Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ «ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵԼ ԵՆ» Երեկ ՀՀ սպորտվարչության նիստերի դահլիճում տեղի ունեցավ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանի մամուլի ասուլիսը։ Փոխնախարարը այլեւայլ հարցերի շրջանակներում մասնավորապես մանրամասն անդրադարձավ Խաղերի ընթացքում գերծանր քաշային ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանի անվան հետ կապված դոպինգային սկանդալի պատմությանը, որից հայտնի դարձավ հետեւյալը։ Այն, ինչ կատարվեց Սիդնեյում, նախապես պլանավորված էր ՄՕԿ-ի եւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության կողմից։ Հայ ծանրորդը վերջին երկու տարում իր կայուն մրցելույթներով, փաստորեն, խառնում է վերոնշյալ կազմակերպությունների բոլոր խաղաթղթերը։ Ըստ էության, բոլոր մարզաձեւերում գերծանր քաշային կարգում նվաճվող մեդալները ամենահեղինակավորն են ու դրանք, որպես կանոն, մշտապես բաժին են հասնում հզոր պետությունների ներկայացուցիչներին։ Մասնավորապես, ծանրամարտում տասնամյակներ շարունակ դրա մենաշնորհը Ռուսաստանինն է եղել։ Աշոտի առջեւ ճանապարհը փակելու անհաջող փորձեր են եղել նաեւ Եվրոպայի առաջնություններում։ Եվ բնական է, որ այս անգամ այդպիսի բան թույլ տալ չէին կարող։ Բանը հասել էր այնտեղ, որ հայ մարզիկին օլիմպիական մրցահարթակ դուրս գալու իրավունքից զրկելու նպատակով որոշվել էր մեր մի քանի ծանրորդների մոտ դոպինգ հայտնաբերելու կեղծ պատրվակով ամբողջ թիմը որակազրկել։ Սակայն համառ ջանքերի ու բանակցությունների արդյունքում մեր պատվիրակության ղեկավարությանը հաջողվել է վերջին պահին կանխել այդ խայտառակությունը։ Բայց, երբ Աշոտը, այնուամենայնիվ, անհավասար պայքարում (չեմպիոն օծված իրանցի Ռզա Զադեն եւ արծաթե մեդալակիր դարձած գերմանացի Ռոնի Վյոլլերը, անկասկած, դոպինգ օգտագործել էին) նվաճեց օլիմպիական «բրոնզը»՝ իրենից ետ թողնելով ռուսաստանցի Անդրեյ Չեմերկինին, օլիմպիական խաղերի ղեկավարությունը գնաց վերջին ծայրահեղ քայլին՝ Ա. Դանիելյանին մեղադրելով արգելված խթանիչներ օգտագործած լինելու մեջ՝ տարբեր անգամներ նշելով տարբեր դեղամիջոցների անուններ։ Մեր պատվիրակության ղեկավարությունը նորից փորձել է պարզել իսկությունը՝ պահանջելով բացել երկրորդ սրվակը։ Սակայն ՄՕԿ-ը եւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, չսպասելով զննման արդյունքներին, որի պատասխանը, ըստ գործող կարգի, պետք է հայտարարվեր 24 ժամվա ընթացքում, Աշոտ Դանիելյանից ետ են վերցրել բրոնզե մեդալը եւ հանձնել են 4-րդ տեղը գրաված Չեմերկինին։ Դրանից հետո տարբեր ատյաններ ներկայացրած մերոնց բազմաթիվ պաշտոնական բողոքներն արդարացի քննարկման չեն դրվել ու արդյունքում Աշոտ Դանիելյանը որակազրկվել է երկու տարով։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել