Տանիք վերանորոգելու համար էր «Դատավճիռը ես բողոքարկում եմ ամբողջությամբ,- գրել է Աշոտ Բլեյանը վերաքննիչ դատարանին։- Ինձ մեղսագրվող բոլոր արարքների մեջ հանցակազմ չկա»։ Մեջբերենք մեկ օրինակ, թե պրն Բլեյանն ինչպես է փաստարկում, որ անօրինական, անարդար եւ անհիմն է իր նկատմամբ մեղադրական դատավճիռը։ Դատավոր Իսկուհի Վարդանյանն ապացուցված էր համարել նրա մեղքը տանիքների շինարարության դրվագով՝ դատապարտելով 7 տարվա ազատազրկման՝ ՔՕ 90 հոդվածի 4-րդ մասով։ Աշոտ Բլեյանն այս վերաքննիչ բողոքում եւս մեկ անգամ ներկայացնում է փաստական տվյալները. «Առանց բյուջետային միջոցների, ոչ բյուջետային միջոցների ներգրավմամբ՝ 1996-1997 թվականներին կրթահամալիրի դպրոցներում կատարվել են 50 մլն դրամի շինվերանորոգման անհրաժեշտ աշխատանքներ։ Սրա դիմաց 1996-ին հատկացվել է 500 հազար դրամ, 1997-ին՝ 0 դրամ։ 1996 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կրթահամալիրի տնօրենի իմ իրավասությամբ նախաձեռնել եմ վարժարանի, նախակրթարանի ու դպրոց-մանկապարտեզի շենքերի վթարային ծածկերի նորոգման աշխատանքները, չսպասելով բյուջետային նախատեսված միջոցների հատկացմանը։ (…) Ես չէի կարող ու գործում չկա որեւէ մեկ ապացույց (ցուցմունք, փաստական տվյալ), որ ես բյուջետային գոնե 1 դրամ հափշտակել եմ։ Բայց դատավճռից հայտնի է դառնում, որ ես ալքիմյան մի «հնարով» կրթահամալիրին հատկացված 0 (զրո) դրամից պոկել-գրպանել եմ շուրջ 3 մլն 718 հազար դրամ»։ Աշոտ Բլեյանը վերաքննիչ դատարանին նաեւ խնդրել է, որ հետագա դատաքննության ընթացքում ապահովեն գործով տուժող ճանաչվածների մասնակցությունը, քանի որ 1-ին ատյանում դատական վիճաբանական փուլին ոչ ոք չներկայացավ. «Ես իրավունք ունեմ գոնե վերաքննիչ դատարանում իմանալ՝ քր. օրենսգրքով արգելված իմ ո՞ր արարքով, ո՞ւմ, ինչպիսի՞ վնաս եմ պատճառել»։ Ա. Ի.