Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

Մենք դարդի մեջ՝չգիտենք դարդն ինչ է Կրթական համակարգի պատասխանատուներից փորձեցինք ճշտել, թե նրանց ղեկավարած ոլորտների համար ինչով նշանավորվեց անցնող 2000 թվականը։ Շատ լավատեսական պատկեր ստացվեց, քանի որ հիմնականում ձեռքբերումները մատնանշեցին։ Գիտական համակարգի համար, «Առավոտի» կարծիքով, տարին նշանավորվեց գիտնականների բողոքի ցույցով։ Թերեւս դժվար է գտնել ավելի դիպուկ ցուցանիշ՝ համակարգի վիճակն ու նրա հանդեպ պետության վերաբերմունքը գնահատելու համար։ Վաղը կլրանա ժամկետը, որ տվել էին գիտնականները պետությանը՝ իրենց հինգ ամսվա աշխատավարձերի վճարման պահանջն իրականացնելու համար։ Սակայն լավատեսության տրամադրող որեւէ տեղեկություն չկա։ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանից տեղեկացանք, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից խոստացել են մեկ ամսվա՝ օգոստոսի աշխատավարձը տալ։ Դեռ պարզ չէ. այդ խոստումը կկատարվի՞, թե՞ ոչ, ու այս ֆոնի վրա մնացած 4 ամսվա աշխատավարձը ստանալու հույսն իսպառ չքանում է։ Այսքանով հանդերձ, անցնող տարվա Ֆադեյ Տաճատիչի գնահատականը բավականին դրական է։ ԳԱԱ նախագահի համար անցնող տարվա ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ «հաջողվեց պահպանել մեր գիտական ներուժը միջազգային չափանիշներին համապատասխան եւ նույնիսկ մի քիչ էլ առաջխաղացում կա»։ Ըստ Ֆադեյ Տաճատիչի՝ հենց այն ցուցանիշը, որ 179 գիտնական առաջադրվել էր ակադեմիայի թղթակից-անդամի թեկնածու, թեեւ տեղերը 24-ն էին, վկայում է գիտական կյանքի աշխուժացման մասին։ ԳԱԱ նախագահին ուրախացնում է, որ ակադեմիան համալրվում է երիտասարդ կադրերով. այս տարի մոտ 50 երիտասարդ գիտնական եկել է ԳԱԱ համակարգում աշխատելու։ Պրն Սարգսյանը կարեւորեց նաեւ, որ այս տարի գիտնականները բազմաթիվ միջազգային գրանտներ են ստացել, հրապարակվել են միջազգային հայտնի պարբերականներում։ Սակայն անցնող տարին գիտական համակարգի համար ամենից առաջ նշանավորվեց նրանով, որ վերջապես ընդունվեց «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որի հետ Ֆադեյ Տաճատիչը լուրջ հույսեր է կապում։ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության ստեղծումով նշանավորվեց անցնող տարին։ Ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանի կարծիքով, 2000 թ. ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ հավատարմագրման ու լիցենզավորման համար վերջապես օրենսդրական դաշտ ստեղծվեց։ Մինչ այդ՝ հարցը կարգավորվում էր վարչապետի որոշմամբ, այսօր՝ օրենքով եւ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով։ Ընդ որում՝ դրանցով կարգավորվում է կրթական համակարգի ողջ մասնավոր հատվածի (մանկապարտեզից` բուհ) գործունեությունը։ Արժանավորները վերալիցենզավորվում են, անորակները՝ փակվում, այսինքն՝ դաշտը մաքրվում է։ Այս տարի հաստատվեց նաեւ հավատարմագրման կարգը, ինչին այդքան երկար ու տենչանքով սպասում էին մասնավոր բուհերը։ Ըստ պրն Գաբրիելյանի՝ մոտ երկու տասնյակ մասնավոր բուհ արդեն ավարտել է հավատարմագրման առաջին՝ ինքնավերլուծության փուլը, եւ այսօր նրանց գործերը հանձնվել են անկախ ուսումնական աուդիտորական ծառայությունների փորձաքննությանը։ Ի դեպ, ծառայության պետը կարեւորեց նաեւ այն, որ այս տարի առաջին անգամ ուսուցման որակի ստուգման շատ լուրջ ուսումնասիրություններ անցկացվեցին որոշ մասնավոր բուհերում (նկատի ունի ավարտական քննություններին մասնակցելը) եւ եզրակացությունը շատ լավատեսական էր՝ մասնավոր բուհը կայացել է։ Ռոբերտ Գաբրիելյանի համար տարին նշանավորվել է նաեւ հանրակրթության եւ միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության պետական չափորոշիչների ընդունմամբ։ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը կոնկրետ ձեռքբերումներ կամ կորուստներ չնշեց։ Գնահատականները հիմնականում ընդհանրական էին, մանավանդ որ նախորդ տարին ԵՊՀ-ի համար հոբելյանական էր եւ անցած 80 տարիների գործունեությունը հանրագումարի բերելու առիթ։ 2000թ., պրն Մարտիրոսյանի գնահատմամբ, համալսարանում սկսված գործընթացների կայունացման տարի էր։ Մայր բուհն անցել է կրթական նոր համակարգի, իսկ «կրթության բովանդակությունը կարծես թե մնացել է հինը»։ Նոր ուսումնական պլանների ու ծրագրերի մշակմամբ փորձում են այդ բովանդակությունը նորացնել։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել