Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 16,2000 00:00

«Թուրքերեն» հագնվելը «պրիստի՞ժ» է… Ֆրանսիական հանդեսներից մեկում վերջերս կարդացի այսպիսի տողեր՝ «Մաեստրո Մովսեսն անտրտունջ պնդում է, որ Հայաստանում է, քանզի անասելի հաճույք է ստանում, երբ հաջողվում է իր զգեստների միջոցով հայերին իսկապես հայեցի նկարագիր տալ»։ Մովսես Գեւորգյանն իր նորաձեւության սրահն ունի՝ «Վերնատուն» անունով։ Այդ վայրն այսպես է անվանել մի մահկանացու՝ զմայլվելով վերնախավի ներկայացուցիչների բազմությամբ ու բազմազանությամբ։ 35 տարիների հարուստ փորձ ունեցող մաեստրոն հիշում է՝ «Կար ժամանակ, երբ Երեւանում հաշվվում էր 78 նորաձեւության սրահ, եւ չեմ հիշում, որ հայերս հագնվեինք ինկուբատորի ճտերի պես, ինչպես այսօր։ Հասկանում եմ. կապը դրսի հետ մեծ է, ինֆորմացիան՝ շատ, բայց չի կարելի կորցնել ազգային նկարագիրը։ Բոլորս հագնում ենք միաձեւ։ Հիշո՞ւմ եք, մի ժամանակ էլ «մոդա» եկան արաբական կամ պարսկական տաբատները՝ «ադեի թումբանները»։ Այս վիճակից մի ելք եմ տեսնում՝ հայը պետք է հագնվի հայի ձեռքով։ Սա կլինի հայավայել ու հայավարի»։ Մաեստրոն չի ցանկանում հետեւել նորահայտ կտորների «թելադրանքին»։ Նրա ոճը շքեղության ու խենթության զուգակցումն ու մերձեցումն է։ Անհրաժեշտ է, որ հագուստի մեջ պահպանվի տվյալ անձի անհատականությունը, բայց ոչ մի դեպքում մանրամասներում չնմանվի շրջապատողների հագուստին։ Փարիզյան նորաձեւության հայտնի օրենսդիր Պիեռ Կարդենն ասում էր. «Նորաձեւ է այն, ինչ սազում է ձեզ»։ Իհարկե, դժվար է ու բարդ ճիշտ, ճաշակով հագնվելը։ Հագուստը պետք է լինի բազմազան եւ սեզոնին համապատասխան։ Մաեստրո Մովսեսը հավատացած է՝ «Կինը պետք է հագնվի, որ գեղեցիկ լինի, տղամարդը՝ տղամարդավարի»։ Զգեստներին «դիմում» է հայկական անուններով՝ Զվարթնոց, Կակաչ… Ժամանակ առ ժամանակ նյարդայնանալով ասում՝ «Մենք՝ հայերս, լավ աչք, լավ ձեռք ունենք եւ լավ ճաշակ։ Բայց շատ ենք սիրում կրկնօրինակել։ Գաղտնիք չէ՝ մարդիկ հիմա հավաքվում են, կարում, «ստեղծում», իսկ վերջում ամրացնում են թուրքական պիտակ։ Ի՞նչ է, հիմա «թուրքերեն» հագնվելն ավելի «պրիստի՞ժ» է»։ Զարմանալի թող չթվա, որ մաեստրոն մերժել է Դամասկոսից ու Լոս Անջելեսից հրավերները, ավելին՝ այսօր նրա մոտ են հագնվում, պատվիրում նույնիսկ Ամերիկայից, բնականաբար՝ «մերոնք»։ Սոչիում կայացած նորաձեւության նմուշների ցուցադրմանը՝ 1992-ին, Մովսես Գեւորգյանի ութ զգեստներից վեցը արժանացել է բարձր գնահատականի։ Այդ հեղինակավոր հանդեսին իրենց աշխատանքներով մասնակցել են Յուդաշկինն ու Զայցեւը։ Մաեստրոյին են վստահել այնպիսի անհատականություններ, ինչպիսիք են՝ Կարեն Դեմիրճյանը, Անտոն Քոչինյանը… այսօր՝ Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, պատգամավորներ, ակադեմիկոսներ, մի խոսքով, անվանի մարդիկ։ Ստեղծագործող մարդու գործերը «հարկայինի» հետ լավ են։ Ինչպես ինքն է ասում. «Նրանք էլ թող գեղեցիկ երեւան, ինչ է, հայ չե՞ն… ինչո՞ւ չէ, մեկ-մեկ նվիրում եմ նմուշներիցս, անկեղծ ասած, սիրում եմ նվիրել, բայց ոչ ամեն օր կամ հաճախ…»։ Իսկ ինչպես կլինի իր կարծիքով 21-րդ դարասկզբի նորաձեւությունը։ «Հիշեք, դասականություն ամեն ինչում՝ դասական պիջակներ, ավանդութային, սեփական մշակման կար, դասական ուրվագծեր եւ, իհարկե, դասական գույներ»,- ասաց պրն Գեւորգյանը։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել