Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

ԿԲԱՐԵԼԱՎՎԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Երեկ «Արմենպրեսում» տեղի ունեցավ բիզնեսի զարգացման թուրք-հայկական եւ հայ-թուրքական կոմիտեների նախագահներ Քաան Սոյակի եւ Արսեն Ղազարյանի մամլո համատեղ ասուլիսը։ Տանտիրոջ կարգավիճակով առաջինն իր խոսքը սկսեց Ա. Ղազարյանը՝ նշելով, որ հայկական կողմը հայ-թուրքական հարաբերությունները մեղմելու նպատակով 1996 թվականից ի վեր բազմաթիվ տնտեսական, մշակութային քայլեր է ձեռնարկել, որոնք, սակայն, գրեթե միշտ անհաջողության են մատնվել՝ թուրքական կառավարության չկամեցողության պատճառով։ «Առավոտի» այն հարցին, թե ցանկացած հարաբերություններ հաստատելու դեպքում վերջնական որոշումը թուրքերի՞նն է, պրն Ղազարյանը դրական պատասխանեց։ Նա նշեց, որ այժմ, այնուամենայնիվ, որոշակի ձեռքբերումներ են նշմարվում հիմնականում երեք ուղղությամբ՝ Միջին Ասիայի հետ կապված երկաթուղային ճանապարհի գործառնությունը, Հայաստանի սահմանին կից գտնվող գազային խողովակների օպտիմալ օգտագործումը (որի դեպքում Հայաստանը կարող է հանդես գալ որպես տրանզիտ երկիր) եւ, վերջապես, էներգետիկայի հետ կապված խնդիրների լուծումը։ Չեն բացառվում նաեւ հայկական սփյուռքի հետ Թուրքիայի կապերը։ Իր հերթին Թուրքիան ցեմենտի սպառման մեծ շուկա է։ Նոր հազարամյակում մշակվում են զբոսաշրջիկության զարգացման ծրագրեր։ Ըստ Սոյակի, Թուրքիան դրական է վերաբերվում Հայաստանին։ «Հարաբերությունների բարելավմանն ուղղված յուրաքանչյուր քայլ դրականորեն կընդունվի մեր կողմից»,- ասում է թուրք գործարարը։ Քաան Սոյակի այցը Հայաստան հետապնդում է նաեւ մեկ այլ նպատակ։ Ք. Սոյակը ժամանել է մի խումբ լրագրողների հետ, որոնք թուրք հեռուստադիտողին ներկայացնելու են եղեռն ապրած հայ մարդու կյանքը՝ թուրքերի աչքերով։ ԷԼԶԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել