Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 19,2000 00:00

Նախարարի տեղակա՞լն է ճիշտ, թե՞ դատավորը Ինչո՞ւ է քաղաքացին փողոցում հայտնվել Լուսանկարում պատկերված 2-րդ խմբի հաշմանդամ Լաուրա Իսախանյանը դարձյալ անտուն է, ինչպես անտուն էր եւ անցյալ տարի, երբ «Առավոտ» եկավ եւ մենք էլ «Անգամ թռչուններն իրենց բների դուռը չեն փակել» (24.09.1999թ.) հրապարակմամբ «պատվեր» կատարեցինք՝ պաշտպանելով նրա ոտնահարված իրավունքները։ Լ. Իսախանյանը ժառանգության եւ սեփականության իր իրավունքի ճանաչման հնգամյա «կուրսեր» է դեռ անցնում արդարադատություն իրականացնող մարմիններում։ Տատի մահվանից հետո, պատմում է նա, որպես ժառանգություն նրան է անցել Չարենցի 2 նրբանցքի թիվ 17 տան 2/3 բաժնեմասը, որը վավեր դարձավ Օրջոնիկիձեի շրջանի պետնոտարի տված 14.04.69թ. թիվ 3030 վկայագրով։ Սակայն, երեւի նրա մտքով չէր անցնի, որ 26 տարվա հայցային վաղեմության ժամկետի խախտումով իր քեռակինը հայցով կմտնի դատարան՝ ժառանգության եւ սեփականության իրավունքի վիճարկմամբ եւ… կշահի դատը։ Դատարանը վտարեց տիկ. Լաուրային, նրա հետ ապրող եղբորը՝ Արտյուշային հատկացնելով 9 քմ խուց՝ բնակության համար։ Մյասնիկյանի շրջանի նախկին ժողդատարանը անօրինական ճանաչելով ժառանգության վկայագիրը՝ 2-րդ խմբի հաշմանդամ կնոջը փողոց է նետել։ Մինչդեռ մեր տրամադրության տակ գտնվող ՀՀ արդարադատության նախարար Գ. Մալխասյանի 31.05.2000թ. պաշտոնական փաստաթուղթն այլ բան է ասում. «Հայտնում եմ, որ Օրջոնիկիձեի շրջանի նոտարական գրասենյակի պետնոտար Ղեւոնդյանի կողմից տրված թիվ 3030 ժառանգության իրավունքի վկայականը օրինական է»։ Ահա թե ինչու էր Լ. Իսախանյանը դատավոր Ռ. Հայրապետյանի նկատմամբ քրգործ հարուցելու միջնորդությամբ դիմել գլխավոր դատախազությանը։ «Տվյալ պարագայում բացակայում են «ակնհայտ անարդար վճիռ» կայացնելու փաստը հավաստող հանգամանքները», քրգործի հարուցումը մերժելու որոշման մեջ (29.08.2000թ.) հայտնել էր պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ս. Հովսեփյանը եւ գտել, որ դատարանի որոշումը հիմնավորված է։ Եթե հիմնավորված է արդարադատության նախարարության վերոնշյալ պաշտոնական փաստաթղթի՝ ժառանգության վկայագրի օրինական լինելու հաստատմամբ, ապա ակնհայտ է, որ դատարանը քաղաքացուն փողոց է նետել հենց այնպես։ Կամայական։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել