Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

Օգնե՛ք կարիքավորին-2 Առաջատար թերթերը «տնտեսեցին» 5,45 մլն դրամ «Ա1+» հեռուստաընկերության «P.S.» հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրը՝ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն, առաջարկեց հանրապետության առաջատար լրատվամիջոցներին հրաժարվել պետությունից տարին մեկ անգամ ստացվող օգնությունից՝ հօգուտ ավելի կարիքավոր թերթերի, այս դեպքում՝ մանկապատանեկան պարբերականների։ Առաջարկին անմիջապես արձագանքեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, որը դեկտեմբերի 13-ին իր թերթում բաց նամակով դիմեց Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանին՝ առաջարկելով պետության սուղ միջոցներից տարին մեկ անգամ ազատ մամուլին տրամադրվելիք գումարի «Առավոտ»-ի բաժինը՝ 600 հազար դրամը, փոխանցել այն պարբերականներին, որոնք չունեն բարձր տպաքանակ եւ հովանավորներին դիմելու հնարավորություն, բայց, որոնց լույսընծայումը, ըստ վարչության պետի, անհրաժեշտ է մեր պետությանն ու հասարակությանը։ Մի շարք թերթեր նույնպես արձագանքեցին պրն Վարդանյանի առաջարկին: «Ազգ», «Երկիր», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «թՏսՏր ԸՐՎպվՌՌ», «Չորրորդ իշխանություն», «Նորաթերթ» թերթերի խմբագիրները բաց նամակ հղեցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ Տեղեկատվության եւ գրահրատարակչության պետ Էդվարդ Միլիտոնյանին. «ՀՀ 2000 թվականի բյուջեի մասին օրենքով նախատեսված է 40 միլիոն դրամ հատկացնել ոչ պետական պարբերական մամուլի եւ հեռուստառադիոընկերությունների սուբսիդավորմանը։ Տեղեկատվության վարչությունը նշված գումարից 24,5 միլիոն դրամ առաջարկել էր բաշխել 64 անուն մամուլի օրգանների։ Մենք, ներքոստորագրյալ խմբագիրներս, խնդրում ենք մեզ հասանելիք գումարը օգտագործել ավելի արդյունավետ եւ նպատակային, այն հատկացնելով ծանր վիճակում գտնվող մանկապատանեկան մամուլին՝ «Կանչ» թերթին, «Ծիծեռնակ» եւ «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրերին»։ Ամբողջ գումարը կազմում է 5,45 միլիոն դրամ։ Գրահրատարակչության եւ տեղեկատվության վարչության պետ Էդ. Միլիտոնյանը կառավարություն է ներկայացրել պետական միջոցներից օգնություն ստացող պարբերականների նոր ցանկ, որը կառավարության այսօրվա նիստը, ըստ ամենայնի, կհաստատի։ Արդյունքում մանկապատանեկան մամուլը կստանա 7,25 միլիոն դրամ, որից 3,25 միլիոնը կտրվի «Կանչ» թերթին, 2-ական միլիոն դրամ կստանան «Ծիծեռնակ» եւ «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրերը։ Լավ է, իհարկե, որ գործընկերներն իրար ձեռք են մեկնում, պարզապես հիշեցնենք պետական այրերին, որ այս երկրում մեծահասակներից բացի նաեւ երեխաներ են ապրում (ի դեպ՝ նաեւ պետական այրերի անցյալն ու ապագան), որոնց միակ թերթն ու երկու փոքրիկ ամսագրերը պարբերաբար կարիքավորի կարգավիճակում են։ Հարցը տարիներ շարունակ լուծում չի ստանում։ Ամեն անգամ բյուջեի սուղ միջոցները եւ մեծ չափի ճեղքվածքն է մատնացույց արվում։ Իսկ մինչ այդ երեխաները մեծանում են։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել