Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

ԵՂԵՎՆԻՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՏԱՆԻՔ» ՊԵՏՔ ՉԷ «Առավոտում» հրապարակված «Եղեւնիներ, փայտիկներ կանաչ» հոդվածն անարձագանք չմնաց։ Բնապահպանության նախարարությունից զանգեր եղան խմբագրություն, թե՝ հանրապետական Բնապահպանական պետական տեսչության պետ Նազիկ Ամիրյանին եղեւնիների վաճառքի «տանիք» համարելը նշանակում է, թե տեսչության աշխատողներն իրենք են այդ «տանիքը»։ Մենք հանդիպեցինք տիկին Ամիրյանին, որը վիրավորված էր իրեն հասցեագրված ինչ-որ բիզնեսի «տանիք» լինելու որակումից։ Մեր նպատակն, իհարկե, Նազիկ Ամիրյանին վիրավորելը չէր։ Իսկ որ նա որեւէ գործի «տանիք» չի հանդիսանում՝ բնապահպանության նախարարությունում մի քանի փաստարկներ բերեցին. Նազիկ Ամիրյանն ի պաշտոնե պարտավոր է կարգավորել եւ վերահսկել բնապահպանության ոլորտում տեղի ունեցող ողջ շարժը, այդ թվում՝ նաեւ Ամանորի նախաշեմին բնական եղեւնիների հատման եւ վաճառքի գործընթացը։ Սա «տանիք» կոչվածի հետ բացարձակ առնչություն չունի։ Բացի այդ, եղեւնիների վաճառքի ամբողջ շրջանառությունը կազմում է շուրջ 7 հազար դոլար եւ ընդամենը։ Սա իր մեջ ներառում է եղեւնիների ինքնապատրաստումն ու բնօգտագործման համար սահմանված գումարները, որոնք մուտք են արվում պետբյուջե։ Բիզնեսն ինքնին, որպես այդպիսին, այնքան շահութաբեր չէ, որքան կարելի է պատկերացնել եւ, դա մտցնել «տանիքի տակ», ըստ նրանց, անլուրջ է։ Տիկին Ամիրյանը հերքեց եւ ծիծաղելի համարեց իր՝ այս բիզնեսի «տանիք» լինելու հանգամանքը, առավել եւս, որ խնդրո առարկա արծաթափայլ եղեւնիների եւ տեղական սոճիների վաճառքի մեջ ոչ մի մրցակցություն չկա։ Առաջինները վաճառվում են շատ ավելի բարձր գնով՝ 3-15 հազար դրամ, եւ դրանց սպառողը հիմնականում հասարակության էլիտար հատվածն է։ Բացի այդ, մասնագետների պնդմամբ, արծաթափայլ եղեւնիները ներկրվում են Հայաստան եւ, որեւէ մեխանիզմ չկա այն արգելելու կամ կանխելու համար, առավել եւս, որ այդ եղեւնիների ներկրմամբ շատերն են զբաղված։ Իսկ ընդհանրապես բնապահպանական տեսչության գործունեությանը որոշեցինք ավելի մանրամասն անդրադառնալ մեր առաջիկա համարներից մեկում։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել