Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 19,2000 00:00

ԶԻՆՎՈՐԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁՆԵԼԸ ԱՐԺԵ… 1500 ԴՈԼԱ՞Ր Գնդապետի որդու անպատժելիությունը երաշխավորված է Այս տարվա մարտի 2-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը կայացրեց մի վճիռ ՊՆ զորամասերից մեկի 1-ին գումարտակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Ալբերտի Զախարբեկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության արդյունքում։ Գնդապետ Ալբերտ Զախարբեկյանի որդին դատապարտվեց 2 տարի ազատազրկման, որի կատարումը, սակայն, դատավոր Ա. Մերանգուլյանը նպատակահարմար գտավ հետաձգել նույնքան ժամանակով։ Հետեւաբար, փոխվեց Արթուրի խափանման միջոցը, նա ազատության մեջ է, իսկ «նրա վարքի վերահսկողության իրականացումը» դրված է ՌՈ-ի վրա։ Մեկ տարի առաջ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ՊՆ զինվորական պահակակետի գետնատնակում հրամանատար Ա. Զախարբեկյանը «մահճակալի վրա նստած լիցքավորել, լիցքաթափել է իրեն ամրացված ինքնաձիգ հրացանը», ապա, ինչպես նշված է դռնբաց դատական նիստի արձանագրության մեջ, այն դրվել է իր կողքին, փողը, սակայն, ուղղված «դիմացի փայտե նստարանին նստած զինծառայող Գրիգոր Կարապետյանին»։ Ավելի միամիտ նկարագրական մասում (դատավճռի) Արթուրը, «ցանկանալով տեղափոխել ինքնաձիգը՝ բռնել է դրա բռնակից եւ պատահմամբ սեղմել ձգանը, որի հետեւանքով տեղի է ունեցել 1 կրակոց»։ Վկա, այդ պահի ականատես Ռուբեն Սարգսյանը դատաքննական ցուցմունքում նշել էր, որ «այդ ժամանակ ինքը վեր է կացել նստած տեղից (Գրիգորի կողքից) եւ մոտեցել գետնատնակի միջնամասում դրված վառարանին։ Հենց այդ պահին էլ տեղի է ունեցել 1 կրակոց, ինքը շրջվել եւ տեսել է, որ լեյտենանտ Զախարբեկյանը վեր է թռել նստած տեղից, իսկ Կարապետյանը «ախ» գոչել»։ «Պատահմամբ» արձակված գնդակն էլ կպնում է Գ. Կարապետյանի ձախ ոտքին, նրան պատճառելով ծանր մարմնական վնասվածք։ Դատարանը բավարարվեց, սակայն, միայն պատժաչափ «նշանակելով» եւ այն հետաձգելով, իսկ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինվորին՝ տուժող Գ. Կարապետյանին, «իրավունք վերապահեց քաղհայցով դիմելու» այլ դատարան։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ քրգործի դատաքննության ընթացքում դատարանը տուժողի առողջությանը հասցրած վնասի փոխհատուցման մասին լռեց։ Գ. եւ Կ. Կարապետյանները քաղհայցով դիմեցին նախ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան (դատավոր՝ Ա. Դավթյան), ապա քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան (Ս. Անտոնյան, Ն. Տավարոսցյան, Ա. Հունանյան կազմով)։ Նրանք անպատիժ մնացած, «դրսում ազատ ֆռռացող» Ա. Զախարբեկյանից պահանջում էին բռնագանձել 3.150.000 դրամ, ամսական 25.000 դրամ հաշվարկով՝ որպես կորցրած աշխատավարձ, ինչպես եւ 40 հազար դոլար՝ Գերմանիայում Գրիգորի բուժումը կազմակերպելու համար։ Պետք է նշեմ, որ պատասխանող կողմը ձեռքերը լվացել էր ընդհանրապես եւ որեւէ օգնություն ցույց չէր տվել տուժած զինվորին։ Չնայած վերաքննիչ դատարանում հայտարարեցին, որ իրենք սննդամթերքով եւ դեղորայքով օգնել են Գ. Կարապետյանին։ Վերաքննիչ դատարանը հայցը բավարարեց մասնակի. մարդուն անաշխատունակ եւ հաշմանդամ դարձնելը գնահատելով 1500 դոլարին համարժեք դրամ։ Զինվորի հայրը՝ Կ. Կարապետյանը տեղեկացրեց, որ իր որդին գտնվում է դեռ կենտրոնական կլինիկական հոսպիտալում եւ 3-րդ վիրահատությունն է տարել։ Սակայն գամված է անկողնուն եւ Գերմանիայի կլինիկաներից մեկում առաջարկ է եղել վիրահատել որդուն։ Վիրահատության համար պահանջվում է 40 հազար դոլար։ Հայրն ընկած է դռնեդուռ. մի կողմից դատարանի «փոխհատուցումը» չկա, մյուս կողմից՝ գումար տրամադրելուց պետությունը հրաժարվում է։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Զեյնալյանը, օրինակ, «գրավոր» հայտնել էր, որ «Ձեր դիմումում նշված բուժման համար անհրաժեշտ գումարի տրամադրումը ՀՀ առողջապահության նախարարության ֆունկցիաների մեջ չի մտնում, վերջինս ի զորու չէ այն հատկացնել»։ Իսկ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ, փոխգնդապետ Ա. Թադեւոսյանը պատասխանել էր այսպես. «Ձեր բուժումը շարունակելու եւ գումար հատկացնելու համար դիմումը քննարկվում է եւ արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»։ Մինչեւ օրս հայտնվում է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում առկա քրգործի նյութերում, դատավճռում ամբաստանյալի ազգանունը Զախրաբեկյան է, վերաքննիչ դատարանում՝ Զախարբեկյան։ Եվ այդ «սխալի» արդյունքում չէ՞, արդյոք, որ Զախրաբեկյան-Զախարբեկյանը ՊՆ-ի կողմից ուղարկվեց Հունաստան սովորելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել