Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 19,2000 00:00

«Մարտի են գնում միայն ծերերը» Հանրապետությունում կենսաթոշակառուների պաշտոնական թիվը ոչ մի կերպ չի համապատասխանում հանրապետությունում ռեալ բնակվող կենսաթոշակառուների թվին։ Եթե լուրջ մարդահամար տեղի ունենա, հայտնի լինեն բնակչության իրական թվերը, բյուջեն եւս կհասկանա, թե ո՞ւմ է տալիս եւ որքա՞ն։ Բայց քանի դեռ այդպես չէ, հատկացումները կատարվում են ըստ ֆիքսված թվերի։ ԱԺ-ում սոցիալական ոլորտին բյուջետային հատկացումների վերաբերյալ տեղի ունեցած լսումների մասին զրուցեցինք ՀԿԿ խմբակցության անդամ, հանրապետության վետերանների խորհրդի նախագահ Պերճ Բոշնաղյանի հետ։ Պարոն Բոշնաղյանը նախքան մեր հարցերին պատասխանելը, Վրաստանից մի օրինակ բերեց։ Նա ասաց, որ Վրաստանում էլեկտրաէներգիայից անվճար օգտվում են Հայրենական պատերազմի բոլոր մասնակիցները, 70-ն անց բոլոր մարդիկ եւ Աբխազական պատերազմի մասնակիցները։ Պարոն Բոշնաղյանն անարդար համարեց այն, որ մեզնից վերցրած էլէներգիան վրացիներն իրենց ծերերին անվճար են տալիս, իսկ Հայաստանն, ինքն իր ներսում՝ նաեւ տարեցներին, վաճառում է 25 դրամով։ Սոցիալական ոլորտին բյուջետային քննարկումների ժամանակ պարոն Բոշնաղյանը դժգոհեց, որ Կենտրոն համայնքում կենսաթոշակների վճարման ծառայությունները մեկ տարվա ընթացքում չորս տեղ փոխեցին. «Դուք բերել եք խոզանոցում պատերազմի վետերանին թոշակ եք վճարում։ Մի տեղ չկա, որ 80 տարեկան մարդը նստի, ստորագրի եւ թոշակը ստանա։ Իմ աչքի առջեւ սեղան-նստարանը փուլ եկավ»։ Պերճ Բոշնաղյանը, այնուամենայնիվ, գտնում է, որ մի կարեւոր բանի հասել են։ Այն է՝ զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների թոշակների վերահաշվարկմանը։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ, կենսաթոշակների վճարումներն ուշացել են 3,5 ամսով։ Եվ այս համայնապատկերին պարզապես տարօրինակ է հնչում ԱԺ սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանի հարցը՝ հեռանկարում սպասվո՞ւմ է մուտքերի ավելացում եւ կենսաթոշակների բարձրացում։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել