Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 19,2000 00:00

ԵՂԵՎՆԻՆԵՐ, ՓԱՅՏԻԿՆԵՐ ԿԱՆԱՉ Մեզ մոտ հենց այնպես գնդապետներ չեն ձերբակալում Անցյալ շաբաթ, դեկտեմբերի 14-ին պաշտոնական եւ անկախ մամուլն արձանագրեց, զինվորական դատախազության կողմից կատարված, պաշտպանության նախարարության գործերի կառավարիչ Ավագ Խաչատրյանի ձերբակալության փաստը։ Վերջինս ձերբակալվել էր դեկտեմբերի 9-ին՝ ազգային անվտանգության եւ զինվորական դատախազության համատեղ գործունեության արդյունքում։ Նշենք նաեւ, որ Ավագ Խաչատրյանը ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանի կնոջ եղբայրն է եւ «27-ի» գործով նախկին մեղադրյալ Հարություն Հարությունյանի ազգականը։ Լավատեղյակ աղբյուրները վկայում են, որ գնդապետ Ա.Խաչատրյանը ՊՆ համակարգում աշխատել է նրա ստեղծման օրից ի վեր։ Ավելին, նա ՊՆ գործերի կառավարիչ է եղել նախկին նախարարներ Վազգեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի օրոք։ Անցած շուրջ 8 տարիների ընթացքում նա հայտնի է եղել ոչ միայն իբրեւ լավ ֆունկցիոներ, այլեւ զենքի գործով (իհարկե, ոչ ի պաշտոնե) զբաղված բարձրաստիճան սպա։ Մեր աղբյուրները պնդում են, որ նա բավական լավ կապեր է ունեցել Վրաստանում տեղակայված ռուսական զորքերի հրամանատարության շրջանում եւ մի քանի տարի շարունակ վերջիններիս միջոցով եւ ՀՀ ՊՆ ղեկավարության նախաձեռնությամբ զենք է տեղափոխել Հայաստան։ Թերեւս սրանով են ոմանք բացատրում այն հարուստ զինանոցի գոյությունը, որը հայտնաբերվել է նրա բնակարանում եւ ավտոտնակում։ Ասում են նաեւ, թե նրա եւ ներկայիս նախարար Սերժ Սարգսյանի հարաբերությունները նորմալ են եղել։ Այդուհանդերձ, Ա.Խաչատրյանի ձերբակալության փաստը միանշանակ չի ընկալվել բանակի հետ առնչություններ ունեցող շրջանակների կողմից։ Համառ լուրեր են պտտվում, ըստ որոնց, այն օպերատիվ տեղեկությունները, որոնք իրացրել են ազգային անվտանգության մարմինները, ամենեւին էլ հայտնագործություն չեն եղել եւ այդ տվյալները կարող էին գործի դրվել սրանից շատ առաջ։ Որոշ աղբյուրներ պնդում են, թե կատարված ձերբակալությունը զինդատախազության, ավելի կոնկրետ՝ Գագիկ Ջհանգիրյանի կողմից «արջի ծառայություն» է պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանին։ Նույն աղբյուրները հավաստիացնում են, թե վերջինիս տիկինը, որ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետն է, կանոնակարգում եւ վերահսկում է տոնածառների իրացումը, իսկ ավելի կոնկրետ՝ տոնածառների բիզնեսի «տանիք» է հանդիսանում։ Ավագ Խաչատրյանը, որ նույն սեզոնային բիզնեսով է զբաղվել եւ արծաթափայլ եղեւնիներ է ներկրել մասնավորապես Վրաստանից, ներքին շուկայում «խփել» է նրա գործին ու արժանի հակահարված ստացել՝ զինդատախազության օժանդակությամբ։ Սակայն այս մեկնաբանությունները, ըստ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի, ե՛ւ ծիծաղելի են, ե՛ւ անհեթեթ։ Ճիշտ այսպես են մտածում նաեւ այն մարդիկ, ովքեր կարծիք են հայտնում, թե այս ձերբակալությունն ավելի լուրջ շարժառիթներ ունի, քան եղեւնիների բիզնեսն է։ Ըստ նրանց, իշխանությունները Ավագ Խաչատրյանի միջոցով կամ նրա օգնությամբ փորձելու են ցուցմունքներ կորզել Վազգեն Սարգսյանի երբեմնի զինակիցների եւ հենց նախկին վարչապետի դեմ։ Սրանք, անշուշտ, առայժմ ենթադրության մակարդակի կանխատեսումներ են, որոնք սակայն իշխանական ներկա համակարգի գործելաոճի տրամաբանությանը խիստ համահունչ են հատկապես «27-ի» առաջիկա դատավարության նախաշեմին։ Մյուս կողմից հարց է առաջանում, թե Ա.Խաչատրյանի ինչի՞ն էր պետք այդքան զենքը, եթե ոչ՝ վաճառելու համար։ Առայժմ սակայն նրան որեւէ այլ մեղադրանք, քան ապօրինի զենք պահելն է, առաջադրված չէ։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել