Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 20,2000 00:00

Հեռացնել պետք չէ ներել Որտեղ կդնի ստորակետը ԿԳ նախարարը Օրեր առաջ «Առավոտում» տպագրված լուրի համաձայն՝ բուհերի ռեկտորները ներքին հրահանգ են ստացել՝ հնարավորության դեպքում դուրս թողնել արական սեռի ներկայացուցիչ ուսանողներին՝ համալրելու մեր բանակայինների նոսր շարքերը։ Ճիշտ է, այս լուրը «ստախոս եւ անպետք մարդկանց» մտքի արդյունք որակեց Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը, սակայն հենց ինքն էլ դեկտեմբերի 11-ին ռեկտորատի նիստ է հրավիրել եւ համալսարանից դուրս թողել դեղագործական ֆակուլտետի 5-րդ (ավարտական) կուրսի երկու ուսանողների՝ Կարեն Խաչատրյանին եւ Կարեն Կարապետյանին՝ համալսարանի ներքին կարգուկանոնը խախտելու համար։ Ինչպես գիտեք, այս տարվա դեկտեմբերի 7-ին, սույն բուհում կեղծ ահազանգ էր եղել՝ իբր շենքում ռումբ կա։ Բոլոր ուսանողները, այդ թվում եւ Կարեն Խաչատրյանը, արագ լքել են շենքը։ Որպեսզի հանկարծ մայրը հեռուստատեսությամբ լսելով ռումբի մասին լուրը՝ ապրումներ չունենա, Կարենն իր համակուրսեցի սիրիահայ մի ուսանողից խնդրել է նրա բջջային հեռախոսը։ Վերջինս մերժել է։ Բանը հասել է թեթեւ քաշքշուկի, որից հետո սիրիահայ ուսանողը մոտեցել է իր հայրենակից ուսանողների եւ նրանց մոտ բարձրաձայն հայհոյել։ Քիչ հեռվում իր ընկերուհու հետ կանգնած մեկ այլ երիտասարդ նրան խնդրել է չհայհոյել իր ընկերուհու մոտ։ Այստեղ (արդեն առանց Կարեն Խաչատրյանի եւ Կարեն Կարապետյանի մասնակցության) թափ է առել քաշքշուկի երկրորդ փուլը, ուր թեթեւ վնասվածք է ստացել առաջին կուրսեցի արաբ ուսանող Բաշարը։ Այդ եւ հաջորդ օրը տղաները տարվել են ՆԳ բաժին, վարչական պատասխանատվության ենթարկվել (մուծելով 4 հազարական դրամ) եւ ազատ արձակվել։ Այս ամենին համարյա թե հայ-սիրիական բարեկամությունը սասանելու մեղադրանքով, համալսարանի ներքին խիստ կանոնադրությունը խախտելու, ռեկտորին եւ համալսարանը վարկաբեկելու, Բաշարին ծեծելու մեղադրանքներով համալսարանից անմիջապես հեռացվել են Կարեն Խաչատրյանն ու Կարապետյանը։ Սփյուռքահայ երիտասարդին բավարարվել են «վատ մարդ» որակումը տալով եւ խիստ նկատողությամբ։ «Զինապարտության մասին» օրենքով՝ բուհից դուրս մնացած ուսանողն անմիջապես զորակոչվում է բանակ։ Ի դեպ, Կարեն Կարապետյանի ծանուցագիրն արդեն եկել է, եւ ամսի 25-ին նրան պետք է տանեն զորամաս։ Բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանին սույն փաստը ամենեւին չզարմացրեց։ Ըստ նրա՝ իրենց բուհում ուսանողներին հեռացնում են միջանցքում ծխելու, 20 ժամ բացակայելու համար անգամ։ Այն, որ առաջին կուրսեցի Բաշարը պնդել է, որ ո՛չ մեկ, ո՛չ մյուս Կարենն իրեն չեն ծեծել, պարոն ռեկտորին համոզիչ չի թվացել։ Կարեւորը «դիսցիպլինան» է։ Մեր հարցին՝ եթե կրթության եւ գիտության նախարարը դեպքին մանրամասը ծանոթանալուց հետո, միջնորդի վերականգնել տղաներին, ռեկտորը կհամաձայնի՞, պրն Հակոբյանը պատասխանեց. «Նախարարի միջնորդությունը չե՛մ ընդունի, բայց եթե հրաման տա, որպես օրինապաշտ մարդ, պարտավոր եմ ենթարկվել»։ Զրուցեցինք կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանի հետ։ Պրն Ղազարյանի սրտին հեռացման նման մեթոդը կարծես այնքան էլ հարազատ չէր։ Նախ՝ տղաներն ավարտական կուրսում են, ապա՝ կռիվը, ըստ նախարարի տվյալների, զուտ տղայական է եղել։ Նա հանձնարարել է իր տեղակալին՝ զեկուցել դեպքի մանրամասների մասին, որից հետո արդեն ինքը արդարացի վճիռ կկայացնի։ Զրուցեցինք նաեւ Հայաստանում Սիրիայի դեսպանատան աշխատակցի հետ։ Դեսպանատունը չի էլ խառնվել այս գործին՝ այն համարելով բժշկական համալսարանի ներքին խնդիր։ Հույս ունենալով, որ վտարված ուսանողները կվերականգնվեն, կապվեցինք նաեւ ՊՆ իրավաբան պրն Ավետիսյանի հետ՝ հարցով. «Անարդարացի վճռի հետեւանքով բուհից դուրս մնացած եւ բանակ զորակոչված զինվորը ինչպե՞ս կարող է վերադառնալ քաղաքացիական կյանք»։ Պարզվեց, որ օրենքը նման կետ չունի։ Նման դեպքում զինվորը պետք է հատուկ դիմում ներկայացնի իր հրամանատարին, եւ նրա հարցն անհատական քննարկման կենթարկեն։ (Թեեւ պրն Ավետիսյանն այդպես էլ որեւէ դեպք չհիշեց, երբ սխալմամբ բանակ ընկած ուսանողը վերադառնա լսարան)։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել