Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 20,2000 00:00

Ով կշահի, ով էլ՝ չէ Օրերս խմբագրություն այցելած թոշակառու Հ. Սարգսյանին անհանգստացրել էր «Եվրոֆուտբոլ 1998-99» հանդեսի խաղարկության հետաձգումը։ Պարոն Սարգսյանը պատմեց, որ «Էլեն-2000» ընկերությունը դպրոցներում բաժանել է «Եվրոֆուտբոլ 1998-99» հանդեսը։ Այնտեղ պետք է պատկերված լինեին եվրոպական ֆուտբոլային ակումբների 240 ֆուտբոլիստների նկարներ, սակայն նկարների տեղերը բաց են թողնված եւ գրված են միայն նրանց անունները։ Աշակերտները պետք է այդ նկարները գնեին կրպակներից։ Յուրաքանչյուր ծրարում 5 լուսանկար է եղել՝ 150 դրամ արժողությամբ։ Ընդ որում, փակ ծրարներում լուսանկարները կարող էին կրկնվել։ Բայց երեխաներին ոգեւորել է այն միտքը, ըստ պրն Սարգսյանի, որ հանդեսը ներկայացնող առաջին 100 հոգու միջեւ կկայանա խաղարկություն, ու երեխաները նվերներ կստանան։ Պրն Սարգսյանի հավաստմամբ՝ խաղն ավարտվել է 2000թ. մարտի 18-ին, սակայն մինչ օրս խաղարկությունը չի կայացել։ Խաղարկության ձգձգումը, պրն Սարգսյանի խոսքերով, կազմակերպիչները տարբեր կերպ են պատճառաբանել, մինչեւ իսկ, «Էլեն-2000» ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը այն կապել է հարկային մարմինների հետ ունեցած պրոբլեմների հետ։ Այս հանգամանքը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ եւս չժխտեց Ա. Խաչատրյանը։ Պարզապես նա բացատրեց, որ այդ հանդեսները չեն վաճառվել դպրոցներում, այլ անվճար բաժանվել են։ Ա. Խաչատրյանի պնդմամբ, ոչ ոք չի պարտադրել որեւէ աշակերտի գնել այդ հանդեսը (հետո էլ, իհարկե, նկարները)։ Եվ ամենակարեւորը՝ Ա. Խաչատրյանի հավաստմամբ, «Եվրոֆուտբոլ» հանդեսն ընդհանրապես խաղարկություն իրականացնելու պարտավորություն չունի. դա իրենց «բարի կամքի արտահայտությունն է» եղել՝ երեխաներին նվերներ բաժանել։ Նա չզլացավ բազմիցս կրկնել, որ իրենք «ետ չեն կանգնում իրենց տված խոսքից» եւ պատրաստ են, բավականաչափ թվով մարդ հավաքվելու դեպքում, անցկացնել խաղարկությունը։ Սակայն Ա. Խաչատրյանին չափազանց զայրացրեց քաղաքացու բողոքը. «Ես գիտեմ, ով է բողոքել ձեզ, որ ըտենց ա, խաղարկությունը կլինի եւ ինքը նվեր չի ստանա»,- սպառնաց բարի կամքի կրողը։ Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել