Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 20,2000 00:00

ԿԱՐՄՐԱՎՈՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԿՈՂՔԻՆ ԴԻՍԿՈՏԵԿ ԿԼԻՆԻ՞ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոբելյանական տոնակատարությունների հանձնաժողովը միայն հոկտեմբերին է մտաբերել, որ եկեղեցիների ու պատմական հուշարձանների շրջակայքը պիտի բարեկարգ տեսքի բերվի։ Արդյունքը կլինի այն, որ զբոսաշրջիկներին այդ վայրերում պատշաճորեն ընդունել կկարողանանք հաջորդ տարեկեսից ոչ շուտ։ 21 եկեղեցիների եւ հուշարձանների շրջակայքի բարեկարգման նախապատրաստական աշխատանքները ստանձնել է Ֆլորիդայից Քաֆեսջյանի հիմնադրամը։ Ծրագրի իրականացման գրասենյակի ղեկավարն է դարձել Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Վահե Աղաբեկյանցը, որն էլ մեզ հանգամանալից պարզաբանումներ ներկայացրեց խնդրի վերաբերյալ։ Ըստ այդմ, միայն այս տարվա հոկտեմբերի վերջին էր Խոսրով Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովը քննարկել այն խնդիրը, թե ինչ լծակներ կան Հայաստանի տեսարժան վայրերի շրջակայքը խնամված տեսքի բերելու համար։ Պիտի լուծվեն տարածքի բարեկարգման ու մաքրության, սանհանգույցի, ավտոկայանատեղի ցուցանակների, հոսանքի եւ ջրի ապահովման, գուցե նաեւ փոքրիկ թանգարանների, տեղեկատվական կենտրոնների, գիշերային լուսավորության հարցերը, որոնց համար կպահանջվի շուրջ 2 մլն դոլարի ներդրում։ Այն պայմաններում, երբ սա ո՛չ եկեղեցու, ո՛չ էլ Հայաստանի կառավարության նյութական հնարավորությունների սահմաններում չէ՝ ընտրվել է անհատ ձեռներեցներ գտնելու տարբերակը, որոնք գոնե 20-30 հուշարձանների մերձակա տարածքները բարեկարգելու խնդիրը կլուծեն՝ ինչ-ինչ արտոնությունների տրամադրման դիմաց։ Առաջին իսկ օրերին ԱԳՆ-ն 2-3 սփյուռքահայ էր գտել, որոնց հետաքրքրել էր այս հարցը։ Ամերիկահայ Ջերրի Քաֆեսջյանին, որն, ըստ Վահե Աղաբեկյանցի, իր կյանքում 48 ժամ է եղել մեր երկրում՝ «վատառողջ է եւ հնարավորություն չունի Հայաստան այցելելու», այս գաղափարը խանդավառել էր զուտ «բարեսիրական ելակետից»։ Տեղին է նշել, թե ինչ արտոնություններ են նախատեսվում նրանց համար, ովքեր կստանձնեն մեր հուշակոթողների մերձակա տարածքի բարեկարգումը։ Նրանք կարող են այդ վայրերում բացել նաեւ հուշանվերների խանութ, սրճարան կամ ռեստորան. «ինչո՞ւ չէ, նաեւ փոքր կացարաններ՝ 10-15 համարանոց»։ (Ծրագրի այս հատվածը մտադիր են իրականացնել տեղացի գործընկերների օժանդակությամբ)։ Քաֆեսջյան հիմնադրամը ֆինանսավորում է միայն ծրագրի առաջին փուլը, որի ընթացքում պիտի ուսումնասիրվեն 21 հուշակոթողների բարեկարգման հնարավորությունները։ Մինչեւ ապրիլի 15-ը կներկայացվեն ճարտարագիտական էսքիզներ։ Եվ միայն դրանից հետո՝ մինչեւ հունիսի 15-ը պիտի կատարվեն շինարարական աշխատանքները։ Ուրեմն, լավագույն դեպքում՝ միայն հունիսի վերջերին մեր տեսարժան վայրերն այնքան կբարեկարգվեն, որ պատրաստ կլինենք ընդունել տոնակատարությունների կապակցությամբ ակնկալվող միլիոնավոր զբոսաշրջիկներին։ «Այո, ուշ է»,- համաձայնեց պրն Աղաբեկյանցը։ Շեշտենք, որ ԾԻԳ-ի ղեկավարի մեղքը չէ, որ պետական հանձնաժողովն այսքան ուշ անդրադարձավ այս հարցին, որ թերեւս ամենակարեւորներից մեկն է։ Չնայած պրն Աղաբեկյանցը հունիսը շատ ուշ չէր համարում. «Անշուշտ, ես մասնագետ չեմ, բայց ինքս չեմ էլ սպասում զբոսաշրջիկների մեծ հոսք ապրիլին։ Ինձ թվում է, որ հոսքը կսկսվի մայիս-հունիսին»։ Մեկ այլ խնդիր էլ կա. ռեստորանները, սրճարանները կամ թեկուզ հյուրանոցներն արդյոք հարի՞ր են Գեղարդի, Գլաձորի, Տաթեւի, Խոր Վիրապի, Գանձասարի եւ մնացած այլ հուշակոթողների սերտ հարեւանությանը, որոնք ընդգրկված են այս ծրագրում։ Մեր ենթադրությանն ի պատասխան, թե հնարավո՞ր է, որ, ասենք, Կարմրավորի կողքին դիսկոտեկ գործի՝ Վահե Աղաբեկյանցը նշեց, թե նախ Քաֆեսջյանն է խիստ նրբանկատ նման հարցերում. «Բացի այդ՝ այս բոլոր որոշումները պետք է համաձայնեցվեն եկեղեցու, հուշարձանների պահպանման կոմիտեի հետ։ Միջազգային չափանիշներով ամենաբարեխիղճ մոտեցումը պիտի լինի թե՛ ճարտարապետական ոճին, թե՛ առեւտրային հարցերին։ Այստեղ ներդրողի կողմից իրոք շահույթի հետապնդման խնդիր չկա, որի հաշվին պիտի զիջեն մեր հուշարձանների վարկը, կարգը եւ այլն։ Բացառվա՛ծ է»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել