Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

ՍԱՍՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՉԻ ԽՈՍԵԼ Հետեւաբար, երեկվա լուրերը ապատեղեկատվությո՞ւն էին ԼՂՀ Գերագույն դատարանը տեղափոխեց «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քր. գործի դատաքննությունը մինչեւ դեկտեմբերի 25-ը: Այն կապված էր մեղադրյալ Սասուն Աղաջանյանի եւ նրա «խոսելու» ցանկության հետ։ Լրատվամիջոցները երեկ տեղեկացրին, թե «Ահաբեկչության անմիջական կատարման համար մեղադրվող Սասուն Աղաջանյանը սկսել է խոսել»։ Այս կապակցությամբ մենք դիմեցինք Սասուն Աղաջանյանի շահերի պաշտպան, փաստաբան Էդուարդ Աղաջանյանին, թե «իրո՞ք Սասունը սկսել է խոսել։ Խոսե՞լ է դատարանում, նաեւ Ձեր հետ դեկտեմբերի 18-19-ի առանձնազրույցների ժամանակ»։ Փաստաբան Աղաջանյանը պատասխանեց, որ «Սասունը բացարձակապես չի խոսել դատարանում։ Ինձ հետ շփման մեջ է մտել երկու անգամ՝ գլխի եւ ձեռքի շարժումներով»։ Մենք հետաքրքրվեցինք նաեւ Սասունի առողջական ներկա վիճակով։ Փաստաբանը տեղեկացրեց, որ Սասունը դեռ չի քայլում եւ «ինքնուրույն չի կանգնում։ Նրան տանում-բերում են առաջվա պես»։ Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ Սասունի հետ երեկ տեսակցել է եւ նրա հայրը, որը կերակրել է նրան, քանի որ Սասունն ի վիճակի չէ առանց օգնության սնունդ ընդունել անգամ։ «Հոր հետ տեսակցելու ժամանակ էլ չի՞ խոսել» մեր հարցին ի պատասխան Է. Աղաջանյանը կրկնեց նույնը. «Սասունը չի խոսում»։ «Մինչեւ երկուշաբթի, հերթական դատական նիստը սկսելը բժիշկ հրավիրելո՞ւ եք» հարցին փաստաբան Աղաջանյանը պատասխանեց այսպես. «Նայած իմ պաշտպանյալի առողջական վիճակն ինչպիսին կլինի մինչ այդ»։ Պետք է նկատեմ, որ Սասունի պաշտպանը երեկ որոշ հարցերի ժամանակ կարծես չէր ուզում բացել փակագծերը, եւ ավելի հակիրճ էին նրա պատասխանները։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել