Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 21,2000 00:00

ԴԵ ԺՈՂՈՎԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ Սկսվեց եւ ավարտվեց ՀՌԱԿ 10-րդ ժողովը ՀՌԱԿ-ը ձեզ համար ոչ ՀՅԴ է, ոչ էլ ԱԺՄ։ Եթե մեկն իր համագումար-ժողովները մինչեւ կրունկները դռնփակ է անում, մյուսը՝ մինչեւ մատների ծայրը՝ բաց, ապա ՀՌԱԿ-ը ռամկավարական, սովորական ժողովներ է անում, ի դեպ, չմոռանալով անուն առ անուն հիշել բոլոր ներկա հյուրերին։ Մոտավորապես հետեւյալ ենթատեքստով՝ տեսեք-տեսեք, մեզ էլ են հարգել ու եկել։ ՀՌԱԿ պատգամավորական ժողովը երեկ ընթացավ փափուկ եւ թափանցիկ։ Ոչ մի երկպառակություն, ոչ մի գաղափարական հակամարտություն, ոչ մի արյունահեղություն, փոխադարձ ոչ մի հայհոյանք։ Կուսակցության ղեկավար Ռուբեն Միրզախանյանը կարդաց նախօրոք պատրաստված իր զեկույցը, որն, ի դեպ, լրագրողներին բաժանվեց նաեւ գրավոր։ Զեկույցը սկսվեց «20-րդ դարի վերջնամուտի» գնահատմամբ, կրկին ներկայացրեց ՌԱԿ-ի՝ Հայաստանում վերահաստատվելու նախապատմությունը, ձգվեց մինչեւ այն պահը, երբ «պատեհապաշտների մի ստվար խումբ» կարողացավ ցնցել կուսակցությունը ներսից, ապա, հուրախություն ներկաների, ասվեց. ՌԱԿ-ի երկու թեւերի վերամիավորման հավանականությունը Սփյուռքում ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2001 թվականի գարնանը եւ այլն, եւ այսպիսի բաներ։ Ուրիշ հարց է, որ ՀՌԱԿ-ն արդեն որերորդ անգամ չի կարողանում խորհրդարան մտնել։ Պատճառը նշվեց չափազանց անկողմնակալ եւ օբյեկտիվ. «Նյութական անհրաժեշտ միջոցների բացակայությունը, տեղերում թույլ կառույցները, սփյուռքի շրջանակի անհաշտ վիճակը, ընտրություններին առանց դաշնակիցների ներկայանալը»։ Պարոն Միրզախանյանն իր զեկույցում առիթը բաց չթողեց երկրի նախագահի գովքն անելու։ Լսելով զեկուցողին, ներկաները հասկացան, որ նախագահ Քոչարյանը «տնտեսության մեջ իրավիճակը բարելավելու ուղղությամբ» գործողություններ է կատարել, իսկ «նախագահի գործողությունները հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո», թույլ չտվեցին, որ «ներքին իրավիճակը երկրում ունենա պայթունավտանգ դրսեւորումներ»։ Ռամկավարները չէին թաքցնում, որ ջերմ եւ անկաշառ սիրով են սիրում նախագահ Քոչարյանին։ Հետաքրքիր է, նախագահը ՌԱԿ սիրո՞ւմ է։ Թերեւս՝ միայն լավ գարեջրի հետ։ Իմիջիայլոց, փաստենք, որ նախագահ Քոչարյանի ողջույնի ուղերձը ՀՌԱԿ պատգամավորական ժողովին չկարդացին ոչ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, ոչ էլ նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանը։ Ուղերձը կարդաց անձամբ Ռուբեն Միրզախանյանը։ ՌԱԿ անդամները դժվար թե սույն փաստից վիրավորվեին, ընդհակառակը՝ մանավանդ եթե հիշենք, որ օրերս տեղի ունեցած ԱԺՄ համագումարին նախագահը ոչ ուղերձ էր ուղարկել, ոչ էլ՝ ներկայացուցիչ։ Կուսակցությունը որոշել է լրջորեն զբաղվել իր ֆինանսական խնդիրներով. «Անհրաժեշտ է, որ ՀՌԱԿ-ը որակական այլ քաղաքականություն որդեգրի եւ իրականացնի կուսակցության մարզային կառույցներում, ինչպես նաեւ՝ ընդունելության խնդրում»։ Քանի որ կուսակցությունում «շատ քիչ է գործարարների ներկայությունը», պետք է այդ ուղղությամբ մտածել. «Պետք է միավորեն նախ եւ առաջ տարբեր մակարդակի սեփականատերերի, աշխատանքով ապահովված մարդկանց…»։ Ավանդական կուսակցությունը մոտավորապես «Հպո255ՑՈ, ՊՈՉՈռՑպ ՋՌՑՖ ՊՐցՋվՏ» տիպի ցանկություն հայտնեց։ Եթե ԱԺՄ-ն՝ որպես բացախոս կուսակցություն, անթաքույց խոսեց եւ ներքին խնդիրները գոնե փորձեց ջրի երես հանել, ապա ՀՌԱԿ-ը պարզապես հերթապահ առաջարկ արեց. «Վերջին շրջանում ասպարեզում են հայտնվել գաղափարախոսական որոնումների մեջ գտնվող, պոպուլիստական բարբաջանքով սնվող մարդկային միավորումներ, որոնց բնորոշել որպես կուսակցություն՝ դժվար է։ Մենք ցանկանում ենք, որ այդ միավորումների գաղափարախոսական փնտրտուքը վերջանա եւ նրանք կարողանան կողմնորոշվել ոչ թե ըստ դիմության կամ ընդդիմության, այլ…» եւ այլն։ Վերջում ասեմ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն մի հուզիչ ուղերձ էր հղել պատգամավորական ժողովի մասնակիցներին, որն ընթերցեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը։ Իսկ ամենավերջում նշեմ, որ ժողովին մասնակցում էր նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը։ Գուցե նախագահը ՌԱԿ-ն առանց գարեջրի է նախընտրում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել