Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 20,2000 00:00

«ՆԱ ԼԱՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐ ԿԼԻՆԵՐ» Հանրապետության 10-րդ կառավարությանը անթաքույց կոմունիստ ընկերներ այլեւս հարկավոր չեն։ Լեոնիդ Հակոբյանը, ի տարբերություն Վլադիմիր Մովսիսյանի եւ մյուսների, իր կարմիր անցյալից չհրաժարվեց եւ կոմունիստական ուղիով նույնիսկ ակադեմիկոս դարձավ։ Իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 18-ի հրամանագրով ընկեր Հակոբյանին ազատեց տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի պաշտոնից։ Ընկեր Հակոբյանը եւ մյուս ընկեր կոմունիստները միշտ էլ չէին թաքցնում, որ իրենք կառավարություն մտան «Արամ Սարգսյանին օգնելու նպատակով»։ Բայց վերջինիս պաշտոնանկությունից հետո էլ Լեոնիդ Սամսոնիչը շարունակեց պաշտոնավարել։ Հավանաբար, նախարար լինելը ոմանց համար հաճելի զբաղմունք է։ Ի՞նչ մտորումներ ունի ԱԺ ՀԿԿ խմբակցության անդամ Խորեն Թռչունի Սարգսյանը իր կուսակից ընկերոջ պաշտոնանկության մասին։ Ինչպես միշտ, ընկեր Սարգսյանն անկեղծ էր եւ անմիջական իր պատասխաններում։ Նա ասաց. «Լեոնիդ Սամսոնիչին աշխատանքից ազատելը ինձ համար ուրախալի լուր է, քանի որ իմ կուսակցական ընկերը Ազգային ժողովում եւ կուսակցության համար մեծ անելիքներ ուներ»։ Պարզապես՝ «Վարչապետ Արամ Սարգսյանը խնդրեց, որ իրեն օգնենք։ Առավել եւս, որ նա իր էությամբ, իր դաստիարակությամբ, ինչո՞ւ չէ, նաեւ իր եղբոր գծով գնում էր նաեւ դեպի Ռուսաստան»։ Բայց՝ «Մենք ղեկավարվում ենք Արեւմուտքով, իսկ Արեւմուտքը թույլ չտվեց, որ Արամ Սարգսյանը վարչապետ մնա»։ Խորեն Սարգսյանի ասելով, հենց նույն պահին Լեոնիդ Հակոբյանը պարտավոր էր հրաժարվել նախարարական պորտֆելից։ Չհրաժարվեց։ Կարծում եք, շահադիտակա՞ն նկատառումներով։ Ամենեւին: Ըստ Խորեն Թռչունիչի, Լեոնիդ Սամսոնիչի միակ երազանքը Դավիթաշենի կամրջի շահագործումն էր։ Պարզվում է, հրաժարականի մասին ընկերները շատ են խոսել Լեոնիդ Հակոբյանի հետ, բայց վերջինս ուղղակի խնդրել է՝ «խնդրում եմ, թույլ տվեք, որ Դավիթաշենի կամուրջն էլ ավարտեմ, ու կավարտեմ»։ Իհարկե, խոստացել էր, որ կավարտի դեկտեմբեր ամսվա մեջ, բայց նոյեմբերին եղավ։ Եվ դա մեծ գործ էր կուսակցության կողմից՝ սկսած շինարարությունն ավարտելը։ Կոմունիստական կոփվածությո՞ւնն է օգնել, թե՞ ընկեր Հակոբյանը առաջնորդվել է «հնգամյակը չորս կամ երեք տարում» մոռացված կարգախոսով։ Ակամա ուզում ես պարզել՝ ամառանոցը ե՞ւս ավարտված է։ Խորեն Սարգսյանի ասելով, միայն Լեոնիդ Հակոբյանը կարող էր տվյալ նախարարությունում աշխատել եւ Դավիթաշենի կամուրջը բարեհաջող ավարտել։ Ի դեպ, ստացվում է՝ կոմունիստները սկսեցին, կոմունիստներն էլ ավարտեցին։ «Այդ կառավարությունը այս ժողովրդին ծանր վիճակից հանելու հնարավորությունից զրկված էր, քանի որ ինքը չէր մտածում ժողովրդի մասին, այլ՝ նրա փոխարեն Արեւմուտքն է մտածում մեր ժողովրդի մասին»։ Այդ պատճառով, այլեւս ոչ մի կոմունիստ՝ կառավարությունում։ Արդյո՞ք Լեոնիդ Հակոբյանի պաշտոնանկությամբ չի ավարտվում կոմունիստների ժամանակը հանրապետության կառավարությունում։ Եվ եթե նոր բան առաջարկվի որեւէ կոմունիստ ընկերոջ, կուսակցությունը կհամաձայնվի՞. «Ոչ, մենք այդ կառավարության մեջ մարդ նշանակելու բարոյական իրավունք չունենք։ Ուրիշ բան, եթե պետական կառավարման քաղաքական գիծը փոխվի։ Երկիրը վաճառելով ժողովուրդ պահելու համար առանձնապես մեծ խելք հարկավոր չէ»,- վստահեցնում է Խորեն Սարգսյանը։ Այսպիսով, թերեւս կարող ենք արձանագրել, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ նախագահի հրամանագրով, ըստ Խորեն Սարգսյանի, Արեւմուտքի թելադրանքով կոմունիստական կուսակցությունը կրկին ընդդիմադիր դաշտ է տեղափոխվում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մասին Խորեն Սարգսյանը հետեւյալն ասաց. «Շատ լուրջ տղա է, ափսոսում եմ, որ էդ տղան էսօրվա վիճակով է կառավարություն մտնում։ Նա լավ խորհրդային տարիների նախարար կլիներ, քանի որ կառուցողական ոգի ունի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել