Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 22,2000 00:00

«21-րդ դարը կդիմավորի՞ իր օջախում» Արկադի Վարդանյանի «Այբ, բեն, գիմ» կազմակերպությունից միայն մի քանի հոգի «դուխ ունեցան»՝ պաշտպանելու իրենց ղեկավարին։ Երեկ Սոցուժերի գրասենյակում «Այբ, բեն, գիմ համագործակցության» անդամները ասուլիս էին հրավիրել։ Թեեւ ասուլիսին հրավիրված էին նաեւ Ա. Վարդանյանի դատապաշտպանը եւ կինը, սակայն, ինչպես բանաստեղծուհի Անահիտ Քնարյանն ասաց՝ «վերջին պահին իմաց են տվել, որ ցանկանում են առանձին ասուլիս տալ»։ «Այբ, բեն, գիմ համագործակցությունը», ի պաշտպանություն Արկադի Վարդանյանի, բաց նամակ է պատրաստել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին։ Նամակում նշված են Ա. Վարդանյանի կատարած բարեգործությունները։ Ու թեեւ եկեղեցին չի խառնվում քաղաքական գործերին, այնուամենայնիվ, «Այբ, բեն, գիմ»-ը խնդրում է կաթողիկոսին սատար կանգնել իրենց՝ գտնելով, որ չի կարելի մեկուսարանում պահել մի մարդու, որի միակ «մեղքն» այն է, որ անհանգստացած է հայրենիքի ճակատագրով, ցանկանում է ոչ թե խոսքով, այլ գործով օգնել իր հայրենակիցներին։ Նամակում խնդրվում է «ապօրինի կալանքից ազատել «21-րդ դար միջազգային անկախ ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանին, որպեսզի նա 21-րդ դարը դիմավորի իր օջախում»։ «ՀՀ միլիոնատերերի միության» նախագահ Գեղարդ Դավթյանն ընթերցեց մի քանի էջից բաղկացած Ա. Վարդանյանի կողմից կատարված բարեգործությունների ցանկը։ Լրագրողներից մեկի հարցին, թե՝ «ուր են այժմ այդ մարդիկ, որոնց այդքան լավություն է արել նա, եւ ինչու իրենց ձայնը չեն բարձրացնում ի պաշտպանություն Ա. Վարդանյանի», տիկին Քնարյանը պատասխանեց մեկ բառով՝ «վախենում են»։ «Այբ, բեն, գիմ համագործակցության» կոորդինատոր, «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը բանավիճեց իշխանությունների այն փաստարկի դեմ, թե Ա. Վարդանյանը ՀՀ քաղաքացի չէ. «Իսկ Հայաստանում չծնված ու միայն երկու տարի Երեւանում ապրած Ռ. Քոչարյանը կարող է ոչ միայն քաղաքացի կոչվել, այլեւ կարող է ՀՀ նախագա՞հ լինել»։ «Այբ, բեն, գիմ համագործակցության» անդամները կոչ են անում Հայաստանի իշխանություններին եւ անձամբ ՀՀ նախագահին՝ միջոցներ ձեռնարկել անմիջապես կալանքից ազատելու Ա. Վարդանյանին: ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել