Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 16,2000 00:00

Եզրակացությունն էլի թերի է Երեկ Ստեփանակերտի Գերագույն դատարանը «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատաքննությունը, որն ընդմիջվել էր այս տարվա նոյեմբերի 8-ից շարունակելու փորձ արեց։ Այն ընդմիջվել էր մեղադրյալ Սասուն Աղաջանյանին լրացուցիչ դատահոգեբանական, դատահոգեբուժական եւ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու պատճառով։ Սասուն Աղաջանյանի պաշտպան փաստաբան Էդիկ Աղաջանյանը «Առավոտին» հայտնեց, որ իր պաշտպանյալի վիճակը առանց փոփոխությունների էր, ինչպես մեկ ամիս առաջ։ «Եզրակացությունը շատ կասկածելի է եւ անորոշ, քանի որ փորձաքննության եզրակացությունը կայացվել էր նոյեմբերի 9-ին։ Դատահոգեբուժական եւ դատաբժշկական եզրակացությունը փաստորեն պատրաստ էր, որից մի ամիս հետո տվել են դատահոգեբանական փորձաքննություն, որտեղ փորձագետները նշել էին, որ ոչ մի հարցի չեն կարող պատասխանել, քանի որ Սասունը շփման մեջ չի մտնում»,- նշեց փաստաբանը։ Դատական նիստը հետաձգվեց մեկ օրով, նաեւ այն պատճառաբանությամբ, թե Սամվել Բաբայանի պաշտպան, փաստաբան Ժուդեքս Շաքարյանը չի ծանոթացել եզրակացության «արդյունքներին», ինչին Ժ. Շաքարյանն առարկել էր, որ ինքը կարիք չունի, ինչին հետեւել էր հանրաճանաչ դատավոր Սուրեն Ալեքսանյանի ռեպլիկը. «Ամբաստանյալի իրավունքները մի խախտեք»։ Ստեփանակերտի մեր աղբյուրներից մեկը հայտնեց, որ դատական նիստը սկսվել է ճիշտ ժամին՝ ժամը 10։05-ին։ Ներկայացվել են վերջին դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքները։ Դատահոգեբանները (մասնավորապես մանկավարժական ինստիտուտից՝ Արզումանյանը, որը հրաժարվել էր մասնակցել եզրակացությանը, այնուհետեւ ռեկտորի գրությամբ կամ՝ թողտվությամբ մասնակցել էր փորձաքննությանը), առանձին գրությամբ նշել էին, որ «չենք կարող դատահոգեբանական եզրակացություն տալ, քանի որ բացակայում է շփումն արտաքին աշխարհի հետ»։ Նշենք, որ ըստ դատահոգեբույժի, Սասունն առողջ է եւ կարող է մասնակցել դատական նիստին երկշաբաթյա ստացիոնար բուժման, վերականգնողական կուրս ընդունելուց հետո։ Ըստ փաստաբան, Է. Փարամազյանի պաշտպան Էդուարդ Չինարյանի՝ «դատարանի առաջադրված հարցերին պատասխանվել էին կիսատ-պռատ, որոշ հարցեր՝ անորոշ պատասխանով, որոշ հարցեր ընդհանրապես անտեսվել են»։ Երեք փաստաբանները՝ Է. Չինարյանը, Գ. Սաֆարյանը, Ա. Հակոբյանը նպատակ ունեն լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ հանդես գալ։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել