Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 20,2000 00:00

Մշակույթի նախարարների համաժողով՝ Ստրասբուրգում Դեկտեմբերի 13-ին ու 14-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրախորհրդի անդամ երկրների մշակույթի նախարարների համաժողովը։ Համաժողովի շրջանակներում հանդիպեցին նաեւ կովկասյան երեք հանրապետությունների մշակույթի նախարարները։ Հանդիպման համար մոտ 2 տարի տարվել են նախապատրաստական աշխատանքներ, որի նախաձեռնողը Վրաստանի հանրապետությունն էր։ Մանրամասները երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանն ու փոխնախարար Կարեն Արիստակեսյանը։ «Դեռեւս 1999-ին Վրաստանի մշակույթի նախարարի հետ մենք ստորագրել ենք մշակութային համագործակցության ծրագրի համաձայնագիր, որի թարգմանությունն այս տարի ներկայացրինք Եվրախորհրդի մշակույթի կոմիտեին։ Նույն ծրագիրը ես ներկայացրի Ադրբեջանի մշակույթի նախարար Փոլաթ Բյուլբյուլօղլուն, որպեսզի կարողանանք Կովկասի երեք հանրապետություններով համագործակցել։ Սակայն Ադրբեջանի նախարարը հրաժարվեց ստորագրել, պատճառաբանելով, որ իրենց հանրապետության մեծ մասը շրջափակված է, ինչի պատճառով չունեն մշակութային ակտիվ գործունեության հնարավորություն»,- ասաց Ռոլանդ Շառոյանը։ Մեր նախարարի հավաստմամբ, Փոլաթ Բյուլբյուլօղլին շուրջ 20 րոպե պնդել է ու ներկաներին համոզել, որ Ադրբեջանը շրջափակված է, որ ադրբեջանական հիմնական մշակութային արժեքները, հուշարձանները Արցախում են ու, քանի որ ինքն էլ ծնունդով ղարաբաղցի է, շատ ծանր է տանում, որ ոչ մի կերպ չի կարողանում պահել ու պահպանել այդ արժեքները։ Մեր մեկնաբանություններն այստեղ թերեւս ավելորդ են, հատկապես, եթե նշենք, որ այդ 20 րոպեների ընթացքում Բյուլբյուլօղլին անընդմեջ նույն բանը կրկնելով ձանձրացրել էր մշակութային կոմիտեի անդամներին ու, Ռոլանդ Շառոյանի հավաստմամբ, նախարարներից շատերն այդ ընթացքում դուրս են եկել դահլիճից։ Իսկ երբ Թուրքիայի մշակույթի նախարարության դեպարտամենտի քարտուղարն առաջարկել է Կովկասի 3 հանրապետությունների նկարիչների ցուցահանդեսը կազմակերպել Թուրքիայում՝ յուրաքանչյուր երկիր՝ 50-ական գործով, Բյուլբյուլօղլին զգալիորեն այլայլվել է։ Եվրախորհրդի մշակութային կոմիտեն դրական է գնահատել Հայաստանի մշակութային քաղաքականությունն ու բարեփոխումների ընթացքը Հայաստանում, համարելով, որ Հայաստանի մշակութային քաղաքականությունը, մշակված օրենքների նախագծերը, նաեւ՝ նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համապատասխանում են եվրոպական չափանիշներին։ Եվրախորհրդի մշակույթի կոմիտեի հանձնաժողովի կողմից մշակվել է «Ստրեյջ» ծրագիրը, որը պիտի ֆինանսավորի մշակութային քաղաքականության մշակումը Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում։ Այս ծրագիրը կարեւորվում է Եվրախորհրդի կողմից սոցիալական համախմբվածություն ապահովելու, նաեւ՝ 3 երկրներում ստեղծագործական ներուժը օգտագործելու առումով։ «Ստրեյջ» ծրագրի շրջանակներում եւ Եվրախորհրդի կողմից արդեն ֆինանսավորվել է 2 գրքերի թարգմանություն, որոնք լուսաբանում են մշակութային քաղաքականությունն ընդհանրապես։ Ասուլիսի վերջում փոխնախարար Կարեն Արիստակեսյանը հույս հայտնեց. «Հայաստանը տարածաշրջանում կկարողանա մշակութային քաղաքականության կենտրոն դառնալ, քանի որ այն ունի դրա համար անհրաժեշտ ստեղծագործական ներուժը»։ ՍԻՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել