Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 20,2000 00:00

ՋԱԶ ԲԵՆԴԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀՅՈՒՐԱԽԱՂԻՑ ԱՄՆ-ում նրա լավագույն հանդիսատեսները երբեմնի հայաստանցիներն էին Հայաստանի պետական ջազային նվագախումբը օրերս վերադարձավ ԱՄՆ կատարած հյուրախաղից։ Ջազ բենդը մեծ համերգով հանդես եկավ Գլենդելի «The Alex Theater» սրահում։ Նվագախմբի պրոդյուսեր Արթուր Ասատրյանը պատմում է. «Մինչ այդ ԱՄՆ-ում էի, եւ միտք ծագեց, որ նվագախումբը տանենք այնտեղ, քանի որ ԱՄՆ-ում վերջին անգամ եղել է 1976-ին։ Այն ժամանակ Կոնստանտին Օրբելյանն էր ղեկավարում։ «The Alex Theater»-ը համարվում է Լոս Անջելեսի լավագույն սրահներից մեկը՝ 1400 տեղանոց։ Համերգը նվիրեցինք Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Նպատակներից մեկն էլ այն էր, որ, ի վերջո, կոտրվեին բոլոր այն սահմանները, որ վերանային խոսակցությունները՝ Երեւանից երգիչ, Լոս Անջելեսից երգիչ… Բոլորը միասին մասնակցում էին մեր համերգին՝ ե՛ւ Հայաստանից ժամանած, ե՛ւ Լոս Անջելեսում բնակվող երգիչներ։ Նվագախմբի հետ հանդես եկան Ալլա Լեւոնյանը, Գեորգի Մինասյանը, Շուշան Պետրոսյանը, Հայկոն, Միքայել Պողոսյանը, Էռնա Յուզբաշյանը, Էմմա Ասատրյանը, Հարութ Փամբուկչյանը, Նորայր Շառոյանը (դհոլ), Վարդան Գրիգորյանը (դուդուկ, զուռնա) եւ այլք։ Հատուկ հրավիրյալ էր նաեւ Կոնստանտին Օրբելյանը։ Համերգը հայ երգարվեստի տոնի վերածվեց, շատերը մեզ օգնեցին՝ մեր ընկերները, երգիչներ, որոնք պարզապես որպես հյուր մասնակցեցին համերգին։ Դահլիճը լեփ-լեցուն էր։ Այդպիսի հանդիսատես Հայաստանում կտեսնեինք մոտ 15-20 տարի առաջ, ֆիլհարմոնիայի դահլիճում մի գեղեցիկ համերգի ընթացքում։ Իհարկե, ցավալին այն էր, որ մեր այստեղի հանդիսատեսն էր, որը այս 10 տարիների ընթացքում տեղափոխվել է ԱՄՆ։ Համենայնդեպս իրենց համար շատ ուրախալի էր։ Համերգից հետո՝ կիրակի օրով, 10։30-ից մինչեւ կեսգիշեր, մեր հայրենակիցներն ուղղակի տուն չէին գնում, հուզված էին, թեեւ հաջորդ օրը բոլորը աշխատանքի պետք է գնային։ Ասում էին՝ «դուք մեզ չորս ժամով տարաք Երեւան ու ետ բերեցինք»։ Ըստ Ա. Ասատրյանի՝ այս հյուրախաղը նվագախմբի համար փորձ էր եւ շատ «ճոխ» հյուրախաղ, որովհետեւ մեկ ամիս նվագախումբն ԱՄՆ-ում եղավ, բայց մեկ համերգ տվեց։ Իսկ նոյեմբերի 18-ին «Armenian Music Awards 2000»-ին մասնակցեցին իբրեւ հյուր։ Ա. Ասատրյանը նշեց, որ մյուս տարի նվագախումբը մեծ ծրագրով հանդես կգա։ «Մեր նվագախմբի նպատակն է՝ մեր երաժշտության ոճը, այսինքն՝ ժողովրդական գործիքները, համադրել ջազային երաժշտության հետ, որը ստեղծում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը։ Ջազային այդ ստեղծագործությունները ամենաբուռն ընդունելության արժանացան, որից մենք մի փոքր վախենում էինք»,- ասաց Ա. Ասատրյանը։ Երեւանյան միջազգային ջազ փառատոն-2000-ի ընթացքում աշխարհահռչակ Չիկ Կորեայի եւ Հայաստանի միջազգային ջազային նվագախմբի միջեւ ստեղծագործական համագործակցության սկիզբ էր դրվել։ Նվագախումբն Ամերիկայում գտնվելու օրերին նվագակցեց Չիկ Կորեային։ «Դեկտեմբերի 12-ին Չիկ Կորեան նվագում էր «Կատալին ջազ կլուբում», որն իրենց «Պապլավոկն» է, այդ օրը սրահի մոտ 99%-ը երեւի հայություն էր։ Թերեւս ուզում էին նաեւ ստուգել երեւանյան տվյալները՝ Չիկ Կորեա-նվագախումբ համագործակցության մասին՝ իրականությո՞ւն են, թե՞ ոչ։ Չիկ Կորեան համերգից հետո ողջունեց Արմեն Մարտիրոսյանին, ապա բեմ հրավիրեց մեր դուդուկահար Վարդան Գրիգորյանին եւ Նորայր Շառոյանին եւ տրիոյի հետ տեղում իմպրովիզներ արվեցին։ Այնքան լավ ստացվեց այդ համատեղ կատարումը, որ մոռացվեց մինչ այդ եղած մոտ երկու ժամանոց համերգը»,- պատմում էր Հայաստանի պետական ջազային նվագախմբի պրոդյուսերը։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել