Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 20,2000 00:00

ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԲԼԵՖԸ Պոլիտեխնիկը նաեւ լեզվաբաններ, իրավագետներ ու հաշվապահներ է կրթում Հայաստանի պետական ճարտարագիտական եւ Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանները ստիպված են ուսանողներին, որոնց գայթակղել են պետական նմուշի դիպլոմ տալու հեռանկարով, խոստովանել, որ նման իրավունք իրենք չունեն։ Այս «գույժը» այդ համալսարանների հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետների ուսանողներին է վերաբերում, որոնք համոզված են եղել, որ պետական բուհ են ընդունվել եւ պետական դիպլոմ պիտի ստանան։ Մինչդեռ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետների առաքելությունը տվյալ բուհի ուսանողների համար լրացուցիչ կրթություն կազմակերպելն է։ Սակայն այդ ֆակուլտետները վերաճել են լիարժեք ֆակուլտետների, կատարել մեծ թվով դիմորդների, ընդ որում՝ նաեւ դպրոցների շրջանավարտների ընդունելություն եւ տվել պետական նմուշի դիպլոմ։ ԿԳՆ-ի կատարած ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտվել են բազմաթիվ խախտումներ։ Իսկ ուսումնասիրությունների առիթը եղել են այդ ֆակուլտետների շրջանավարտների բողոքներն ու դժգոհությունները եւ առանձին կազմակերպությունների հարցումները՝ տրված դիպլոմների լիիրավության եւ իրավական բնույթի վերաբերյալ։ Ճարտարագիտական համալսարանում դեռեւս 1979թ. ստեղծվել էր բաժանմունք, իսկ 1998թ.՝ կրթության կոորդինացման կենտրոն, որի նպատակն է եղել, ճարտարագիտական կրթությանը զուգահեռ, տալ նաեւ հումանիտար առարկաներից խորացված գիտելիքներ։ Ստեղծվել էր հասարակագիտական, տնտեսագիտակառավարչական մասնագիտությունների բաժանմունք, համակարգչային ուսուցման դասընթաց՝ վճարովի հիմունքներով։ 1998թ. համալսարանի գիտխորհուրդը դիմել է ԿԳՆ՝ համալսարանի ընդունելության մասնագիտությունների հետ չհամընկնող ոչ ճարտարագիտական մասնագիտությունների գծով բակալավրի ծրագրով ուսուցում կազմակերպելու եւ շրջանավարտներին որակավորում ու դրան համապատասխան ոչ պետական նմուշի դիպլոմ շնորհելու համար։ ԿԳՆ-ն արտոնել է «գիտափորձի ծրագրով իրականացնել բակալավրական կրթություն եւ ուսումնառության արդյունքներով շնորհել բակալավրի որակավորման եւ ոչ պետական նմուշի դիպլոմ»։ Իրականում այդ դիպլոմները կրում են ՀՀ պետական զինանշան եւ չեն տարբերվում պետական դիպլոմից։ Ի դեպ, այդ մասնագիտությունների ցանկը շատ հետաքրքիր է՝ ֆինանսներ եւ վարկ, իրավագիտություն, ռոմանագերմանական լեզուներ, դիզայն, հաշվապահական հաշվառում եւ այլ «պրեստիժնի» մասնագիտություններ։ Միջնակարգ կրթության բազայով՝ ուսուցման տեւողությունը չորս տարի է, բարձրագույն կրթության հիման վրա՝ երկու տարի։ Հասարակագիտական ֆակուլտետի ուսանողների թիվը 408 է, հումանիտար մասնագիտություններինը՝ 311։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդունելությունը կատարվել է տարերայնորեն, հստակեցված չեն ուսման տեւողությունը, ավարտական փաստաթղթերի շնորհման գործընթացը։ Նույն վիճակն է նաեւ մանկավարժականում, որի հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետը գործում է դեռեւս 1980 թվականից, իսկ 1993-94-ից գործում է վճարովի հիմունքներով։ Ֆակուլտետ կարող են ընդունվել ինստիտուտի տարբեր ֆակուլտետների ուսանողները, դպրոցների, ուսումնարանների շրջանավարտները, այլ բուհերի ուսանողները՝ ոչ բարձրագույն մասնագիտություն ստանալու կամ մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով։ 1998-99 ուստարում ընդունվել են 376, 1999-2000 ուստարում՝ 399, 2000-2001 ուստարում՝ 394 ուսանող։ Վերջիններիս տրվում է պետական դիպլոմ՝ մանկավարժական ինստիտուտի կնիքով։ Ավարտական դիպլոմների շնորհման գործը կանոնակարգված չէ եւ շրջանավարտները չեն կարողանում հասկանալ, թե ստացած դիպլոմը ի՞նչ կրթական ցենզ է տալիս իրենց։ Այս ամենը հաշվի առնելով՝ ԿԳՆ կոլեգիայի որոշմամբ այդ համալսարաններին հրահանգված է՝ նոր ուսումնական տարվանից իրականացնել միայն լրացուցիչ կրթություն տվյալ բուհի ուսանողների համար։ Այդ ֆակուլտետների շրջանավարտներին կտրվեն համապատասխան վկայագրեր՝ ԿԳՆ-ի կողմից վկայագրի նմուշը հաստատելուց հետո։ Չեղյալ է հայտարարվել նաեւ բակալավրի ծրագրով կրթություն իրականացնելու ճարտարագիտական համալսարանի իրավունքը՝ 2001-2002 ուստարվանից դադարեցնելով այդ ծրագրով ընդունելությունը։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել