Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

«Ես եկել եմ՝ ավիացիան խելքի բերեմ» Առաքելություն ստանձնածի նման ասաց Հ. Երիցյանը Երեկ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանը ասուլիս էր հրավիրել՝ իր աշխատանքային 100 օրն ամփոփելու։ Իհարկե, նրա դեպքում, չափանիշ դարձած 100 օրը տեւել է 137 օր (աշխատում է օգոստոսի 5-ից), սակայն դա չէր խանգարում պրն Երիցյանին հայտարարելու. «Ես եկել եմ՝ ոչ թե նկարահանվեմ, այլ՝ հաշվետու լինեմ՝ ինչ-որ ստեղծել եմ իմ ժողովրդի համար որպես ավիացիա»։ 88-ին նա ավիացիայի առաջին եւ վերջին ընտրովի ղեկավարն է եղել։ Վերադարձավ միայն 2000թ. օգոստոսի 6-ին. «Երբ ես եկա, տեսա, որ իմ վաղեմի շրջապատից 15-20% է մնացել»։ Այն փաստը, որ այդ համակարգում 1700 աշխատողների 73%-ը ավիացիայի հետ ոչ մի կապ չունի, պրն Երիցյանի կարծիքով, «զարհուրելի կադրային քաղաքականության» հետեւանքն է։ Այդ իսկ պատճառով նա նպատակ է դրել այդ ուռճացված քանակը սահմանափակել՝ «կմնա 800-1000 հոգի, եթե մի այլ անձ գար, ամենաշատը 300 հոգի կթողներ»։ Այսօր պրն Երիցյանը պայքարում է վերջին 8 տարիներին «ստեղծվածի ու քայքայվածի դեմ», քանի որ «ես ունեմ հովանավորողներ՝ ՀՀ նախագահն ու վարչապետը»։ Իր առաջին հրամանով ավիացիայի ղեկավարը կարգադրել է, որ բոլոր ֆինանսական հոսքերը ստուգում անցնեն. «A-310» ինքնաթիռի ձեռքբերման պայմանագիրը ոչ միայն կործանիչ է եղել, այլեւ՝ հանցագործ։ Այդ պայմանագրով «Հայկական ավիաուղիները» ամսական 720 հազար դոլար գումար է վճարել, օգոստոսին այդ թիվը դարձել է 570 հազար դոլար։ Մեր պատվիրակությունը մեկնեց Թուլուզ, 6 ժամ նախադասություն առ նախադասություն աշխատեցինք դրա վրա, արդյունքում՝ 570 հազար դոլարից դարձավ 345 հազար դոլար։ Եթե կառավարությունը երաշխիք տա, այս շաբաթվա ընթացքում կունենանք երկրորդ «A-310» ինքնաթիռը, որի համար ամսական կվճարենք 140 հազար դոլար»։ Եվս մի ձեռքբերում ներկայացրեց պրն Երիցյանը. տպագրում ենք առանց խմբագրումների. «Օգոստոսի 21-ին, բարձրացնելով փաստաթղթերը, նոր վարչության պետը (այսինքն՝ հենց ինքը- Մ. Բ.) տեսնում է, որ ինքնաթիռը՝ հայկական, Մոսկվայում լիցքավորվում է 14% ավելի մուծելով։ Ունեն համաձայնագիր, որ նրանց նավթային ընկերությունը նաղդ չի վերցնում էդ փողը, վերցնում է հաջորդ ամսվա սկզբին, բայց 14% ավել, որը միջին թվով կազմում էր 32-35 հազար դոլար ամսական։ Տարեկան դառնում է 350 հազար դոլար։ Պատկերացնո՞ւմ եք՝ ի՜նչ ահավոր երեւույթ է»։ Հետո, իհարկե, պրն Երիցյանն իր անձնական կապերով այդ հարցը լուծում է։ Ի դեպ, պրն Երիցյանը չմոռացավ պարծենալ, որ Թուրքմենբաշու մորաքրոջ տղան իր մոտ ընկերն է։ Բավական չէ, որ պրն Երիցյանը մտադիր է 700-800 աշխատակից կրճատել (թեեւ՝ արդարացիորեն), նա դեռ որոշել է կրճատել իր համակարգի աշխատակիցների գործուղումների թիվը (տարեկան 400 հազար դոլար գործուղումների համար է ծախսվել), բջջային հեռախոսների, ծառայողական մեքենաների եւ անգամ՝ ո՜վ սարսափ, քարտուղարուհիների թիվը։ Ըստ նրա, ամենածանրը սպասարկման ոլորտն է. «Ուղեւորին մինչեւ հասցրել են, որ նստի իրա տեղը, ներողություն, թեորիական բռնաբարություն էին անում՝ 10 անգամ մտնում էին շորի տակը՝ նայեն, ի՞նչ կա-չկա։ 6-8 մարդ էդ ճամփի վրա աշխատանքից հեռացրել եմ»։ Նրա որակմամբ փոխադրումների ծառայությունում աշխատող որոշ մարդիկ «ոնց-որ մարդակեր աբորիգեն լինեն. ուղեւորն իջնում ա, թե չէ՝ մեկը ճամպրուկն ա քաշում, մյուսը՝ շալվարը…»։ Պրն Երիցյանը դժգոհ էր նաեւ ավիատոմսերի վաճառքի կետերի մեծաքանակությունից՝ 174, ավիացիայի համակարգն անիմաստ տրոհելուց. «Ո՞վ է տեսել, որ գերատեսչությունը ներքին օղակին փող մուծի. ավիակոմպանիան «Զվարթնոցին» 400 հազար է տալիս»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել