Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

Ո՞ՐՆ Է ԲԱԲՈ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ Ամեն ինչ վերջացավ եւ սկսվեց այն պահին, երբ «Դը Գոլ» օդանավակայանի ներսում թռիչքի սպասող հայաստանցի հայերից մեկը փքված ձայնով մի երեխայի ասաց. «Ազիզ, էն յանը կայնի»… Կամ, երբ տեսնում ես հայաստանցի պաշտոնյա կանանց՝ բրդոտ շուբաները ոտքերի տակ քաշ տալով ու կատարած գնումների զեղչերի քարտերը ձեռքերի մեջ ցնցելով… Կամ ինքնաթիռի մեջ տրվող Հայաստանի պաշտոնաթերթի առաջին էջում երբ կարդում ես ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի մեծ լուսանկարով «Պետք է որդեգրել հստակ կանոնների պահպանման եւ կայունության ռազմավարություն»՝ հոդվածի բան չասող, լացացնող վերնագիրը… Եվ կամ «իմանում» ես, որ ինքնալուծարվել է «Կայունություն» խումբը եւ Վարդան Այվազյանը խմբի անդամների հետ «ընգերության» մասին դատողություններ է անում… Ա՛յ, ա՛յ, ա՛յ, ինչպիսի դժբախտություն, «Կայունությունը» ինքնալուծարվել է։ Փարիզը եւ այնտեղի մարդիկ, որ ողողված են մշակույթով, էսթետիկայով շատերի համար է պրիզմա դարձել՝ իրենցը տեսնելու, գնահատելու իմաստով։ Երբեք որեւէ ֆրանսիացի (եւ ոչ միայն) չի հիշի ու մտքով էլ չի անցնի հիշել Արմեն Խաչատրյանի կամ այդ շարքից շատերի անունները, նույնիսկ որեւէ երկրի նախագահի անուն չեն մտապահում։ Հայաստանում, սակայն, ինչպես ասում են՝ արդուկն էլ միացնում ես, նրանք են խոսում՝ ինչ-որ մանր-մունր գզվռտոցներից, հարցիկ-խնդիրիկներից, որ հեռվից մանրադիտակով էլ մեծ դժվարությամբ կհաջողվի նկատել… Ֆրանսիական հեռուստատեսությունը եւ թերթերը երկու ամիս շարունակ ողողված էին Ազնավուրի մասին հրապարակումներով, հաղորդումներով։ Հետո էլ ասում ենք ու ձեւացնում, թե մենք (Հայաստանը) սիրում ենք Ազնավուրին, ավելի քան… Այդպես չեն սիրում։ Ֆրանսիացի տաքսու վարորդը Հայաստանի մասին, որի աշխարհագրական տեղը հազիվ կճանաչի, ասում է՝ «Հա՜, Ազնավուրի երկիրն է…»։ Սրճարանի մատուցողը Ազնավուրի անունը լսելով՝ շատախոս է դառնում… Նույնիսկ հիշում են, թե ինչպես Ազնավուրը հրաժարվեց երգել Ֆրանսիայի Սենատում՝ տարին երկու անգամ կազմակերպվող միջոցառումների ընթացքում, ուր իրեն հրավիրել էին երգելու։ Մերժել էր, քանի որ Սենատը դեռ չէր ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Ազնավուրը մի առիթով ասել էր, թե ինքը չի կարող հնանալ, քանի որ միշտ նույն բանն է անում, բայցեւ գիտի (ու այդպես ստեղծագործում, ապրում է), որ աշխարհը միշտ շարժման մեջ պետք է լինի, եւ հոսող ջուրն է միշտ մաքուր լինում։ Նրան բոլորն են սիրում, ծեր, թե երիտասարդ, որոնք բոլորն էլ գրեթե անգիր գիտեն Ազնավուրի երգերը, բայց դարձյալ ամեն օր, երկու ամիս շարունակ 4-5000 մարդ էր գալիս Փարիզի Կոնգրեսների պալատում նրան լսելու եւ, իհարկե՝ տեսնելու։ Ու Փարիզի արվարձաններում է ապրում նաեւ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան)։ Ֆրանսիայում եւ գրեթե ամբողջ աշխարհում մեծ ճանաչումով տաղանդավոր նկարիչ է։ Նրա կտավները վաճառվում են շատ թանկ՝ 200.000 ֆրանկից ավելի գնով։ Այն հարցին, թե արվեստագետը ազգություն ունի՞, Մաեստրոն ասաց. «Եթե այդպես ասենք՝ հայրենիք էլ չունի, ընտանիք էլ չունի, զավակ էլ չունի… Բայց նորեն ունի, որչափ ալ կըսեն՝ չունի, նախընտրություն մը ունի։ Հիմա ես Ֆրանսիա կապրիմ, ավելի Ֆրանսիա ապրած եմ, քան Հայաստան, ավելի՝ ֆրանսիացիներու հետ, քան թե հայերու հետ, եւ կրնամ ըսել, թե իմին երկիրս եղած է Ֆրանսիան, որովհետեւ ամեն ինչ տված է, դաստիարակած, ամեն ինչ… Բայց դարձյալ բան մը կա մեջս, որ հայ եմ։ Ես ալ չեմ գիտեր՝ ինչ է այդ բանը։ Երբեմն հայերուն ալ կըսեմ՝ հայությունը ի՞նչ է, հայ ըլլալը ի՞նչ է։ Նկարչության պես է՝ նկարչությունը ի՞նչ է։ Ամեն բան եթե այսպես հարցում ընես՝ պատասխանը դժվար է տալը… Հայ եմ կըսեմ…» (ամբողջական հարցազրույցը՝ մեր առաջիկա համարներում- Ս. Ս.)։ Այդ օրերին Փարիզից հեռու L254ORANGERIE քաղաքում, Շոպենի եւ Բախի ստեղծագործությունների կատարմամբ, համերգ ունեցավ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, որը վերջերս էր Հայաստանում։ Ֆրանսիայում եւ մի շարք երկրներում նրան արդեն լավ ճանաչում են։ Համերգի վերջում, երբ հանդիսատեսը ոտքերով դոփում եւ եւս մեկ կատարում էր պահանջում, Վ. Մամիկոնյանը կատարեց Արամ Խաչատրյանի «Տոկատան»։ Ցուցասրահներում տեսնում ենք Արշիլ Գորկի, Գառզու, Շարտ… Ցավոք, այսօր մեր երկիրը ներկայացնում են մարդիկ, որոնք կամ ազգությամբ հայ են, բայց ծնվել-մեծացել են ուրիշ երկրում, կամ նրանք, ովքեր ժամանակին մեկնել են Հայաստանից։ Եվ այն քչերը, որոնք մնացել են այստեղ՝ Հայաստանում, բայց որոնց մասին գրեթե չի խոսվում։ Փոխարենը, ամեն օր մեր զգայարաններ են ներարկվում արտաքուստ քաղաքական գործչի կեցվածք ընդունած փուչ գործիչների ու, թերթերի էջերում, էկրաններից «ինտերվյու» տալ սիրող «մտավորականների» դեմագոգիկ կոչերը։ Ու հեռվից, եւ արդեն՝ Հայաստան վերադարձող ինքնաթիռում կարոտում ես շատերի կողմից եւ բազմիցս, աշխարհի բոլոր ձեւերով օգտագործված Երեւանդ, ուր «անտերները դարձան մեզ տեր ու տիրական…»։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ Երեւան-Փարիզ Հ. Գ. Շնորհակալություն ֆրանսահայ գործարար Ռայմոն Եզեկելյանին՝ Ֆրանսիայում մեր թղթակցին աջակցելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել