Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 19,2000 00:00

Թե ինչ եղավ, երբ «դիսկավոդը» թարգմանեցին Բուհական դասագրքերը ուսանողների սրտով չեն Բուհերում սկսվել են ընթացիկ քննությունները։ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողներից շատերն անհանգստացած են՝ ինչպե՞ս առանց գրականության հանձնել քննությունները, քանի որ մասնագիտական եւ տեխնիկական գրականության մեծ մասը օտար լեզվով է, իսկ թարգմանությունները՝ անհաջող։ Այսպես ասացին մեզ ուսանողները։ Համալսարանի փոխպրեզիդենտ Ոստանիկ Մարուխյանը, հակառակ մեր սպասելիքների՝ ասաց. – Զարմացած եմ, քանի որ այժմ մեր դասախոսները աշխատում են ոչ թե թարգմանել, այլ ստեղծել մայրենի լեզվով տեխնիկական գրականություն։ Նույնիսկ 92-93թթ., մեծ դժվարությամբ գրքեր հրատարակել են, չնայած քիչ քանակությամբ։ 94-98թթ. մայրենի լեզվով 19 դասագիրք եւ 96 ուսումնական ձեռնարկ ենք տպագրել։ Դրանց թիվը տարեցտարի ավելանում է։ Այդ նույն ժամանակահատվածում հրատարակվել է նաեւ 101 մեթոդական ցուցում։ Իսկ եթե նայենք տպագրական մամուլի տեսակետից, միայն 97-98թթ. հրատարակվել է 535 տպագրական մամուլ գրականություն, այսինքն՝ մայրենի լեզվով գրականության հրատարակման տեսանկյունից մենք խնդիր չունենք։ Պրն Մարուխյանն անդրադարձավ նաեւ ֆինանսավորմանը. – Այս բոլորն արվում է արտաբյուջետային միջոցների հաշվին, այսինքն՝ յուրաքանչյուր ֆակուլտետի ուսումնական վարձավճարների 10%-ը հատկացվում է հրատարակչական գործունեության համար։ Ուսանողների կարծիքները տարբեր էին. – Գրքի պրոբլեմ ունենք։ Մասնագիտական գրականությունը մեծ մասամբ ռուսերեն է եւ դրա պատճառով ռեֆերատի թեմաների ընտրությունը, անձամբ ինձ համար, սահմանափակվում է։ Իսկ ընկերուհիս ռեֆերատը գրել էր ռուսերեն եւ ստիպված էր թարգմանել, քանի որ դասախոսը պահանջում էր հայերեն տարբերակը։ – Կան գրքերի թարգմանություններ, որոնք, սակայն, ոչ միայն քիչ են, այլեւ անհաջող են, քանի որ բառացի թարգմանություններ են։ Կան նախադասություններ, որոնք բացարձակ անհասկանալի են, քանի որ թարգմանված են նաեւ տերմինները։ Ի դեպ, պրն Մարուխյանը անդրադարձավ նաեւ տերմինների թարգմանությանը։ Լեզվի պետական տեսչությունը պահանջում է օգտագործել տերմինների հայերեն համարժեքները, իսկ դրանք հաճախ անհասկանալի են ուսանողների համար, երբեմն էլ՝ պարզապես անիմաստ։ Օրինակ, «դիսկավոդ» բառը թարգմանվել է «պնակիր», եւ պրն Մարուխյանը նույնիսկ կատակեց՝ իսկ ի՞նչ անուն էին տալու դիսկին, եթե այն ունենար ոչ թե պնակի, այլ քառակուսու տեսք։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել