Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 19,2000 00:00

Եղեգնաձորի բժիշկները սպառնում են գործադուլ անել Եղեգնաձորի հիվանդանոցի բուժանձնակազմը 1,5 տարի աշխատավարձ չի ստացել Հիվանդանոց հասկացությունից մնացել էր միայն շենքը, ներսում դատարկ մահճակալներ ու պահարաններ էին։ Դրանք էլ, աշխատակիցների հավաստմամբ, տասնյակ տարիների վաղեմություն ունեին։ Դեղամիջոց ու բուժսարքավորում, նույնիսկ ամենասովորական վիրակապ ու բամբակ չկար։ Հիվանդանոցը չի ջեռուցվում, բնականաբար եւ տաք ջուր չկա, իսկ երբեմն նույնիսկ սառը ջուր չի լինում։ Այս պայմաններում բուժանձնակազմը աշխատել է, սակայն նրան համբերությունից հանել է տարիուկես աշխատավարձ չստանալը։ «Այսքան ժամանակ համբերել ենք, բայց նոր տարվա շեմին լռելն անհնարին է դարձել, էլ չենք կարող լսել սուտ խոստումները»։ Բուժգծով տեղակալ Ռուզաննա Ավետիսյանը նշեց, որ բուժանձնակազմի աշխատավարձը որոշվում է կատարողականով։ Այս տարի հիվանդանոցը 27 մլն դրամի կատարողական է տվել, բայց պետբյուջեից ընդամենը 3 մլն դրամ է ստացել։ Այդ գումարով էլ մի կերպ փակել են հարկային վճարների, ջրի, էլեկտրաէներգիայի եւ այլ ծառայությունների կուտակված պարտքերը։ Վիրաբուժական բաժանմունքի բժիշկ Նորայր Կարապետյանը դժգոհեց, որ առողջապահության նախարարությունը մինչեւ դեկտեմբերի 31-ը պարտադրում է բոլորին լիցենզավորվել։ «Բայց եթե աշխատավարձ չենք ստացել, ի՞նչ գումարով ենք գնալու Երեւան, որտեղի՞ց ենք փող հայթայթելու փաստաթղթերի համար»,- ասաց նա։ Բժիշկներին հետաքրքրում էր, թե ի՞նչ եղան ֆինանսների նախարարի խոստացած պահուստից բուժաշխատողներին հատկացվելիք գումարները։ Այս վիճակից դուրս գալու իրենց տարբերակը առաջարկեցին Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները. 1. սահմանափակել պետական պաշտոնյաների անիմաստ արտասահմանյան ճանապարհորդությունները, 2. ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների եւ կառավարության անդամների աշխատավարձերը հետաձգել մեկ տարով։ Ստացվող գումարը՝ բժիշկների համոզմամբ, կբավարարի հիվանդանոցը ապահովելու դեղորայքով եւ վճարելու աշխատակիցների մեկուկես տարվա աշխատավարձը։ «Եթե մինչեւ դեկտեմբերի 25-ը աշխատավարձ չվճարեն, գործադուլ կանենք եւ կոչ կանենք հանրապետության բոլոր բուժաշխատողներին՝ միանալ մեզ»,- ամփոփեցին Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները։ Հիվանդանոցում ստեղծված վիճակի կապակցությամբ զրուցեցինք նաեւ սովորական քաղաքացիների հետ։ Մարդիկ վրդովված նշեցին, որ իրենք զրկված են առաջին օգնություն ստանալուց, որ շտապօգնությունը ձեւական բնույթ է կրում։ Կանչը գրանցում են, բայց վառելանյութի բացակայության պատճառով մեքենան չի ժամանում։ Բժիշկները մի կերպ «յոլա են տանում» հիվանդանոցի մոտ ապրողներին, իսկ ծայրամասերը «կրակն են ընկել»։ Հիվանդը հիվանդանոց է դիմում, երբ «դանակը ոսկորին է հասնում» եւ բուժումը «նստում» է ամենաքիչը 30 հազար դրամ։ Իսկ բնակչության մեծ մասը հիվանդությունը ինքնահոսի է թողնում, հիվանդանոց չեն դիմում գումար չունենալու պատճառով, տանն են մնում, այնտեղ էլ մահանում։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել