ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՁԵՎԵՐԻՑ «Եղեք իսկական դեմոկրատներ. բոլոր վիճելի քվեաթերթիկներն անցկացրեք ինտերնետ, մենք ինքներս կհաշվենք դրանք»,- այսպիսին էր ամերիկյան ABC հեռուստաընկերության անցկացրած հարցման պատասխաններից մեկը, որն արվեց Ջ. Բուշի՝ պրեզիդենտ հռչակվելու մասին հայտարարությունից մեկ ժամ հետո։ Ուրեմն ինչ-որ մեկը դարձյալ դժգոհ է։ Եվ ոչ թե այն բանից, որ երկրի պրեզիդենտ Բուշն է դարձել (հարցման ենթարկվածն այդ մասին ոչինչ չի ասում), այլ, պարզապես, ընտրահամակարգին այլեւս հավատ չի ընծայում։ Շատերն էին, իհարկե, ուրախ, որ մեկ ամսից ավելի ձգձգվող այդ քաշքշուկը վերջապես ավարտվել է։ Ինչ-որ մեկն այդպես էլ պատասխանել էր. «Փառք Աստծո, ամեն ինչ ավարտվեց»։ Ուշադրություն դարձրեք. ոչ թե լա՛վ ավարտվեց, այլ պարզապես ավարտվեց։ Մեր որոշ դիտարկումներով էլ, շարքային ամերիկացիները խոր մտահոգության մեջ էին, որ իրենց ծաղկող ու բարգավաճող երկրում ինչ-որ մեխանիզմ (այս դեպքում՝ ընտրականը) այնքան էլ սարքին չէ։ «Նոյեմբերի 7-ին, երբ քվեարկությունն ավարտվեց, ես անկողին մտա այն մտքերով, որ հաջորդ օրը կիմանամ մեր հաջորդ պրեզիդենտի անունը,- պատմում է Ջեֆրի Ջեյ Բրաունը, University of Florida, ext. Watulla and Leon Countyes։- Ես նույնիսկ համոզված էլ չէի դրանում, որովհետեւ կասկած անգամ չունեի։ Իսկ առավոտյան, երբ մեքենայով, ռադիոյի ալիքները փոխելով գնում էի աշխատանքի, նոր պրեզիդենտի անունը լսելու փոխարեն իմացա, թե ինչ է կատարվում, կարծես սառը ջուր լցնեին գլխիս. ինչպե՞ս, մենք չե՞նք կարողանում պրեզիդենտ ընտրել»։ Արդյո՞ք Ջեֆն այդքան կզարմանար, եթե առավոտյան լոգարանում տաք ջրի ծորակից իր գլխին իսկապես սառը ջուր լցվեր։ Հազիվ թե, որովհետեւ այդ դեպքում նա հաստատ գիտե փականագործի հեռախոսահամարը, որն անպատճառ կարգի կբերի իր ծորակը։ Իսկ այս դեպքում քանի՜ առաջին ատյանի եւ գերագույն դատարաններ գլուխ կոտրեցին, մինչեւ որոշեցին, որ այլեւս բավական է խայտառակ լինեն աշխարհով մեկ։ Շարքային ամերիկացիների համար մեկ է, թե ով կլինի իրենց պրեզիդենտը, մինչեւ ընտրություններն ամեն քայլի ասում էին մեր զրուցակիցները Նյու Յորքում, Վաշինգթոն DC-ում, Ատլանտայում։ Նման հայտարարությունները մեզ՝ հայ լրագրողներիս լուրջ մտորումների տեղիք տվեցին, որովհետեւ մե՛ր երկրում քաղաքացիների կողմից նման «անտարբերություն» պատկերացնելն անհնար է։ Մեր շահագրգռությունը քաղաքական, հատկապես ընտրությունների հարցում ավելի շատ նմանվում է այն ամերիկացու զգացածին, որն իր պատրաստակամությունն էր հայտնում հաշվելու վիճելի ձայները։ Սակայն, ի տարբերություն ամերիկացու, որն ուզում է, որ իր պրեզիդենտը լինի արդար ընտրված թեկնածուն, մենք ուզում ենք, որ պրեզիդենտը լինի մե՛ր ընտրած թեկնածուն։ ԱՄՆ-ում, օրինակ, ինչպես Ջ. Վաշինգթոնի անվան համալսարանի լրագրության բաժնի դասախոս Շոն Օդինն էր ասում. «Մեկ-երկու, նույնիսկ երեք իրար հաջորդող վատ պրեզիդենտները չեն կարող միանգամից շարքից հանել արդեն կարգի գցված, լավ աշխատող մեխանիզմը։ Միայն դրանից հետո նոր վատ պրեզիդենտը արդեն կարող է վտանգավոր լինել երկրի համար»։ Իսկ Հայաստանում կես վատ պրեզիդենտն էլ հերիք է երկիրը գլխիվայր շուռ տալու համար (դրանում կարող է երդվել ցանկացած հայաստանցի, այդ թվում՝ հայ լրագրողները)։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ