Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

«ԲԱՐԵԽԻՂՃ ՀԱՐԿԱՏՈՒՆ» ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է Ընդամենը երեք ամիս առաջ կամ պետական եկամուտների նախորդ նախարարի պաշտոնավարության օրոք, անբարեխիղճ հարկատու որակումը ստացած որոշ տնտեսվարող սուբյեկտներ այսօր արդեն նվաճել են «բարեխիղճ հարկատու» տիտղոսը։ Ավելին, այդ ցանկում իր պատվավոր տեղն է գրավել «Զիգզագը», որին ՀՀ պետեկամուտների ներկայիս նախարար Անդրանիկ Մանուկյանը անբարեխիղճների շարքին էր դասել։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին «Ազգը» Անդրանիկ Մանուկյանի հետ հարցազրույցի կողքին տպագրել էր նաեւ տնտեսվարող սուբյեկտների 2000թ. 9 ամիսների ֆիսկալ հասույթները եւ հարկային մուտքերը։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ թվերը հրապարակելով, բացվում է առեւտրային գաղտնիքը։ Նշենք, որ այդ հարցազրույցում Անդրանիկ Մանուկյանն իրավիճակը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Այս ցուցակից երեւում է «տանիք» հասկացությունը։ Ով մեջքին մարդ է ունեցել՝ չի վճարել, ով չի ունեցել՝ վճարել է։ Այս պատկերը տեսնելով, ինձ համար պարզ է դարձել, թե ինչ է կատարվում, ես նախորդ նախարարներին որեւէ բան չունեմ ասելու»։ Սակայն նույն «Ազգը» ստիպված եղավ հաջորդ օրն իսկ տպագրել «Զիգզագի» տեսակետը, որով հերքվում էր պետեկամուտների նախարարության պաշտոնական տեղեկատվությունը։ Պարզ դարձավ, որ «Զիգզագը» 9 ամիսների ընթացքում վճարել է 550 մլն 700 հազար դրամի հարկ (որից միայն 338 մլն 200 հազարը կազմում է ԱԱՀ) եւ ոչ թե 7,5 մլն դրամի հարկ, ինչպես ներկայացրել էր պետեկամուտների նախարարությունը։ Եվ ահա, նույն այդ նախարարությունը, որը մեկ ամիս առաջ «Զիգզագին» անբարեխիղճ էր համարում՝ հիմա ընդգրկեց առավել մուտքեր ապահովված հարկատուների ցանկում։ «Զիգզագի» տնօրեն Արա Մկրտչյանը մեզանից տեղեկացավ իրենց համար ուրախալի լուրի մասին։ Մեկնաբանելով վերը նշված երեւույթը, պրն Մկրտչյանն այն կարծիքը հայտնեց, որ հավանաբար նախարարության աշխատակիցները սխալ տեղեկություն են հայտնել նախարարին եւ ճշտումներից հետո պարզվել է, որ իրենք ճիշտ են։ «Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ սխալը ճշտվել է»,- ասաց Արա Մկրտչյանն ու շեշտեց, որ հարկեր վճարելն իրենց սկզբունքն է, իսկ հավասար հարկային դաշտում աշխատելը՝ երազանքը։ Հնարավոր է արդյո՞ք, որ մի ամսվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտը անբարեխիղճ հարկատուից վերաճի առավել բարեխիղճ հարկատուի։ Այս հարցով դիմեցինք պետեկամուտների նախկին նախարար Գագիկ Պողոսյանին։ Մանավանդ որ, իր պաշտոնավարության շրջանում անբարեխիղճ հարկատուների ցանկում հայտնված «Յունիտեքսն» ու «Յունիսանն» այսօր արդեն բարեխիղճ հարկատուների պատվավոր քսանյակում են։ «Հնարավոր չի, որ անբարեխիղճ հարկատուն մեկ ամսվա ընթացքում դառնա բարեխիղճ»,- շեշտեց պրն Պողոսյանը։ Նրա կարծիքով, «բարեխիղճ հարկատու» ձեւակերպումը տալու համար պետք է տնտեսվարող սուբյեկտների մի քանի ամսվա հարկային մուծումները նայել։ Քանի որ, նույն տնտեսվարող սուբյեկտը մի ամիս բարձր հարկեր է վճարում, մեկ այլ ամիս՝ ցածր։ Մանավանդ, որ այդ ցուցանիշներին, ըստ պրն Պողոսյանի, կանխավճարների միջոցով են հասել, որն, ի դեպ, նրա խոսքերով, օրենքով թույլատրելի է։ Թեպետ հայտնի է, որ այն ժամանակ որոշակի պատվեր էր կատարվում «Յունիսանի», «Յունիտեքսի» եւ այլ կազմակերպությունների հանդեպ։ Նշենք, որ Գագիկ Պողոսյանի «SAS» ֆիրման այդպես էլ չհայտնվեց բարեխիղճ հարկատուների ցանկում։ Այս հարցով դիմեցինք ՀՀ պետեկամուտների ներկայիս նախարար Անդրանիկ Մանուկյանին։ Նա շեշտեց, որ ներկայացված տվյալները վերաբերում են միայն նոյեմբեր ամսին, ուստի դրանով չի կարելի դատողություններ անել ամբողջ տարվա համար։ Պրն Մանուկյանի խոսքերով՝ իրենք աշխատանք են տարել հարկատուների հետ, որոնք էլ նոյեմբերին նորմալ վճարել են հարկերը։ Պրն Մանուկյանը նույնիսկ օրինակ բերեց մեր վերը նշած «Զիգզագ», «Յունիսան», «Յունիտեքս» ընկերությունները։ Իմիջիայլոց, բարեխիղճ հարկատուից անբարեխիղճի փոխվելը (եւ ընդհակառակը) ոչ միայն Հայաստանին է հատուկ։ Ռուսաստանում էլ մեկ տարի առաջ ՌԴ հարկերի եւ եկամուտների հավաքագրման նախարարը «Բարեխիղճ հարկատու» մրցանակը շնորհեց «ԼուկՕյլին»։ Կես տարի հետո նույն նախարարը նույն «ԼուկՕյլին» քարշ տվեց դատարան՝ հարկերը չվճարելու համար։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել