Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 19,2000 00:00

ԴԵ ԱՐԻ ՈՒ ԴԻՄԱՑԻՐ Ձմեռը բարով-խերով անցկացնելու՝ ցրտից կամ սովից չմահանալու եւ քիչ թե շատ նորմալ, ավելի ճիշտ՝ ավանդական Ամանորի սեղան գցելու համար «միջին հայկական ընտանիքին» (4 անձից բաղկացած եւ 3 սենյականոցում բնակվող) անհրաժեշտ է առնվազն 500-600 դոլար։ Իսկ դա նշանակում է՝ մի ամբողջ տարի չուտել, չխմել, որեւէ մուծում չկատարել եւ երկու անձի միջին աշխատավարձը՝ 10-15 հազար դրամ, կուտակել ձմեռն անցկացնելու համար։ Եվ դա լավագույն դեպքում, երբ 4 հոգուց երկուսն աշխատանք ունեն։ Ում կթվա, թե վերոնշյալ 500-600 դոլարը չափազանցված թիվ է, թող չծուլանա եւ կարդա ներքոշարադրյալը։ Ջեռուցում Դիտարկենք հանրապետությունում գործող ջեռուցման բոլոր տիպերը՝ փայտի, նավթի, աթարի, գազի վառարաններ, էլեկտրական սալիկներ եւ, իհարկե, կենտրոնացված ջեռուցում։ Փայտի խմ-ը, կախված որակից, չափսերից, խոնավության մակարդակից, տատանվում է 15-25 դոլարի սահմաններում։ Հաշվի առնենք, որ երեք ամիս 3 սենյականոց տունը մինչեւ 18-20 աստիճան տաքացնելու համար անհրաժեշտ է 5-7 խմ փայտ, այսինքն՝ 100-120 դոլար։ Նավթով տունը տաքացնելը գրեթե անիմաստ չարչարանք է, քանի որ տաքանում է միայն վառարանի շրջակայքը, այն էլ՝ այնքան ժամանակ, քանի դեռ «գլգլալով» վառվում է։ Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ նավթի լիտրի արժեքը տատանվում է 200 դրամի սահմաններում։ Ողջ ձմեռվա համար անհրաժեշտ է 100-150 լ նավթ՝ 30000 դրամ։ Ընդ որում, տան ջերմաստիճանը 10-15 աստիճանից չի բարձրանա։ Ամենաձեռնտու, դարեր շարունակ իրեն արդարացրած վառելիքն աթարն է։ Սակայն սա թեեւ ձրի է, բայց մի մեծ բաց ունի՝ շատ անդուր է բուրում։ Վատ է նաեւ այն, որ քաղաքում այս վառելիքից ոչ միայն չի ճարվում, այլեւ ոչ ոք իրեն թույլ էլ չի տա օգտագործել։ Գյուղերում էլ աթար օգտագործում են անասուն պահողները։ Նրանք, ովքեր չունեն աթարի սեփական արտադրություն՝ կովի տեսքով, ստիպված են գարնանից աշուն ժամանակահատվածում հավաքել գեղամիջում ցրիվ եկած տավարի կեղտը, չորացնել ու պահել ձմեռվա համար։ Գազի վառարաններից օգտվում են բնական գազ ունեցողները։ Մեծ, աղյուսապատ վառարանները ծախսում են օրական 1000 դրամի գազ, 3 ամսում՝ 90000 դրամ։ Սակայն մշտապես ապահովում են նաեւ տաք ջրով (եթե ջուր ունեն, իհարկե)։ Այժմ վաճառքի մեջ կան նոր տեսակի գազի վառարաններ, որոնք թեեւ արժեն 120-130 դոլար, բայց օրվա մեջ ծախսում են 500 դրամի գազ։ Էլեկտրական սալիկների եւ Ցֆվ-երի միջոցով տաքացողները կամ շատ հարուստ են, կամ այլ ճար չեն գտել։ Չէ՞ որ մեկ ամսվա համար ստիպված կլինեն մուծել (նայած սալիկի որակին եւ տան ջերմաստիճանին) 100-120 դոլար։ 3 ամսում՝ 300-400 դոլար։ Կենտրոնացված ջեռուցումն էլ հասու չէ բոլորին՝ միայն որոշ արտոնյալ թաղամասերի։ Այն էլ այն դեպքում, երբ ձեր եւ շրջակա 5-10 շենքերի բնակիչների 60%-ը մուծեն 30% կանխավճար։ Կենտրոնացված ջեռուցումը, թերեւս, ամենալավ տարբերակն է ե՛ւ գնի, ե՛ւ որակի առումով։ 3 ամսվա համար՝ 30-50 հազար դրամ մուծելով ե՛ւ տունդ է տաքանում, ե՛ւ մշտապես տաք ջուր ես ունենում (ջեռուցողների ականջը խուլ)։ Ամանոր Միջին հայկական ամանորի սեղանը պահանջում է խոզի 5-10 կգ բուդ՝ 6-15 հազար դրամ, տոլմայի, բլինչիկի, սալաթի համար 4-5 կգ տավարի ֆիլե՝ 5000, ալկոհոլային խմիչքներ եւ հանքային ջուր՝ 9000-12000, ամենաքիչը 2 կգ կոնֆետ՝ 4000-7000 (նայած ում արտադրանքն է), 3-4 հավ՝ 5000, խմորեղեն՝ 8-10 հազար, բաստուրմա, սուջուխ, երշիկ՝ 5000… Շարունակե՞մ թվարկելը, թե՞ բավական է։ Ամենաթեթեւ հաշվարկներով՝ 100-150 դոլար։ Չնախատեսված ծախսեր Իսկ եթե այս ամեն ինչին գումարվում են նաեւ մեծ աղջկա համար վերարկու, փոքր աղջկա համար՝ անդրավարտիք, տիկնոջ համար՝ երկարաճիտ կոշիկ գնելու պահանջները, ապա միջին հայկական ընտանիքի գլխավորը լրիվ իրավունք ունի պահանջելու այնքան սիգարետ, որ մի կերպ դիմանա այս ձմեռվա «ծանր դարդին»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել