ՄԵՋՔԻ ԿՈՐՈՒԹՅՈՒՆԸ Անհարմար է խոսելը, հարմար է լռելը Երբեք չեմ կիսել Վահան Հովհաննիսյանի եւ Աշոտ Բլեյանի գաղափարները՝ հավերժական կռվի մոլուցքը եւ Ղարաբաղը Ադրբեջանին նվիրելու քարոզը ինձ հավասարապես անընդունելի են թվում: Էլ չեմ խոսում Արկադի Վարդանյանի մասին, որի քաղաքական հայացքներից առանց կես լիտրի գլուխ հանել հնարավոր չէ: Բայց ակնհայտ է, որ այդ մարդիկ հետապնդվում էին իրենց համոզմունքները բարձրաձայն արտահայտելու համար՝ համոզմունքներ, որոնք դուր չէին գալիս իշխանավորներին: Իհարկե, բոլոր նման դեպքերում գտնվում է մի քրեական հոդված, որը պաշտոնական քարոզչությունը փորձում է ներկայացնել որպես հետապնդման հիմք: Հիմա, օրինակ, գտան եւ դատեցին Հայաստանի ամենամեծ կաշառակեր Աշոտ Բլեյանին: Իհարկե, դատի արժանի չէ, օրինակ, ներկայիս կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը, որը դեռ «Սովետի» ժամանակներից է հայտնի որպես ընդունելության քննությունների հմուտ կազմակերպիչ: Դատ չի հասնում նաեւ, ասենք, էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանին, որը Բլեյանից, մեղմ ասած, վատ չէր ապրում: Բայց, ի տարբերություն Բլեյանի, նա 98-ի իշխանափոխությունից հետո լռում էր, որի շնորհիվ էլ պահպանեց տաքուկ նոմենկլատուրային աթոռը եւ նախարար լինելու ժամանակ իր աշխատած մի երկու կոպեկը: Ավելին՝ նա լռում է նույնիսկ այն ժամանակ, երբ Քոչարյանի քարոզիչները խոսում են Տեր-Պետրոսյանի կողմից թալանված թուրքմենական գազի մասին, չնայած պրն Մարտիրոսյանը շատ լավ գիտի՝ եթե չլիներ առաջին նախագահի քաղաքական պայմանավորվածությունը, այսօր մենք շատ ավելի մեծ պարտք կունենայինք Թուրքմենստանին: Բայց քանի որ այդ բոլոր էներգետիկ խոսակցությունները հրահրում է անձամբ Քոչարյանը (որն, ի դեպ, նույնպես շատ լավ տիրապետում է ճշմարիտ ինֆորմացիային), պրն Մարտիրոսյանը, «նախորդ հանցավոր ռեժիմ» չորակվելու համար, գերադասում է բերանը ջուր հավաքել. այդպես հարմար է: Հարմար է լռել այն հանրահայտ մտավորականներին, որոնք Արկադի Վարդանյանին իրենց առաջնորդն էին անվանում: Գիտեն, որ ի պաշտպանություն իրենց «առաջնորդի» գոնե մեկ բառ ասելուց հետո մեծ անախորժություններ կունենան: Արկադի Վարդանյանի «շարժումը» միանգամայն անվտանգ էր եւ նույնիսկ իշխանահաճո, երբ նա «քլնգում» էր «նախկիններին», բայց հենց որ այդ բիզնեսմենը մի երկու թթու խոսք ասաց նաեւ «ներկաների» հասցեին եւ դրա համար նստեց, խիզախ մտավորականները կուչ եկան իրենց անկյուններում: Խիստ կառուցողական լռություն են պահպանում հանրահայտ իրավապաշտպանները, ինչը բնական է՝ ինչպե՞ս նախագահին կից իրավապաշտպանները պետք է ըմբոստանան նախագահի կազմակերպած քաղաքական հաշվեհարդարների դեմ: Քաղաքական կուսակցությունների եւ պատգամավորների մասին խոսելն անիմաստ է՝ նրանք այնքան խորն են մտել Քոչարյանի գրպանը (վկա՝ ԱԺՄ վերջին համագումարը), որ այնտեղից որեւէ ձայն լսելը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, հնարավոր չէ: Իհարկե, կարելի է մխիթարվել այն «փիլիսոփայական» մտքով, որ հասարակության եւ նրա «վերնախավի» ազատության կամ ստրկամտության աստիճանը պայմանավորված է սոցիալ-տնտեսական եւ հոգեբանական բարդ գործընթացներով: Իրականում խնդիրն ավելի պարզ է. ամեն ինչ կախված է մարդու մեջքի կառուցվածքից՝ իշխանավորի, բիրտ ուժի առաջ կռանալու ունակությունից: Եթե մեջքը հակված է ծռվելու, այն վաղ թե ուշ կծռվի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ