Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 22,2000 00:00

ԿՀԱՆԵՆՔ, ԴՈՒՐՍ ԿՇՊՐՏԵՆՔ Երեկ Երեւանի քաղաքապետարանի դիմաց ընտանեկան ցույց էր կազմակերպել մի հայ ընտանիք: 63-ամյա, 6 երեխաների հայր Միսակ Աբաջյանը «Առավոտին» հայտնեց, որ 12 տարի բնակվելուց հետո, 2000թ. դեկտեմբերի 22-ին հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները իր 8 հոգանոց ընտանիքին վտարելու են իրենց զբաղեցրած տարածքից։ 1985թ. Միսակ Աբաջյանը հաշվառվել է Երեւանի նախկին Խորհրդային շրջանի գործկոմի առաջնահերթ բնակարանային ցուցակում։ Մոտ երկու տարի անց Խորհրդային գործկոմի փոխնախագահ Բլաժեեւայի բանավոր կարգադրությամբ Միսակ Աբաջյանի ընտանիքը բնակվելու թույլտվություն է ստացել Նոր Նորքի 9-րդ զանգվածի 10-րդ շենքում, որտեղ էլ ապրում է մինչեւ օրս։ 1995թ. նախկին Գերագույն դատարանը որոշում է ընդունել Աբաջյանների վտարման մասին։ Բազմանդամ ընտանիքի վիճակից ելնելով՝ տվյալ որոշումը վճռաբեկ դատարանը չեղյալ է համարել։ Ու քանի որ տիկին Բլաժեեւայի որոշումը ոչ թե փաստաթղթային տեսք է ունեցել, այլ բանավոր, իսկ ժամանակները փոխվել են, փոխվել են նաեւ թաղապետերը, 1997թ. քաղաքացու գործը կրկին դատարան է ընկել, եւ նորից վտարման վճիռ է կայացվում նրանց նկատմամբ, որը, չգիտես ինչու, իրականացվում է երեք տարի անց։ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի՝ «Քաղաքացին կամ իրավական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն 10 տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է՝ որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերվում սեփականության իրավունք»։ Մ. Աբաջյանը բնակվում է այդ բնակարանում 10 տարուց ավելի։ Եվ նրա կարծիքով այս գործը «փորփրում» է բնակբաժնի պետ Մերուժան Վարդանյանը, որը ցանկանում է տվյալ բնակարանը իր ծանոթին տրամադրել։ Աբաջյանը իր մեծ աղջկա անունով 1993թ. սեփականաշնորհված բնակարան է ունեցել, բայց այն վաճառել է երեխաներից մեկի վիրահատության ծախսերը հոգալու համար։ Երեկ նա կնոջ եւ 4 երեխայի հետ (երկուսը հիվանդ տանը պառկած էին) քաղաքապետարանից պահանջում էր հանդիպել քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ։ «Նոր տարվա «լավ» նվեր են տալիս, երեխեքս հիվանդ, ոչ մեկը ո՛չ անձնագիր ունի, ո՛չ աշխատանք… դուրս են շպրտում»,- ասում է Աբաջյանը։ Քանի որ ո՛չ Ալբերտ Բազեյանը, ո՛չ տեղակալ Կամո Արեյանը տեղում չէին, եւ պարզ չէր, թե երբ կլինեն, Աբաջյանները շեշտեցին, որ գիշերը այստեղ են մնալու եւ ընդհանրապես այնքան են սպասելու՝ մինչեւ «չբռնացնեն» Ա. Բազեյանին։ Տվյալ հարցով խոստացավ զբաղվել քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Վարդգես Ավետիսյանը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել