Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 20,2000 00:00

Գիտությունը՝ կլոր սեղանի վրա Երեկ կայացավ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՌԴ դեսպանության եւ Դեմոկրատական կուսակցության համատեղ կազմակերպած «Կրթության, գիտության, մշակույթի զարգացման ուղիները 21-րդ դարի նախաշեմին» թեմայով կլոր սեղանի երկրորդ նիստը՝ նվիրված գիտությանը։ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը դեռ չէր թոթափել մի քանի օր առաջ գիտնականների կազմակերպած ցույցի տպավորությունը. «Կարո՞ղ է գա այն օրը, որ գիտությունը մեր հանրապետությունում տեղ գտնի։ Մեր իշխանությունների մտքում չի տեղավորվում այն գաղափարը, որ գիտությունը պետք է պահել-պահպանել։ Մեծ սպասելիքներ ունենք օրերս ընդունված օրենքից՝ «Գիտության մասին»։ ՀՀ-ում գիտության ֆինանսավորման 30%-ը գրանտների հաշվին է»։ ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը կարծում էր. «Գիտության զարգացման մակարդակը որոշում է տվյալ երկրի դեմքը։ Այն երկիրը, որտեղ գիտությունը չի զարգանում, գաղութ կդառնա։ Հայկական գիտությունը ահռելի ներուժ ունի, որ չի օգտագործվում»։ Ապա խոսք տրվեց երկրի արդյունաբերական ոլորտի ներկայացուցիչ Հրանտ Վարդանյանին, որը վստահ էր, թե Հայաստանում դեռ չեն ձեւավորվել շուկայական հարաբերություններ, դրանք դեռ «բազարային մակարդակի վրա են»։ Ինչպես պարզվեց, նա հուզվել էր՝ տեղեկանալով ակադեմիկոսների գործադուլի մասին. «Սա մեր երկրի վերջն է։ Մեր կառավարության, մեր իշխանությունների, մեր բիզնեսի աշխարհի ամոթն է, որ մեր գիտնականները, ակադեմիկոսներն այդ օրին են հասել»։ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանն անդրադարձավ մարդու իրավունքներին, նշելով, որ ոչ մի պետություն իրավունք չունի մարդուն զրկել գիտությամբ զբաղվելու հաճույքից՝ «ինտելեկտուալ գրավչությունից», մանավանդ որ՝ «գիտությունը մեր ազգին հեշտ է տրվում, երեւի գեներից է»։ Նա տեղեկացրեց, որ 2000թ. գիտությունը ֆինանսավորվել է 42 տոկոսով միայն։ Իհարկե խոսեց նաեւ 2001թ. բյուջեում գիտությանը հատկացված աննշան դերի մասին։ Ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանը քանի որ որեւէ առիթ բաց չի թողնում ռուսերենի տեղն ու դերը մեզ՝ անհասկացողներիս բացատրելու համար, նորից սկսեց տրտնջալ, թե շատերն ասում էին՝ հայ երեխաներին միայն հայոց լեզուն է պետք։ Ակնհայտորեն աղավաղելով վերջին 10-12 տարիների ընթացքում մեր բոլորիս պայքարի իմաստը՝ թույլ չտալ, որ մեր մայրենի լեզուն հայտնվի երկրորդ, երրորդ, չորրորդ տեղում՝ բազմաթիվ օտար լեզուներից հետո, նա պնդում էր, թե ընթանում էր պայքար, որ մեր երեխաներն ընդհանրապես որեւէ օտար լեզու չիմանան։ Ու, փառք Աստծո, որ ներկաների մեջ գտնվեց մեկը՝ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, որ պրն Մկրտչյանին պարզորոշ հասկացրեց, որ դա փաստերի խեղաթյուրում է. իրականում ոչ ոք չի ցանկանում, որ իր երեխան օտար լեզու չիմանա, բայց միայն՝ ոչ մայրենի լեզվի հաշվին։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել