Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 16,2000 00:00

«ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՆԵ՛Ր, ԱՂՔԱՏՆԵ՛Ր» Մի գիտնական երեկ այսպես դիմեց ԳԱԱ-ի դիմացի փոքրիկ հրապարակում հավաքված իր մոտ 300 գործընկերներին, որոնք 5 ամիս աշխատավարձ չստանալու համար բողոքի ցույցի էին ելել։ Ու թեեւ ցույցի կազմակերպիչները նախօրոք զգուշացրել էին, որ քաղաքական ելույթներ չունենան, պետությունից հիասթափված ու հուսահատված գիտնականների մեղադրանքներից բոլորին էլ բաժին հասավ։ «Մեզ այն օրն են գցել, որ սոված ենք մնում։ Տեսե՛ք, բոլորը սոված են։ Շատերը տանը սոված նստած են եւ նույնիսկ փող չունեին, որ գային այս ցույցին։ Բողոքողներն ավելի շատ են, միայն այսքանն են կարողացել գալ։ Չի ամաչո՞ւմ մեր երկրի ղեկավարությունը»,- գիտնականների ոչ արժանապատիվ այս վիճակը ներկայացնող պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանին ոմանք փորձեցին սաստել, որ ղեկավարության հասցեին հանկարծ կոպիտ խոսքեր չասի։ Գիտնականներն ու ցույցը կազմակերպած ԳԱԱ-ի արհմիությունների միացյալ կոմիտեն ուզում էին արժանապատիվ ցույց անել, կիրթ ու հանգիստ ներկայացնել իրենց պահանջները պետությանը, որն իրենց հանդեպ ճիշտ հակառակ վերաբերմունքն ունի։ Բայց, ըստ գիտնականների՝ «դանակը ոսկորին է հասել», եւ նրանք ստիպված են ասել այնպիսի բաներ, որ «իրենց սազական չէ»։ Պետության ղեկավարների հասցեին հնչած մեղադրանքները հավաքվածները համաձայնության բուռն ծափերով ընդունեցին։ Ալեքսանդր Գեւորգյանը մեր երկրի ղեկավարների վարած քաղաքականությունը համեմատեց Թուրքիայի հայակործան քաղաքականության հետ։ Պետության ղեկավարների շնորհիվ՝ «մեր գիտական հիմնարկները մեռած են, մեջները շունչ չկա»։ Պրն Ալեքսանյանը կոչ արեց՝ «կամ մարդավարի ղեկավարեք, կամ մարդավարի հեռացեք»։ Շատ ավելի ուշ, դժգոհ ցույցի կազմակերպիչների ոչ այնքան խիստ պահանջներից, սպառնաց. «Եթե մեր աշխատավարձերը չտան, մենք ավելի՛ ազդու միջոցների կդիմենք»։ Այդ միջոցները չբացահայտեց, բայց գիտնականներին կոչ արեց, որ հաջորդ անգամ ավելի շատ գան։ Քաղաքական ելույթներից զերծ մնալու զգուշացումներին ի պատասխան, մի տարեց գիտնական էլ մեղադրեց, որ «քաղաքականությունից Ակադեմիան հեռու մնաց, որ հիմարները եկան իշխանության»։ Ըստ նրա՝ ՀՀ նախագահը Նոյի ու Տիգրան Մեծի արձանները կանգնեցրել է իր նստավայրում, «բայց ինքը նրանց արածի նշանակությունը չի հասկանում»։ Նրանք արարում էին հանուն ազգի, իսկ Քոչարյանը կործանում է։ Գիտությունների դոկտոր Սոնյա Մովսիսյանը մեղադրյալների շրջանակը փոխեց. «Այսօր մեր կողքին չէ մեր Ակադեմիան։ Մենք չենք հավատում մեր Ակադեմիային, մեր նախագահին եւ ակադեմիկոսներին։ Եթե նրանք իրենց ստացած բարձր աշխատավարձերով կիսվեին մեզ հետ, մեր վիճակն ավելի լավ կլիներ»։ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը այդպես էլ չմիացավ ցուցարարներին՝ թեպետ ԳԱԱ-ի արհմիությունների միացյալ կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանի հավաստմամբ՝ Ֆադեյ Տաճատիչը համաձայն էր ցույցի գաղափարին, «համաձայն չլիներ, չէինք անի»։ ԳԱԱ-ի անունից հանդես եկավ ԳԱԱ գիտքարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը, որը վստահեցրեց, թե ԳԱԱ-ի նախագահությունը ցուցարարների հետ է եւ պաշտպանում է աշխատավարձ ստանալու նրանց պահանջը։ Սրան զուգահեռ, սուր հարցադրումները մեղմելու ակնհայտ ցանկությամբ, կրկնում էր. «Մեր հավաքը քաղաքական բնույթ չի կրում»։ Գուցե հիշե՞լ էր, որ այս վիճակի համար իր որդին՝ նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանն էլ պակաս մեղավոր չէ: Հավաքը մեկ ժամ էլ չտեւեց։ Գիտնականները հերթով բարձրանում էին ԳԱԱ-ի՝ բեմ ծառայող աստիճաններին, վերցնում բարձրախոսն ու ասում հոգում կուտակվածը։ Բովանդակությունը գրեթե նույնն էր. պետությունը չի մտածում գիտության մասին, գիտական կյանքը մեռած է, գրեթե չի ֆինանսավորվում, հավաքարարը ավելի շատ է վարձատրվում, քան գիտնականը, ուզում են վերացնել ազգի սերուցքը հանդիսացող գիտնականներին եւ այլն։ ԳԱԱ-ի պատերին փակցված ցուցապաստառներն ասում էին. «Գիտնականին՝ մի կտոր հաց», «Մենք մեծապատիվ մուրացկաններ չենք, մենք գիտնականներ ենք»։ Իսկ արհմիությունների միացյալ կոմիտեի փոխնախագահ Մերի Չալտիկյանը չէր հասկանում, թե այդ ինչպես է, որ ֆինանսների ու էկոնոմիկայի եւ այլ նախարարությունների աշխատողների լավ (՞) աշխատանքը խրախուսելու համար բյուջեում հատուկ ֆոնդեր են առանձնացնում, իսկ գիտնականներին աշխատավարձ չեն կարողանում տալ։ Ցույցի կազմակերպիչները պահանջեցին ղեկավար այրերից մինչեւ դեկտեմբերի 22-ը վճարել իրենց 5 (շեշտեցին, ոչ թե՝ մեկ-երկու) ամսվա աշխատավարձը, այլապես համաակադեմիական ժողով կանեն, դա էլ չօգնի, կպահանջեն, որ իրենց համար «սպոնսոր» գտնեն։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել