Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

«Վաճառում եմ ցանկացած օրգանս» Դեռ վերջերս էինք անդրադարձել Կոնդի մի բնակչուհու, որն իր չորս անչափահաս երեխաներին պատրաստ էր նվիրել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին եւ միամտություն էինք ունեցել նշել, որ տիկնոջը «Առավոտի» արտասահմանցի մի քանի ընթերցող որոշել են դրամական օժանդակություն ցուցաբերել, երբ խմբագրությունը ողողվեց բազմաթիվ նամակներով եւ այցելուներով։ Պարզվեց, որ իրենց երեխաների ապագայով շահագրգիռ շատ մայրեր պատրաստ են նրանց նվիրել է՛լ դեսպաններից որեւէ մեկին, է՛լ հայտնի մեծահարուստներին, անգամ՝ թուրքական կառավարությանը։ Ինչ խոսք, մայրական սիրո նման պոռթկումների պատճառը հասկանալի է՝ անապահով վիճակ եւ երեխաների անհեռանկար ապագա։ Սակայն անգամ մեզ՝ խմբագրության աշխատակիցներիս համար արդեն այդքան էլ հաճելի չէր լսել նման մտադրությամբ այցելող կանանց, որոնք կուշտ լաց լինելուց հետո կասկածամտորեն հետաքրքրվում են՝ «Փողը դոլարո՞վ են ուղարկելու մեզ, թե՞ դրամով», կամ էլ՝ «Բայց որ խմբագրության հասցեով փող ուղարկեն, կփոխանցե՞ք մեզ»։ Մի խոսքով, այդպիսի քաղաքացիներին խնդրում ենք ապրուստի հայթայթման մեկ այլ, ավելի պատվավոր ձեւ ընտրել։ Իսկ ստորեւ ներկայացնում ենք կարիքից դրդված մեր մեկ այլ հայրենակցի հուսահատ ճիչը, որն իր երեք դպրոցահասակ երեխաների օրվա հացը գնելու՝ մինչ օրս գոնե մեզ անհայտ մեթոդի է դիմել։ Գրիգոր Նալբանդյանը, որի բոլոր տվյալները խմբագրությունում են, անելանելի վիճակից դրդված՝ առաջարկում է գնել իր ցանկացած օրգանը. «Երկու տարի առաջ հիվանդացել եմ ուղեղի կաթվածով։ Առաջին կարգի հաշմանդամ եմ, լրիվ անաշխատունակ։ Ունեմ երեք անչափահաս դպրոցական երեխա։ Ինձ համար անչափ ցավալի է, որ ոչ մի կերպ չեմ կարողանում ապահովել երեխաներիս ապրուստը եւ ներկայումս իմ ընտանիքը լրիվ զուրկ է գոյության որեւէ միջոցից։ Դեռ չհաշված կուտակված պարտքերիս ահռելի քանակը։ Չունենալով երեխաներիս գոյությունը ապահովելու այլ միջոց՝ ցանկացողին պատրաստ եմ վաճառել իմ ցանկացած ներքին օրգանը։ Կործանումից փրկվելու ուրիշ տարբերակ այլեւս չունեմ»։ Գրիգոր Նալբանդյանի կամ իրենց երեխաներին նվիրաբերելու ցանկություն ունեցող ծնողների դիմումների անկեղծությանը փորձ ենք անում չկասկածել։ Գուցե թե եթե, իրոք, հանկարծ ու հայտնվի երեխաներին ծնողից վերցնող կամ առողջ լյարդ գնող որեւէ մեկը։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել