Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 22,2000 00:00

«Պահպանիչն ասի ու մտա գյուղապետի տուն» Լուսանկարի այս տիկինը՝ 1955-ին ծնված Անահիտ Մարտիրոսյանն է, որին իր երկու հսկայական ցելոֆանե տոպրակներով համարյա ամեն գիշեր կարելի է տեսնել Մամուլի տան առաջին հարկում։ Նրա պատմելով՝ 1998-ի հունիսի 14-ին իր խորթ մայրը քնաբեր է ներարկել, եւ իրեն (քնած վիճակում) բռնաբարել են չորս հոգի (Անահիտ Մարտիրոսյանը տվեց ե՛ւ իր խորթ մոր եւ այդ չորսի անունները, սակայն, քանի որ օրվա ընթացքում ոչ մի կերպ չկարողացանք կապվել նրանց հետ կամ որեւէ ինֆորմացիա ստանալ նրանց մասին, առժամանակ նպատակահարմար չգտանք հրապարակել տրված անունները- Լ.Ա.): Արարատյան 31 հասցեում իր խորթ մոր հետ բնակվող Անահիտ Մարտիրոսյանին, Էջմիածնի ժողդատարանի 1979թ. հունիսի 21-ի վճռով, որպես սեփականություն հանձնվել է Արարատյան 31 տան 13,20 քմ բնակմակերես ունեցող մեկ սենյակը։ Իր խորթ մոր հետ պարբերական կոնֆլիկտները հանգեցրել են վերոնշյալ դեպքին, որից հետո, ըստ Ա. Մարտիրոսյանի, իրեն ոչ միայն բժշկական օգնություն ցույց չի տրվել, այլեւ բռնաբարողները՝ մոր գլխավորությամբ, փորձել են իրեն հոգեբուժարան տանել։ Իր սենյակը վերադառնալու փորձերն անհաջողության են մատնվել, քանի որ նրան «ծեծել են, քարերով խփել, կացնով սպառնացել եւ հրազենով վախեցրել»։ Այս ամենին գումարած՝ նրա վրա շներ են բաց թողել։ Նա բազմիցս իրեն օգնելու խնդրանքով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին եւ ում խելքը կտրի։ Այդքանից հետո դիմել է Արմավիրի մարզի ներքին գործերի վարչություն եւ 99թ. հուլիսի 22-ին ստացել Արմավիրի մարզի ՆԳ վարչության ավագ հետաքննիչ, միլիցիայի փոխգնդապետ Կ. Մաթեւոսյանի պատասխանը։ Այն, մեղմ ասած, տիկնոջը հուսահատեցրել է. «Ստուգվել են դիմումի փաստերը, բայց դիմումն անհետեւանք է թողնվել, քանի որ պարզվել է, որ դիմումով նշված փաստերն իրականությանը չեն համապատասխանում»։ «Հիմա ես ո՞ւր գնամ, որտե՞ղ գիշերեմ»,- ոտքը խմբագրության սենյակում կախ էր գցել Անահիտ Մարտիրոսյանը։ «Գնացեք ձեր տուն»,- միակ տրամաբանական խորհուրդը սա էր։ Բայց, ոչ, տիկինը իր տուն վախենում է գնալ, մինչեւ ճաղերի ետեւում չտեսնի իր խորթ մորն ու իրեն բռնաբարող 4 հոգուն։ Ի դեպ, թեեւ տիկինը, իր ասելով, բռնաբարության ժամանակ քնած է եղել եւ ոչինչ չի զգացել, սակայն արթնանալուց հետո է ամեն ինչ համադրել եւ եկել այդ եզրակացության։ Անահիտ Մարտիրոսյանի թափանցիկ տոպրակներից երեւում էր դրանց պարունակությունը՝ ինչ-որ շորեր, աստվածաշնչյան գրքեր։ Ինչպես ասացինք, նա մեծ դժվարությամբ լքեց խմբագրությունը, արդեն դռան մոտ էր՝ վերհիշեց, թե ինչպես «Փարաքարում դրանք ուզում էին ինձ գյուլլեին, Պահպանիչն ասի ու մտա գյուղապետի տուն»։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել