Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

Նրանք միայն սուրճ չէին խմում Ինչքան էլ լրագրողները փորձեցին պարզել, թե 1999-ի մայիսից հետո ինչ էին պայմանավորվել Վազգեն Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը վերջինիս տանը կայացած զրույցի ընթացքում, երկուսն էլ միայն պատասխանում էին. «Սուրճ ենք խմել»։ Հաշվի առնելով, որ ԱԺՄ-ի ներսում իսկ սաստկացել է քննադատությունը իշխանությունների հետ շփումների համար՝ Վազգեն Մանուկյանը վերջին համագումարում ստիպված էր նման դեպքերի վերաբերյալ որոշ փակագծեր բացել։ Ըստ նրա, ԱԺ ընտրություններից հետո իր նախաձեռնությամբ կայացած այդ հանդիպումը Վազգեն Սարգսյանի հետ ե՛ւ մտերմության, ե՛ւ բանակցային փուլի սկիզբ էր դարձել, թե ինչպես «մնալով ընդդիմության մեջ, այնուամենայնիվ, իշխանությունների միջոցով հնարավորություն ունենանք իրականացնել որոշ ծրագրեր, որոնք մենք համարում ենք համազգային, համապետական։ Խոսք գնաց կադրային հարցերի մասին՝ մենք մերժեցինք, բայց ասացինք, որ դրա հարցը հետագայում կարող է առաջանալ»։ Հետագան արդեն Արամ Սարգսյանի հետ հանդիպումներն էին. «Մենք շատ հստակ պայմաններ դրեցինք։ Պայման համար 1, որ մենք չենք դառնալու խաղալիք երկու թեւերի կռվի մեջ։ Եթե մենք պետության մասին ենք մտածում՝ պետք է լինի մի մարմին, որտեղ պետք է լինի ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ կուսակցությունները։ Միասին պետք է մշակեն ծրագիր»։ Սակայն ոչ սա, ոչ էլ մնացած պայմանները, որ պնդել էին ԱԺՄ-ն ու ՀՅԴ-ն, չկատարվեցին. «Ուղղակի առաջարկվեց պաշտոնյա նշանակել»։ Եվ իշխանությունների հետ երրորդ համագործակցությունը «Միասնության» թվացյալ փլուզման պարագայում էր, երբ նոր մեծամասնություն կազմելու եւ ընդհանուր ծրագրի շուրջ համախմբվելու առաջարկ էր արվել. «Մեզ նորից ուզեցին օգտագործել։ Ասացին՝ եկեք հլը Արմեն Խաչատրյանին հանենք, հետո նոր այդ ընդհանուր ծրագիրը-բանը կանենք»։ Վազգեն Մանուկյանի կարծիքով, վարչությունն այդ ժամանակ սխալ որոշում կայացրեց. «Զուտ արժանապատվությունը եւ քաղաքական խոհեմությունը պահանջում էր, որ մենք այդ խաղից մի կողմ կանգնեինք»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել