Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 20,2000 00:00

Հայցվորը կներկայանա տեսամագնիտոֆոնով Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում 2 ժամ ուշացումով սկսվեց «Խաղաղություն Հայաստանի» բարեգործական կազմակերպության նախագահ Սիլվա Եղիազարյանի քաղհայցի քննությունն՝ ընդդեմ «Հայրենիք» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի պատասխանատու Սարգիս Հացբանյանի։ Պատասխանող էր ճանաչվել նաեւ «Օրը» ծրագիրը, սակայն արդեն 3-րդ անգամ նրանց ներկայացուցիչը չէր ներկայանում դատարան։ Պատասխանողի ներկայացուցիչը՝ փաստաբան Գեւորգ Ներսիսյանը, գտնում էր, որ «Օրը» «պատշաճ պատասխանող» չէ։ Ու նրանց պատշաճության հարցն էլ մնաց առկախ։ Պետք է տեղեկացնեմ, որ դատարանը 11։00-13։20 հոսանքազրկված էր, նիստն ընթանում էր մութ դահլիճում եւ, որ անլվա ու նեղ պատուհանները «պարտավոր» չէին ապահովել դահլիճի լուսավորահիգիենիկ կարգավիճակը։ Ինչեւէ։ Հայցվորը գտնում էր, որ պատասխանող Ս. Հացբանյանը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, անձնական վիրավորանք է հասցրել իրեն եւ նրա բարեգործական գործունեությունը համարել անբարոյականություն։ Ս. Եղիազարյանի ներկայացուցիչը՝ Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի փոխտնօրեն Գոհար Գալստյանը, դատարանին տեղեկացրեց նաեւ Լոս Անջելեսի հայկական համայնքի կողմից Ս. Եղիազարյանին ուղարկված մարդասիրական օգնության մասին, որը «կորել» է այս տարվա ապրիլից եւ չի հասել հասցեատիրոջը՝ տիկին Ս. Եղիազարյանին։ Նրանք պահանջում էին նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում՝ մինչեւ 50 հազար դոլարի չափով։ Ս. Եղիազարյանի ներկայացուցիչը պատմեց նաեւ, որ Ս. Հացբանյանի պատճառով հայցվորը կորցրել է իր առողջությունը։ Իրենց հերթին հակընդդեմ հայցով՝ «պատիվը եւ արժանապատվությունն արատավորող տեղեկությունը հերքելու պահանջի մասին» դատարանին դիմեց պատասխանող կողմը։ Սակայն այս հակընդդեմ հայցը երեկ դատարանը չհասցրեց քննության առնել։ Միայն տեղեկացնեմ, որ ԱՄՆ-ի «Հայրենիք» միության մասնաճյուղի տնօրեն Ս. Հացբանյանը խնդրում էր պարտավորեցնել Ս. Եղիազարյանին «նույն լրատվամիջոցով» («Օրը») հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունը։ Հերքում, ի դեպ, պահանջում էր եւ Ս. Եղիազարյանը։ Հայցի քննության ընթացքում հայցվոր կողմը դատավոր Գ. Կարախանյանին ներկայացրեց տեսաժապավեն՝ ԱՄՆ-ում Նիկ Նշանյանի կազմակերպած ճաշկերույթի մասին, երբ հարգանքի ժեստ անելով Ս. Եղիազարյանին, հենց այդ օրն էլ որոշվել էր նրա բարեգործական գործունեության համար հատկացնել հագուստեղեն, բժշկական սարքեր, դեղորայք, որոնք պետք է բաժանվեին Նոր Նորք համայնքի պատերազմի եւ աշխատանքի վետերաններին, թիվ 141 դպրոցին («Առավոտը» մայիսին անդրադարձել էր այս պատմությանը) ու չէին բաժանվել մինչեւ օրս։ Ներկայացվեցին այլ փաստաթղթեր եւս։ Սակայն դատարանը պարզեց, որ չունի տեսամագնիտոֆոն, ուստի հայցվոր կողմին պարտավորեցրեց ապահովել այն։ Այսօր կգնանք դատարան՝ «վիդեո» նայելու… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել