Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 22,2000 00:00

ԽՆԴԻՐՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ Խորհրդարանն ու կառավարությունը կվերադասավորվեն փետրվար-մարտ ամիսներին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդի միակ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կառավարության մեկ տարվա աշխատանքը գնահատեց բավարար։ Իսկ կառավարությունում հնարավոր կադրային փոփոխությունների մասին պարոն Թորոսյանն ասաց անառարկելի մի ճշմարտություն. «Կարծում եմ, կառավարության փոփոխությունների մասին, ճիշտ կլինի, որ առաջինը խոսի վարչապետը»։ Հիշենք, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հնարավոր համարեց փոփոխությունները մինչեւ Նոր տարի։ Իսկ Տիգրան Թորոսյանը հաջորդ ճշմարտությունն ասաց. «Կարծում եմ, կառավարությունը այնպիսի կառույց է, որտեղ միշտ, ցանկացած պահի կարող են փոփոխություններ լինել եւ այդտեղ որեւէ արտառոց բան չկա»։ Կառավարական փոփոխություններում եթե որեւէ արտառոց բան չկա, ապա որքանո՞վ են արտառոց կամ հնարավոր խորհրդարանական վերադասավորումները 2001-ի բյուջեի ընդունման շեմին։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը չուզեց խորհրդարանական հնարավոր վերադասավորումները կապել բյուջեի ընդունման հետ. «Գոնե քննարկումները ցույց են տալիս, որ քաղաքական ուժերը բավականին լավ են տրամադրված, եթե, ինչպես իրենք են ասում, իրենց առաջարկությունները հաշվի առնվեն։ Կա այլ խնդիր»։ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց աշնան սկզբին վերադասավորումների հետ կապված իրադարձությունները, որոնք թեպետ կտրուկ շրջադարձ ունեցան, բայց պարոն Թորոսյանը համոզված է, որ «հիմքեր կային, որ այդ իրադարձությունները լինեին, եւ այդ հիմքերը բոլորին հայտնի են»։ Ու եթե «խնդիրները չեն լուծվում, խորք են ուղարկվում, դրանք մի օր էլի դուրս են գալու մակերես»։ Այժմ երեւի հենց այդ «մի օրն» է։ Բայց վերադասավորման պրոցեսները իրական դրսեւորում կունենան փետրվարին։ «Կայունություն» պատգամավորական խմբի խմորումները ի՞նչ հետեւանքներ կարող են թողնել (եթե կարող են) խորհրդարանական կայունության վրա. «Դժվար է ասել։ Նախ, ամենակարեւորն այն է, որ միշտ ավելի արդյունավետ է, երբ ԱԺ-ում կան կառույցներ եւ ոչ թե առանձին պատգամավորներ»։ Փոխխոսնակի կարծիքով, եթե խորհրդարանում առավել հստակեցված լինի, թե ով ինչ գաղափարախոսության կրող է, ինչ սկզբունքների տեր է, շատ ավելի արդյունավետ կլինի աշխատանքը Ազգային ժողովում։ Կառավարությունում հնարավոր կադրային փոփոխությունների մասին հարցն ուղղելով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, նաեւ ուզեցինք իմանալ. «Դավիթ Հարությունյանն իրեն տեսնո՞ւմ է 2001 թվականի կառավարությունում»։ Պարոն Հարությունյանի ասելով, ինքը երբեք չի մտածել՝ իրեն տեսնո՞ւմ է 2001թ. կառավարությունում, թե՞ ոչ. «Եթե անհրաժեշտություն լինի իմ աշխատանքի, ապա ես կշարունակեմ աշխատել, եթե ոչ, ապա բացարձակապես որեւէ խնդիր չունեմ, մտահոգություն չունեմ այդ առումով»։ Իսկ կառավարությունը, քանի որ ձեւավորվում է քաղաքական գործընթացների արդյունքում «եւ կախված, թե ինչպիսի քաղաքական գործընթացներ կընթանան Ազգային ժողովում, դրանից էլ կախված կլինեն կառավարության կադրային փոփոխությունները եւ այս կառավարության երկարակեցությունը»։ Դավիթ Հարությունյանին խնդրեցինք նաեւ շատ կարճ ներկայացնել անցնող տարվա արդարադատության համակարգի գնահատականը. «Նախ ասեմ, որ գոհ չեմ, եւ գոհ լինելը, ընդհանրապես, շատ վնասաբեր երեւույթ է, իսկ արդյունքներ ունեցա՞նք, այո՛, ունեցանք։ Դրանք կարելի է գնահատել լուրջ վերլուծությունների արդյունքում, որը ես փորձում եմ անել»։ Որպես դրական արդյունք, պարոն Հարությունյանը նշեց այն, որ պետական մարմինների հետ կապված բազմաթիվ վեճերում որոշակի շեղում է նկատվում, այսինքն՝ դատական շատ գործընթացներում պետությունը պարտված է լինում՝ «ի տարբերություն նախորդ շրջանի, երբ պետությունը դատարանում գրեթե միշտ հաղթողի կարգավիճակում էր»։ Որպես բազմաթիվ թերություններից մեկը, պարոն Հարությունյանը նշեց «անկախության ապահովումը, ինչը բարդ, երկարատեւ գործընթաց է եւ շաղկապված է տարբեր երեւույթների հետ՝ ե՛ւ ֆինանսական, ե՛ւ սոցիալական, ե՛ւ ավանդույթի ձեւավորման»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել