ՄԵՐ ԿԱՌՈՒՑԱԾԸ ԱՍԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ Է «Պրախոդ տալը»՝ որպես Հայաստանի տնտեսության հիմնական առանձնահատկություն Օրերս, Ազգային ժողովի միջանցքներում, պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը, մեղմ ասած, բանավեճի էր բռնվել Էջմիածնի մականունավոր պատգամավորներից մեկի հետ: Եթե թարգմանենք նրանց վեճը գողական լեզվից գրական հայերենի, իմաստը կստացվի մոտավորապես հետեւյալը. «Միեւնույն է, ես քեզ կստիպեմ մուծել հարկերը», «Ո՛չ, չես կարողանա»: Հայտնի է, որ նույն ցանկությունը նույն մականունավորի նկատմամբ ժամանակին հայտնել էր պետեկամուտների նախկին նախարար Գագիկ Պողոսյանը: Նա նույնիսկ սպառնում էր քրեական հետապնդում սկսել: Չստացվեց: Գուցե այն պատճառով, որ սույն պատգամավորին պատկանող խրախճանքի վայր այցելում են բարձրաստիճան պաշտոնյաներ: Կամ, որն ավելի հավանական է, այդ խրախճանքի վայրից եւ էներգետիկ համակարգից ստացած եկամուտը հիշյալ թաղային հեղինակությունը միայնակ չի վայելում, իսկ դրա դիմաց շրջանի ազդեցիկ զինվորականներն ապահովում են պատգամավորի անվտանգությունը: Այդ թվում նաեւ՝ տնտեսական: Դրանից հետո ո՞ր մի նախարարը կհամարձակվի նրանից հարկեր հավաքել: Պաշտոնապես ասվում է, որ մենք ցանկանում ենք կառուցել քաղաքակիրթ մի երկիր, որի տնտեսությունը հիմնված է ազատ մրցակցության վրա: Սակայն, նախ պարզ չէ, հասարակությունը դա ուզում է, թե ոչ: Համենայնպեպս, ցանկացած փողոցային հարցման համաձայն, հայաստանցիների գերակշիռ մեծամասնությունը գտնում է, որ «Սովետի ժամանակ լավ էր», «սրանք եկան ու քանդեցին», «թողում եմ, գնամ էստեղից» եւ այլն: Մեր իշխանավորներն էլ Լուսնից չեն իջել եւ նույն Սովետի ավանդույթով ձեռները գցում են բոլոր տեսակի եկամտաբեր բիզնեսներին՝ դրանով իսկ, ըստ էության, ոչնչացնելով ազատ մրցակցությունը, որի անհրաժեշտության մասին այդքան երկար խոսում են: Դրա մեխանիզմը հայտնի է՝ «պրախոդ տալ» յուրայիններին եւ խեղդել ոչ յուրայիններին: Միջին կարգի գործարարներից մեկը ցանկացել է փոքր քանակությամբ ձեթ ներմուծել։ Մաքսային կետում նրան ասացին. «Լֆիկի հետ լեզու գտիր, նոր կմաքսազերծենք»: Տեսականորեն չեմ բացառում, որ սույն Լֆիկը մտքի տիտան է եւ բազարում հրաձգարանի վարիչ աշխատելը նրա համար փոխարինել է Հարվարդի համալսարանին, սակայն առանց իշխանության բարձրագույն օղակների հետ սերտաճելու՝ նա չէր կարողանա մենաշնորհային դիրք գրավել որոշ ապրանքատեսակների ներկրման ոլորտում: Հազար անգամ քննադատված եւ փնովված Հրանտ Բագրատյանը մասնավորեցրեց հացի արտադրությունը՝ այսօր հաց են թխում հազարավոր փոքրիկ փռեր: Ի՞նչ կաներ նրա փոխարեն Ռոբերտ Քոչարյանը: Նա նույնպես կվերցներ այդ արտադրությունը պետության ձեռքից: Կստեղծեր «Գրանդ հացինո» կամ «Միկա բուլկեղեն» սուպերկոնցեռնը, հացի գինը կլիներ երկու անգամ թանկ, բայց իշխանության ձեռքի տակ կլիներ եւս մի հզոր բիզնես, որը կֆինանսավորեր նրա՝ իշխանության ցանկացած ձեռնարկ: Կար այդպիսի բան նաեւ 1991-1998 թվականներին: Իհարկե, կար: Բայց մի՞թե պարտադիր է կրկնել անցած բոլոր սխալները: Իսկ գուցե դա սխալ չէ, այլ օրինաչափությո՞ւն: 19-րդ դարի կեսերին Կարլ Մարքսը բացի հայտնի հասարակարգերից (նախնադարյան-համայնական, ստրկատիրական, ֆեոդալական եւ այլն) իր որոշ աշխատություններում նշում էր եւս մեկը՝ ասիականը: Նույնիսկ ունի այդպիսի հոդված՝ «Ասիական արտադրաձեւի մասին»: Այդ խնդիրը լավ մշակված չէ ոչ Մարքսի, ոչ էլ նրա հետնորդների կողմից: Իզուր: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ