հիշում են Ազգային ժողովի նախորդ նստաշրջանում պատգամավորների կողմից դատապարտյալների տեսակցությունների քանակի ավելացմանն ուղղված օրենքի նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Դ. Հարությունյանի ելույթը, երբ բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով ի չիք էր դարձվում նախագծի ընդունումը։ Ի՞նչ էր իրականում տեղի ունենում։ Ընթերցողին հիշեցնենք՝ դեռեւս շա՜տ հնուց գործող օրենքով դատապարտյալներին, տարվա կտրվածքով, թույլատրվում է որոշակի քանակության տեսակցություններ. կարճատեւ (մինչեւ չորս ժամ)՝ տարեկան 1-3 անգամ (ընդհանուր ռեժիմ՝ 3, ուժեղացված՝ 2, խիստ՝ 2 անգամ), երկարատեւ (կնոջ, քրոջ, ծնողների, երեխաների հետ, մինչեւ 3 օր)՝ տարեկան 1-2 անգամ (ընդհանուր ռեժիմ՝ 2, խիստ՝ 1 անգամ), իսկ հատուկ ռեժիմի դատապարտյալներին՝ տարեկան կամ մեկ երկարատեւ, կամ մեկ կարճատեւ տեսակցություն։ (ՀՀ ուղղիչ-աշխ. օր. գիրք, հ.հ. 24, 25, 26)։ Ահա օրենսդիրներն առաջարկում էին ավելացնել դատապարտյալների տեսակցությունների քանակը, որին նախարարը պատասխանեց՝ մի մոռացեք, որ նրանք մեկուսացված են, իսկ վերջում ճարահատ բացականչեց՝ դրսում կան բռնաբարված մայրեր, քույրեր։ Տեղին է հիշեցնել, երբ նույն նիստում առաջարկվում էր քր. օրենսգրքի որոշ հոդվածների, այդ թվում՝ 3 օրով դասալիք զինվորներին մինչեւ 5 տարի ազատազրկում նախատեսող հոդվածի, ապաքրեականացում, նախարարը չհիշեց ճաղերի հետեւում հայտնված եւ առայսօր հայտնվող 18-20 տարեկան երիտասարդների մայրերին ու քույրերին եւ ամեն կերպ պայքարում էր հանուն նրանց… արտասուքների պահպանման։ Նախ՝ դատապարտյալը կատարած հանցագործության համար մեկուսացվում է հասարակությունից եւ ոչ թե ընտանիքից, հարազատներից, ապա, սահմանափակելով կնոջ տեսակցությունը ամուսնու, երեխաներինը՝ ծնողի, ծնողինը՝ երեխաների հետ, խախտվում են մարդու իրավունքները, արդյունքում, չգիտես՝ ո՞ր իրավունքով, առանց դատարանի որոշման կամ վճռի, պատժվում են նաեւ հանցագործության հետ կապ չունեցող անձինք, ավելին՝ այս ամենը չես կարող անվանել այլ կերպ, քան ոտնձգություն ընտանեկան կյանքի նկատմամբ, հետեւաբար, պրն նախարարի (կառավարության) վարած քաղաքականությունը (եթե այն կա) ի չիք է դարձնում ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածը՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կյանքն անօրինական միջամտությունից… ոտնձգությունից պաշտպանելու իրավունք։ Երբեմն մեր օրենքները չեն խորշում նաեւ բարբարոսության ամրագրումից։ ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածը (մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի) փայլուն կերպով ոչնչացվում է «ՀՀ ուղղիչ-աշխատանքային օրենսգրքի» 68-րդ հոդվածի անխոս կիրառումով՝ պատժախցում, տուգանային կամ կարգապահական մեկուսարանում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալներին արգելվում է… սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերել… ծխել… չեն տրվում անկողնու պարագաներ, զբոսանքի չեն հանում, իսկ 72-րդ հոդվածը հավելում է՝ նրանք սնունդ ստանում են պակաս նորմաներով։ Եթե մենք սխալվում ենք, ապա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրյալ չինովնիկները թող ապացուցեն, որ չտաքացվող պատժախցում օրեր ու գիշերներ, երբեմն՝ շաբաթներ, առանց անկողնային պարագաների, մահճակալ կոչվող երկաթե կույտից օգտվելը, ծխելուց զրկելը, լվացվելու, սափրվելու, նույնիսկ սրբիչ ունենալու հնարավորություն չտալը դաժան կամ գոնե արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք չէ, առավել եւս, երբ դրսում ձմեռ է, սառնամանիք, իսկ պատժախուց են տարվում, որպես կանոն, թեթեւ հագուստով, երբեմն էլ՝ ներքնաշորով։ Ինչ վերաբերում է պակաս նորմայով սննդին՝ դա 24 ժամը մեկ անգամ կալանավորին տրվող (առանց քաղցրի, հացի) թեյ հիշեցնող պղտորագույն հեղուկն է։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել