Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 19,2000 00:00

Բանտերը լացում են պաշտոնյաների համար Ուրբաթ օրը հայոց բանտերը համալրվեցին առանց լուրջ հիմնավորումների եւ անձնական վրեժխնդրության զոհ դարձած եւս երեք բանտարկյալներով։ Խոսքը մասնավորապես Աշոտ Բլեյանի եւ նրա հետ ձերբակալված երկու կանանց մասին է։ Սակայն ինչո՞ւ միայն նրանք։ Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրի համար էլ բանտերում մի ազատ անկյուն եւ քրեական օրենսգրքով էլ մի հարմար հոդված կգտնվի։ Այս մտորումները մեզ ստիպեցին հերթական հարցախույզի հարցը ձեւակերպել այսկերպ. «Ըստ Ձեզ՝ ազատության մեջ գտնվողներից է՞լ ում կարելի է ձերբակալել»։ Ասենք, որ շարքային քաղաքացիներն այս հարցը լսելուց հետո հաճախ այն անպատասխան են թողնում։ Ոմանք անգամ հետաքրքրվեցին՝ «Կագեբեի՞ց եք»։ Սակայն պատասխանողներ, ամեն դեպքում, գտնվեցին։ Ձմեռ պապ- Իզուր եք երեխեքի արյունը պղտորում։ Տո, ես Բլեյանի է՜լ, մյուսների է՜լ։ Իմը՝ էս երեխաներն են։ Ձմեռ պապը մի ֆունկցիա ունի՝ էրեխեքին կոնֆետ բաժանել։ Սոս Պետրոսյան, թոշակառու, կոմունիստ- Ով էս ժողովրդի համար մի բան ա փորձում անի, կամ սպանում են, կամ՝ դատում։ Ես հիմա մտածում եմ՝ մի տեղից փող ճարեմ, գնամ էս երկրից կամ էլ գոնե մի մշտական հանեմ, թե չէ ոտքով եմ ման գալիս։ Ստեփան Ասլանյան, լուսանկարիչ- Վերջին տասը տարվա ընթացքում բոլոր ղեկավար պաշտոնյաներին՝ սկսած նախագահներից, Ազգային ժողովից եւ կառավարությունից, բոլորի տեղերը բերդերն են։ Հովհաննիսյան Ուեդելլա, դաշնակահարուհի- Պետք չէ մարդկանց ձերբակալել, ասենք՝ Արկադի Վարդանյանին կարելի էր միայն վտարել հանրապետությունից, իսկ ինչ վերաբերում է ո՞ւմ պետք է ձերբակալել, կներեք, էլի, բազմակետ։ Ձուկը գլխից է հոտում։ Պետք է վերեւներից սկսել, ոչ թե… Կային մարդիկ, որոնք լուսանկարվելը, չգիտես ինչու, իրենց կյանքին սպառնացող վտանգ էին ընկալում, սակայն ձերբակալման ենթակաների առաջին եռյակում երկրի առաջին դեմքերին էին մատնանշում եւ ուժային նախարարներից մեկին։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել