ԱԺՄ ԵՐԿՈՒ ԹԵՎԵՐԻՑ ԸՆՏՐՎԵՑ ԵՐՐՈՐԴԸ Փլուզման շեմին հայտնված ԱԺՄ-ն դեկտեմբերի 16-ին հետքայլ արեց՝ շնորհիվ Վազգեն Մանուկյանի փոխզիջումային նախագծի։ Հրապարակավ իրար անգամ անձնական վիրավորանքներ հասցնող ԱԺՄ երկու թեւերի ներկայացուցիչների համար, եթե մի հեղինակություն մնացել էլ է՝ կուսակցության առաջնորդն է։ (Չնայած համագումարի պատվիրակներից մեկը պատմում էր, որ Արտաշատի կոնֆերանսում Վազգեն Մանուկյանը Վահե Վարսանյանին ստիպված էր եղել սաստել. «Ինձ հետ այդպես չէին խոսում անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը»)։ Այսուհանդերձ, այն պահից, երբ հայտնի դարձավ, որ համագումարին ներկայացված 5 նախագծերից մեկի համահեղինակը Վազգեն Մանուկյանն է, պարզ էր հետագա սցենարը՝ ԱԺՄ վարչությունը կհրաժարվի իր նախագծից, որ ձայները չփոշիացվեն եւ չանցնի ԱԺՄ-ն ընդդիմություն հայտարարող որոշումը։ Այդպես էլ եղավ։ Բայց մինչ այդ համագումարում շարունակում էր պահպանվել այն մթնոլորտը, որի հետեւանքով ԱԺՄ առաջնորդը երբեմն ափերից դուրս էր գալիս։ Նախ, Գոռ Գաբրիելյանն առաջարկեց բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրենքին «կողմ» քվեարկած պատգամավորներին վտարել կուսակցությունից եւ հետ կանչել ԱԺ-ից, նշելով, թե համագումարի պատգամավորների «ճնշող մեծամասնությունը թքա՛ծ ունի նրանց ներկայացրած պատճառաբանությունների վրա»։ «Կողմ» քվեարկած պատգամավորներից մեկը՝ Ֆիլարետ Բերիկյանն այս ամենը «պարզունակ ու պրիմիտիվ շահարկումներ» անվանեց եւ առաջարկեց այն մարդկանց հարցը քննարկել, ովքեր նման խնդիրներ են արծարծում։ «Կողմ» քվեարկած մեկ այլ պատգամավոր՝ Սեմյոն Բաղդասարյանը, օրվա վերջում հայտարարեց, թե դուրս է գալիս ԱԺՄ վարչությունից։ ԱԺՄ-ն ընդդիմություն հռչակող նախագծի հեղինակներից մեկին՝ Շավարշ Քոչարյանին ուղղակի ռմբահարեցին անձնավորված հարցադրումներով։ Սկսեցին նրանից, որ նա վարչությանը որեւէ ծրագիր չի ներկայացրել եւ ԱԺ ամբիոնից հայտարարություններ չի արել։ Հասան նրան, որ իշխանությունների հետ համագործակցության «առաջին ծիծեռնակն» ինքն էր՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր հայտնվելը։ Ավարտեցին նրանով, որ Շավարշ Քոչարյանն անցած տարվա մեծ մասը հանրապետությունում չի եղել, ուստի տեղյակ չէ, թե բաշխիչ ցանցերի կամ Արմեն Խաչատրյանին պաշտոնանկելու օգտին ինչ փաստարկներ են հնչել։ Այս հարցը տված Ֆիլարետ Բերիկյանը հետո ելույթում անգամ հայտարարեց, թե բյուջեի հաշվին Շավարշ Քոչարյանի Սիդնեյ այցելության ծախսերով բժշկի մեկ տարվա աշխատավարձ կարող էին տալ։ Պակաս «չնախշեցին» նաեւ Սեյրան Ավագյանին, որն ԱԺՄ վարչության նախագիծն էր ներկայացնում։ Արշակ Սադոյանը ողջունեց նրան, որ իր հռետորական արվեստը հասցրել է բարձրակետին, առոգանությունը տեղն է եւ այլն։ Հետո էլ Վահե Վարսանյանը լրացրեց՝ Սեյրան Ավագյանին հեգնելով իր ոգեշնչվածության եւ պաթոսի համար։ Ավելի ուշ նրանց խոսքային մենամարտն ավելի սուր ձեւեր ընդունեց՝ «Ձենդ կտրի՛ր, նստիր տեղդ»: «Ապո՛ւշի մեկը»: «Ապուշը դո՛ւ ես»։ «Այս ինչ ծանր բան է այս համագումարը,- Վազգեն Մանուկյանին այսչափ զայրացած տեսնելու առիթ երբեք չէինք ունեցել։- Բարեբախտաբար, թե դժբախտաբար, ես 37 թիվը չեմ տեսել։ Բայց հիմա զգում եմ մոտավորապես, թե 37 թվերը ոնց են առաջանում»։ Հակամարտող թեւերն ի մի բերելու համար նա միասին անցած ուղին հիշեցրեց։ Նշեց, թե, ճիշտ է, ԱԺՄ-ում կան ե՛ւ այնպիսիք, որ կուսակցության կենսագրությունը պատրաստ են ծախել փող կամ դիրք ստանալու համար, ե՛ւ այնպիսիք, որոնք ցանկանում են նույն կենսագրության հաշվին շատ ազնիվ երեւալ. «Նստեն ամբողջ օրը սրճարանում կամ գնան մի ակումբում հանդիպեն՝ ասեն. «Ես ընդդիմությո՛ւն եմ, սրանց հերն անիծած, բոլորը սրիկա են», բայց կուսակցությունում հիմնականում ազնիվ մարդիկ են եւ կցորդ դառնալու ցանկություն չունեն։ Վազգեն Մանուկյանի դիտարկումն էր, թե հակամարտող երկու կուռ մարմինների միջեւ արդեն իսկ, կարծես, մոռացվում է, թե «Կռիվն ինչի համար էր։ Արդեն թասիբի հարց է առաջանում։ Ու ես տեսնում եմ՝ ոնց է կուսակցությունում իրականացվում այդ մեխանիզմը, որին ես սարսափով կնայեի, եթե դա իրականացվեր Հայաստանում»։ Արշակ Սադոյանը մի առիթով պատմել էր, որ ԱԺՄ առաջնորդը հաջողեցնում է իր տանը ե՛ւ շուն, ե՛ւ կատու պահել։ Առայժմ նրան հաջողվեց նաեւ սեփական կուսակցությունում զինադադար հաստատել։ Ընդդիմադիր ենք, բայց չփակենք դռներն իշխանությունների հետ համագործակցության առջեւ՝ այս էր նրա նախագծի համառոտ բովանդակությունը։ Եվ երբ նրան հարցրին, թե համոզվա՞ծ է, որ իր փաստաթղթի ընդունմամբ ԱԺՄ-ն կմիաբանվի, պատասխանեց. «Ոչ մի բանում համոզված չեմ։ Բայց գիտեմ, որ այդ փորձը պետք էր անել»։ Վեճերը դադարեցին մինչեւ հունվարի կեսերը, երբ կշարունակվի այս համագումարը եւ կքննարկվեն ԱԺՄ վարչության վերընտրության եւ կանոնադրության փոփոխությունների հարցերը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ