Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 16,2000 00:00

ՍՈՃՈՒ ԳԻՆԸ ԿՏԱՏԱՆՎԻ 1500-2000-Ի ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ Բնապահպանության նախարարի հրամանով այսօրվանից արդեն կհատվեն Ամանորի տոները խորհրդանշող տոնածառները (սոճիները)։ Ըստ բնապահպանության փոխնախարար Արտաշես Զիրոյանի՝ իրենց հաշվարկներով նախապես կհատվեն 30 հազար սոճիներ։ Ըստ նույն աղբյուրի, այս տարի նախարարությունն ի վիճակի է հատել եւ վաճառել 60-100 հազար սոճի։ Եթե նախկինում սոճիները հատվում էին գարնանը կամ ամռանը՝ սանիտարական նպատակներով, ապա այս վերջին տարիներին դրանց հատումը կատարվում է հենց Ամանորի նախօրեին։ Վաճառքի հանված սոճիների մի մասը հատվում է տնկարանային տնտեսություններից եւ նախատեսված է հատուկ վաճառելու համար։ Դրանց գները սահմանում է նույն բնապահպանության նախարարությունը։ Նախնական, ոչ շուկայական գները կախված են սոճու արտաքին տեսքից եւ չափերից։ Դրանք կարժենան 800- 1000-1200 դրամ, որոնք շուկայում կարժենան 1500- 2000 դրամ։ Թեեւ պետականորեն փորձ է արվում գները կարգավորել, այսինքն՝ սոճիների վաճառքն իրականացնել «Արգելոց» ՊՓԲԸ-ի միջոցով, սակայն ոչ մի կերպ հնարավոր չէ կանխել Ղարաբաղից եւ Վրաստանից արծաթափայլ եղեւնիների ներմուծումը։ Դրանք չներմուծել թերեւս հնարավոր կլիներ, եթե մաքսային ծառայությունները որոշակի օգուտներ չունենային։ Ներմուծված եղեւնիներն իրենք էլ են պայմանավորում շուկայում սոճիների բարձր գները։ Վերոնշյալ 30 հազար սոճիներն աճեցնում են ընդամենը 45 հա վրա՝ Լալվարի, Գյումրիի, Ստեփանավանի տարածքներում։ Դրանց վաճառքը կազմակերպելու համար պետությունը միջոցներ (վառելանյութ, մեքենաներ) չունի, հետեւաբար՝ մասնավոր կազմակերպությունները կամ անհատները կարող են պայմանագրեր կնքել տեղերում, վճարել կանխիկ գումար եւ արդեն իրենց ցանկացած գնով վաճառել սոճիները։ Դեկտեմբերի 31-ից հետո նախարարությունը որոշել է չվաճառված սոճիները հավաքել։ «Առավոտի» հարցին, թե սոճիների վաճառքից ստացված գումարները գնում են բյուջե՞, թե՞ տրամադրվում են տվյալ տնտեսություններին, պրն Զիրոյանը պատասխանեց, որ փողերը բյուջե չեն գնալու, այլ մուծվելու են այդ տնտեսությունների զարգացման ֆոնդ։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել